Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Փարաքար համայնքի ավագանու առաջին նիստում արձանագրված խախտումների հանգամանքներով։
2020թ. դեկտեմբերի 20-ին Փարաքար համայնքի առաջին նիստը վարողը` հղում կատարելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասին («ավագանու խմբակցությունը համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի եւ քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է ավագանու առաջիկա նիստում») չի գրանցել Փարաքար համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Դավիթ Մինասյան» խմբակցությունների թեկնածուներին։ Արդյունքում վերջիններս զրկվել են ընտրությանը մասնակցելու եւ համայնքի ղեկավար ընտրելու հնարավորությունից։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ