Այսօր վաղ առավոտից ցույցի էին դուրս եկել Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի բնակիչները: Բնակիչները պահանջում են, որ Երեւանից ընդամենը 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող համայնքում քաղաքային տրանսպորտ աշխատի: Նախկինում 44 համարի երթուղայինը սպասարկում էր նաեւ Մարմարաշենը՝ ապահովելով գյուղի ուսանողների եւ մայրաքաղաքում աշխատողների ազատ տեղաշարժը: 44 համարի երթուղային գծի շահագործման արտոնագիրը լրացել է, մարմարաշենցիները պահանջում են իրենց ապահովել մայրաքաղաքի հետ կապող որեւէ տրանսպորտով: Արդեն երկու ամիս է՝ գյուղից մայրաքաղաք կապը կտրված է, մարզպետարանում խոստանում են լուծել հարցը, բայց լուծում դեռ չի գտնվում:
«Այս գիծը հիմա սպասարկում է Երեւան-Արտաշատը, որը շատ հաճախ այստեղ չի կանգնում, կամ եթե կանգնում է՝ նստել հնարավոր չի լինում, անգամ կանգնելու տեղ չի լինում: Նաեւ՝ Երեւան-Արտաշատ ավտոբուսի գինը 300 դրամ է. Արտաշատից Երեւան եկողն է՞լ 300 դրամ տա, մենք է՞լ, որ գյուղից առաջին մաս՝ 12 կիլոմետր է»,- մեզ հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը:
Մարմարաշենցիները սպառնում էին փակել Արարատ Երեւան ավտոմայրուղին:
Ցուցարարների հետ բանակցություններ էին վարում մարզպետարանի ներկայացուցիչները՝ մարզպետի առաջին տեղակալի գլխավորությամբ, համոզելով չփակել գլխավոր ավտոմայրուղին: Արդյունքում, պայմանավորվածություն ձեռք բերվեց. մարմարաշենցիների երեք հոգանոց պատվիրակության, մարզպետարանի ներկայացուցիչների հետ, հարցն այսօր քննարկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում: Հանդիպումը նշանակված է ժամը 12.00-ին:
Կարդացեք նաև
Ի դեպ, տեղում ոստիկանական մեծաքանակ ուժեր էին կենտրոնացվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ