Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 2-ին Մասիսի համայնքապետարանից ոստիկանության Մասիսի բաժին են ստացվել 81 գրություններ: Համաձայն դրանց, կատարված գույքագրման ժամանակ պարզվել է, որ Ազատաշեն համայնքի նախկին ղեկավարն առանց ավագանու համապատասխան որոշման, «Երևան ջուր» ՓԲԸ-ի հետ կնքել է մեծածախ սակագնով ջրամատակարարման պայմանագիր:
Ըստ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի զեկուցագրի՝ մատակարարված ջուրը սպառել են համայնքի բնակիչները, իսկ վարձավճարները հավաքագրվել են Եսայի Լ․–ի կողմից: Մեզ հասած տեղեկություններով, վերջինս համայնքապետարանի աշխատակից չէ, նրա հետ համապատասխան պայմանագիր կնքված չի եղել:
Զեկուցագրի համաձայն՝ պայմանագրեր կնքված չեն եղել նաեւ բնակիչների հետ:
Ջրի դիմաց հավաքագրված գումարները համայնքի բյուջե չեն մուտքագրվել, սպառած ջրի դիմաց վճարումները կատարվել են խիստ թերի, ինչի հետեւանքով «Վիոլա Ջուր» ՓԲԸ-ին համայնքապետարանի պարտքը կազմել է 12.755.438 դրամ: Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ