Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կիրառում է մեկի աշխատանքը նսեմացնելու հաշվին մյուսինը արժեւորելու մանիպուլյատիվ հնարք՝ միաժամանակ արժեւորելով ՊՈ-ի ստեղծման մեջ սեփական դերակատարությունը․ «Հայացք Երեւանից»

Փետրվար 04,2022 10:51

Երթեւեկության կանոնների հետ կապ չունեցող վարչական իրավախախտում կատարելու համար նախկինում ոչ մի արձանագրություն չի կազմվել, իսկ ՊՈ-ի կողմից կազմվել է 189 արձանագրություն։ Ճանապարհային ոստիկանությունը նախկինում երբեք հետախուզման մեջ գտնվող մարդ չի հայտնաբերել, իսկ ՊՈ-ի կողմից հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 51 անձ եւ այլն։ Փաստերը բազմաթիվ են, իսկ եզրակացությունը՝ մեկը. Փաշինյանը կիրառում է մեկի աշխատանքը նսեմացնելու հաշվին մյուսինը արժեւորելու մանիպուլյատիվ հնարք՝ միաժամանակ արժեւորելով ՊՈ-ի ստեղծման մեջ սեփական դերակատարությունը, թե տեսեք-տեսեք՝ ինչպիսի իմաստուն որոշում եմ կայացրել: Առհասարակ՝ կյանքում լավ գործ չարած մարդիկ սիրում են այդպիսին հորինել: Հենց նման երեւույթի հետ գործ ունենք իրականում:

Ոչ մի քննադատության չեն դիմանում հատկապես բերված համեմատությունները: Նախ՝ Ճանապարհային ոստիկանությունը մարդկանց բերման ենթարկելու կամ հետախուզման մեջ գտնվողին հայտնաբերելու գործառույթ չունի: Նրա խնդիրը, որն օրենսդրորեն ամրագրված է, ճանապարհային երթեւեկության կանոնակարգման եւ դրա անվտանգության ապահովումն է՝ ոլորտին տիրապետող մասնագետը կարող է հաստատել:

Երկրորդ՝ պետք չէ ուրախանալ կազմված արձանագրությունների մեծ քանակով: Դրանց հետեւում մարդկային ճակատագրեր են: Այն ո՞վ էր, որ անդադար սիրում էր կրկնել, թե ՀՀ քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ: Բա ի՞նչ պատահեց, որ մեկ-երկու տարի անց երբեմնի «հպարտ» քաղաքացին դարձավ տուգանքի «մատերիալ»: Նիստում, բնականաբար, այս կարգի հարցադրումներ չտրվեցին: Փոխարենը գտնվեցին Կառավարության անդամներ՝ նրանց անունները մեծահոգաբար չհնչեցնենք, որոնք չկարողացան դիմակայել գործադիրի ղեկավարին քծնելու գայթակղությանը՝ ընդգծելով, որ նախկինում ոստիկանությունը չէր վայելում հանրության վստահությունը, իսկ այժմ, իբր, վարչապետի «տիտանական ջանքերի շնորհիվ» իրավիճակը շտկվել է՝ «ժողովուրդը վստահում է իր ոստիկանին»:

«Ես ուզում եմ եւս մի այսպիսի աշխատանքային գաղտնիք բացահայտել…»,- ներկաների հետաքրքրությունը մի լավ «բորբոքելուց» հետո Փաշինյանը բացում է «գաղտնիքը». Պարեկային ոստիկանության գործունեության կես տարվա ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչը, ըստ նրա, աննախադեպ է Երրորդ հանրապետության ողջ պատմության մեջ: Խոսքն այն մասին է, որ երթեւեկության կանոնները խախտելու համար ոստիկանապետի որդու մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք եւ բաց է թողնվել միայն համապատասխան տուգանքը վճարելուց հետո։ Կառավարության ղեկավարը տեղի ունեցածը համարում է «շատ հիշարժան փաստ»:

Բայց նրա ոգեւորությունը անհիմն դուրս եկավ: «Սովորության համաձայն՝ Փաշինյանը ստում է, թե ՀՀ ողջ պատմության ընթացքում ոչ մի դեպք չի եղել, որ բարձր պաշտոնյաները տուգանվեն։ Նախկինում էլ պաշտոնյաները բազմիցս տուգանվել են խախտումների համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը եւ մեկ օրինակ բերում 2015-ին իր հետ պատահած դեպքից, երբ մի մեքենա հետընթացով հարվածել էր իր մեքենայի դիմացի հատվածին՝ պատճառելով մոտ 300 հազար դրամի վնաս։

«Պարզվեց, որ մեքենան պատկանում է Կապի եւ տրանսպորտի այն ժամանակվա նախարար Գագիկ Բեգլարյանին»,- պարզաբանում է Հոխիկյանը՝ շարունակելով իր պատմությունը: Նրա խոսքով՝ ԱՊՊԱ-ն չէր կարող ապացուցված համարել՝ իրե՞ն են հետընթացով հարվածել, թե՞ ինքն է հետեւից հարվածել, ինչից էլ օգտվում էր հակառակ կողմը։ Եվ ՃՈ-ում մոտ 3 ամիս իրականացված փորձաքննությունը, ըստ Հոխիկյանի, ավարտվեց իր օգտին կայացված որոշումով։ «Սիլ ինշուրանսը» նրան փոխհատուցեց 290 հազար դրամ, իսկ ոստիկանությունը բարձրաստիճան պետական պաշտոնյային՝ հանրահայտ «Չյոռնի Գագոյին» տուգանեց 120 հազար դրամով։

Կա ուշագրավ եւս մեկ ասպեկտ, որին անդրադարձ է եղել գործադիրի հունվարի 20 նիստում: Խոսքը ՊՈ-ի կադրային զինանոցի համալրման եւ, ընդհանրապես, ոլորտում վարվող կադրային քաղաքականության մասին է: Փաշինյանը հպարտանում է, որ ոստիկանության այս նոր ճյուղում աշխատողների 60 տոկոսը նախկինում ոստիկանության հետ ոչ մի առնչություն չի ունեցել: «Մարդիկ քաղաքացիական կյանքից որոշել են գալ ոստիկանություն, եւ այդ գործընթացը շարունակվում է: Կա ուսուցիչ, մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել եւ հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան»,- նշել է նա՝ հավելելով, որ այդ ծառայությունը հիմնականում համալրվում է ոչ նախկին ոստիկաններով: Կառավարության ղեկավարը գտնում է, որ անձնակազմում առնվազն կիսով չափ պետք է լինեն քաղաքացիական անձինք: Թե որն է դրա առավելությունը՝ նա անհոդաբաշխ մի բացատրություն է տալիս, թե այդ դեպքում՝ «ոստիկանության փորձը եւ ոստիկանության հետ շփման փորձը կմիանան, եւ կստանանք քաղաքացիական ոստիկան»: Կարծում եմ՝ դրանից ավելի շուտ կստացվի գիտությանը տակավին անհայտ ինչ-որ սիմբիոզ, քան քաղաքացիական ոստիկան:

Կատակը՝ կատակ, բայց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես բազմիցս ապացուցվել է, թերագնահատում է ցանկացած ոլորտի հաջողության մեջ կադրային գործոնի դերը կամ նրա պատկերացումն այդ առումով մակերեսային է: Ոստիկանի ծառայությունը չափազանց պատասխանատու է, որպեսզի «քաղաքացիական կյանքից» ամեն եկողի առջեւ բացես դռները: Մասնագիտական բարձր պատրաստությունից զատ՝ 21-րդ դարի ոստիկանը պետք է օժտված լինի բարոյահոգեբանական առողջ դատողությամբ եւ ունենա քաղաքացիների հետ ճիշտ հաղորդակցվելու ունակություն: Իսկ այն, որ ողջ կյանքն ուսուցիչ աշխատած անձը որոշել է դառնալ ոստիկան՝ ամենեւին էլ լավ կյանքից չէ: Պետությունը պետք է հարգի ուսուցչի աշխատանքը, նրան կարգին վճարի, որպեսզի վերջինս փոխանակ սիրած գործով զբաղվելու, չփնտրի իր նախասիրություններին անհարիր, սակայն բարձր վարձատրվող պատահական աշխատանք:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Հայացք Երեւանից» պարբերականում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28