Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը մերժեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի (լիազորությունները կասեցված են) պաշտպանների միջնորդությունը եւ ինքնաբացարկ չհայտնեց։
Նշենք, որ Դավիթ Արղամանյանի նախագահությամբ քննվում է Բորիս Բախշիյանին (լուսանկարում) կալանավորելու հարցը։ Երեկ՝ փետրվարի 3-ին կայացած նիստում Բախշիյանի պաշտպանները հնչեցրեցին դատական գործերը ձեռքով դատավորներին մակագրելու փաստը եւ մասնավորապես, արդյոք գործը դատավոր Արղամանյանին ձեռքով մակագրելու պարագայում պահպանվե՞լ է օրենքով սահմանված կարգը։ Պաշտպանական կողմը հարցումներ է ուղարկել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին եւ ստացված պատասխանից ակնհայտ է, որ դատարանի նախագահը չի պահպանել գործերի մակագրման պատահականության սկզբունքը, ինչը նշանակում է, որ դատարանը համարվում է օրենքի հիման վրա չստեղծված։
Բորիս Բախշիյանի փաստաբանները երկրորդ ինքնաբացարկն են ներկայացրել դատավոր Դավիթ Արմաղանյանին՝ հիմնավորելով վերջինիս մասին լրատվամիջոցներում արված հրապարակումներով, ինչպես նաեւ Արղամանյանի քաղաքական հայացքներով։ «Բազմաթիվ ԶԼՄ-ների հրապարակումներ ենք ներկայացրել, որոնցում շատ ուղիղ կասկածներ կան, որ Բորիս Բախշիյանին պատժում են իշխանությունները նրա համար, որ կալանքից ազատ է արձակել Քաջարանի համայնքապետին, Գորիսի փոխհամայնքապետին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Այս անձինք ներկայանում են որպես ընդդիմադիր հայացքներ ունեցողներ։ Բացի այդ՝ Դավիթ Արղամանյանը հանդիսացել է «Իմ քայլի» խորհրդատուն, եղել է Սուրեն Պապիկյանի օգնականը, ունի իշխանությունների հետ մտերիմ հարաբերություններ, մշտապես հայտարարություններ է արել «ֆեյսբուքում», ցույց տալով իր քաղաքական հայացքները»,-ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում։ Երկրորդ ինքնաբացարկի միջնորդության որոշումը դատարանը կհրապարակի ժամը 14-ին, իսկ խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի ժամը 16.00-ին։
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեեւ ըստ պաշտպանական կողմի՝ ամբաստանյալն ինքն էր դրսեւորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետեւանք։
Կարդացեք նաև
Ի դեպ, նշենք, որ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 4-ին քննվելու է դատախազության բողոքը՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոցը փոխելու հարցը։ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր 70 մլն դրամի դիմաց։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ