Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բենիամին Պողոսյան․ «Անիմաստ են այն հայտարարությունները, որ ՀՀ զինված ուժերը պետք է բարեփոխվեն, սակայն նրանք չեն ունենալու հարձակողական ներուժ»․ «Անալիտիկոն»

Փետրվար 04,2022 10:35

Կարևոր հետևությունը, որ անհրաժեշտ է կատարել ՀՀ զինված ուժերի արդիականացման հարցի քննարկման ժամանակ, այն ճշմարտության ըմբռնումն է, որ ժամանակակից ռազմարվեստում հարձակողական և պաշտպանողական գործողությունների միջև առկա անջրպետը փաստացի վերացել է: Ցանկացած հաջող պաշտպանողական գործողություն անպայմանորեն ենթադրում է նաև հարձակողական օպերացիաների իրականացում: Այս առումով պետք է շեշտել նաև այն հանգամանքը, որ շատ հաճախ բացառապես պաշտպանական նպատակներով պետությունները հարկադրված են իրականացնել կանխարգելիչ գործողություններ հակառակորդի տարածքում: Այս համատեքստում ուղղակի անիմաստ են այն հայտարարությունները, որ ՀՀ զինված ուժերը պետք է բարեփոխվեն, սակայն նրանք չեն ունենալու հարձակողական ներուժ, և օգտագործվելու են բացառապես պաշտպանական նպատակներով:  Նման հարցադրումները նշանակում են ի սկզբանե ընդունել, որ ՀՀ զինված ուժերը շարունակելու են էականորեն հետ մնալ ժամանակակից ռազմարվեստի պահանջներից և,  ըստ էության, մնալու են 20-րդ դարում, բացարձակապես ի վիճակի չլինելով ապահովելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը:

Տեխնոլոգիաների սրընթաց զարգացման պայմաններում արդիական զինված ուժեր ունենալու հիմնական նախապայմաններից մեկը զինված ուժերի տեխնոլոգիական հագեցումն է: Սկսած առնվազն 20-րդ դարի վերջին տասնամյակից՝ ռազմական գործողությունների ընթացքն ու ավարտը որոշվում է ոչ այնքան զինվորների բարոյահոգեբանական հատկանիշներով, թեև դրանք շարունակում են պահպանել իրենց նշանակությունը, որքան զորքերի տեխնիկական հագեցվածությամբ: Այս առումով անհրաժեշտ է հնարավորինս ճիշտ հաշվարկել այս ոլորտում ՀՀ ունեցած ներուժը և հստակ սահմանել այն տեխնոլոգիաներն ու զինատեսակները, որոնք կարող են արտադրվել Հայաստանում և որոնք անհրաժեշտ է ներմուծել: Վերջին տասը տարիների ընթացքում բազմիցս հայտարարվել է ՀՀ-ում մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրության հնարավորության մասին, տարբեր ցուցահանդեսներում և ռազմական շքերթներում ներկայացվել են դրանց նմուշները, սակայն 2020 թ. պատերազմը ցույց տվեց, որ այս հարցում ՀՀ-ն էականորեն հետ է մնում ոչ միայն ԱՄՆ-ից կամ Իսրայելից, այլև Թուրքիայից և Իրանից:

Կարևոր խնդիր է նաև պարտադիր զինծառայության հարցը: Շատ է քննարկվում ապագայում միայն արհեստավարժ բանակ ունենալու նպատակահարմարության և հնարավորության մասին: Սակայն դրանք հիմնականում իրականությունից կտրված խոսակցություններ են: Նույնիսկ այնպիսի պետություն, ինչպիսին Լիտվան է, որը ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո վերացրել էր պարտադիր զինվորական ծառայությունը՝ հենվելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ այլ պետությունների անվտանգային երաշխիքների վրա, 2014 թ. ուկրաինական ճգնաժամից հետո վերականգնել է պարտադիր զինվորական ծառայությունը որպես սեփական անվտանգության ապահովման անհրաժեշտ տարր: Այլ հարց է, որ ժամանակակից մոտեցումների կիրառմամբ հնարավոր է կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը և ավելի քիչ ժամանակահատվածում պատրաստել մարտական առաջադրանքներ կատարելու ունակ զինվորներ: Պարտադիր զինծառայությունը նաև մարտունակ պահեստազոր ունենալու լավագույն տարբերակն է, ինչը ևս անհրաժեշտություն է անկայունությամբ աչքի ընկնող մեր տարածաշրջանում:

ՀՀ զինված ուժերը կանգնած են համակարգային բարեփոխումների և արդիականացման հրամայականի առջև: Սակայն Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրի, միջնաժամկետ հեռանկարում սպասվող զարգացումների և ռազմարվեստում տեղի ունեցող ինտենսիվ փոփոխությունների ոչ ճիշտ գնահատումն այս գործընթացը կտանի սխալ ուղղությամբ՝ Հայաստանն ու Արցախը ենթարկելով նոր փորձությունների:

Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ

Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար

Հոդվածն ամբողջությամբ՝ «Անալիտիկոն» հանդեսում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28