2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ՀՀ արտգործնախարարության՝ սահմանակից երկրների վարչության այժմ նախկին պետ Արսեն Ավագյանի նախագահությամբ դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացին միտված պարբերական քննարկումներ են կազմակերպվել` մասնագետների մասնակցությամբ: Այդ քննարկումներին մասնակցել է նաեւ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Սակայն անցած տարվա հոկտեմբերից, երբ Արսեն Ավագյանը նշանակվեց Իրանում ՀՀ դեսպան, Մելքոնյանի խոսքով, այլեւս քննարկումներ չեն հրավիրվում։
– Իսկ ի՞նչ նյութեր եք տրամադրել, օրինակ, դրանց մեջ կա՞ այնպիսի քարտեզ, որով Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատված գտնվել է Ադրբեջանի կազմում:
– Մենք տրամադրել ենք 20-ականների քարտեզներ եւ հետագայի վերաբերյալ քարտեզներ։ Օրինակ, ես նույնիսկ գենշտաբի քարտեզներ եմ ունեցել` Սովետական Միության, որը եւս փոխանցել եմ իրենց։
Կարդացեք նաև
– Քարտեզներ տրամադրելուց բացի, բովանդակային հարցեր է՞լ եք քննարկել։
– Բնականաբար, քննարկել ենք․ երբ են անկլավներն առաջացել, մինչեւ 26 թվականն ինչ վիճակ է եղել` 1920 թվականի դեկտեմբերի 2-ից։ Անշուշտ, այդ բոլոր նյութերում մանրամասն այս բոլորի մասին խոսվում է։
– Ի վերջո, կարո՞ղ եք ասել, Գորիս-Կապան ճանապարհի` ադրբեջանցիների վերահսկողության տակ հայտնված հատվածը որեւէ քարտեզով հայկական չի՞ եղել, եղել է ադրբեջանակա՞ն, ինչի մասին հայտարարում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը։
– Ախր էնպես կատեգորիկ հարց եք տալիս` ադրբեջանական ընդհանրապես չի էլ եղել ոչ մի բան, ադրբեջանական ասվածը մի արհեստական գաղափար է, ես ո՞նց պատասխանեմ այդ հարցին, ո՞նց ասեմ՝ ադրբեջանական է եղել։
– Մեր պաշտոնյաները բա ո՞նց են վստահ պնդում, թե Հայաստանի որեւէ քարտեզով նշված ճանապարհը հայկական չի եղել։
– Ուրեմն թող վերցնեն Ռուբեն Գալչյանի հրապարակած քարտեզները եւ կտեսնեն, որ այդ տարածքները եղել են Խորհրդային Հայաստանի կազմում, հետո՝ 26-ից հետո, անցել են Խորհրդային Ադրբեջանին, այդ թվում՝ լճերի հատվածը, որ առաջ Վարդենիսի շրջանի մեջ էր մտնում, իսկ հիմա՝ Քարվաճառի շրջանի։ 20-ականներին Խորհրդային Հայաստանը բավականին խեղճ վիճակում էր, Անդրկովկասի դաշնության մեջ Ադրբեջանի եւ Վրաստանի խոսքն էր անցնում, դնում էին Կենտգործկոմի նիստին եւ հարցը քննարկում ի վնաս Հայաստանի։ Մենք ունենք նաեւ փաստաթղթեր, որտեղ Հայաստանը բողոք է ներկայացնում, թե ինչու եք առանց մեզ հարցնելու հարցերը, օրինակ՝ լճերի հարցը, լուծել հօգուտ Ադրբեջանի, վերեւից պատասխան էին ստանում՝ «խնդիրը քննարկվել է եւ այլեւս վերաքննարկման ենթակա չէ»։
– Հայկական կողմի շահերից ո՞ր թվականի քարտեզն է բխում, ձեզնից խորհուրդ հարցրե՞լ են։
– Բնականաբար, մենք ասել ենք՝ մինչեւ 1926 թվականի քարտեզները։ Ադրբեջանի համար, իհարկե, ձեռնտու են ամենավերջին քարտեզները, որովհետեւ իրադրությունը հօգուտ իրենց է փոխվել։ Կարծում եմ՝ այս պատճառով էլ պրոցեսը բավական երկար կտեւի։ Եթե հայկական կողմն անմիջապես համաձայնի, որ 70-ականների քարտեզներն իր համար դելիմիտացիայի հիմք են, նշանակում է սահմանների հարցում, բնականաբար, կտուժենք։ Կտուժենք անկլավների հարցում, Ձեր ասած՝ Շուռնուխի ճանապարհի, Վարդենիսի լճերի: Ինչ վերաբերում է Սեւ լճին, դրա 75 տոկոսը Խորհրդային Միության տարիներին եղել է Հայաստանի տարածքում, 1/4-ի չափով` իբր նրանց անասունները ջրելու պատրվակով տվել են Ադրբեջանին, բայց հիմա, ինչպես գիտեք, մեծ մասն Ադրբեջանի վերահսկողության տակ է։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: