Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար սպառնում են հրապարակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկները՝ ցույց տալու համար, թե ով է Արցախը հանձնել, ով՝ ոչ:
Հիշեցնեմ, որ մինչ այդ եղած առաջարկները՝ փաթեթային, փուլային, «ընդհանուր պետություն», «մադրիդյան սկզբունքներ», արդեն իսկ, ըստ էության, գաղտնազերծված են եւ հրապարակվել են «Անի» հետազոտական կենտրոնի կողմից: Հետեւաբար, այսօր դա առանձնապես մի մեծ գաղտնիք չէ, եւ մնացած առաջարկները նույնպես կարելի է հրապարակել՝ իրար սպառնալու փոխարեն:
Սակայն կան որոշակի անուղղակի նշաններ, որոնք թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել, թե ինչպիսին էր Փաշինյանի դիրքորոշումը պատերազմից առաջ:
Այդ առիթով թույլ տվեք հիշեցնել BBC-ի Hard talk հաղորդաշարին վարչապետի տված հարցազրույցը, որը youtube-ում է դրվել 2020 թվականի օգոստոսի 14-ին՝ պատերազմից մոտ մեկուկես ամիս առաջ: (Հավանաբար, եթեր է գնացել դրանից մի քանի օր շուտ):
Կարդացեք նաև
Առավել հետաքրքիր է հարցազրույցի այն հատվածը, որտեղ Փաշինյանը բացատրում է թե ինչու է ասում, թե «Արցախը Հայաստան է, եւ վերջ»: «Նախ եւ առաջ Լեռնային Ղարաբաղը. – բացատրում է վարչապետը, – մի քանի հազարամյակ բնակեցված է տեղացի հայերով, եւ, ի դեպ, «Արցախ» անունը մի քանի հազար տարվա պատմություն ունի…»: Այստեղ հաղորդումը վարողը՝ Սթիվեն Սաքուրը, ընդհատում է Փաշինյանին՝ ասելով. «Մենք չենք կարող խորանալ ձեր պատմության հազարամյակների մեջ, մենք կարող ենք անդրադառնալ այսօրվա իրողություններին»: Եվ հիշատակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որն, ըստ նրա, միանշանակ պահանջում է հայկական զորքերի դուրսբերումը Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքից: Դրան ի պատասխան Հայաստանի վարչապետն ասում է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթուղթը չի հիշատակում Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը: Այնտեղ նշված է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանության ուժերի մասին» (այդ երկխոսությունը կարող եք դիտել մոտավորապես 6-րդ րոպեից):
Հարցազրույցից կարելի է անել երկու հետեւություն:
Ա/ 2020 թվականի ամռանը Հայաստանի վարչապետն Արցախը համարում էր հայկական հող (որտեղ հազարամյակներ շարունակ հայեր են ապրել):
Բ/ Նա չէր կարծում, որ ՄԱԿ-ի հայտնի բանաձեւերը, որոնք, ի դեպ, 26 տարի շարունակ հիշատակում էր ադրբեջանական կողմը՝ որպես «օկուպացիան» դադարեցնելու փաստարկ, խոչընդոտ են Արցախի՝ Ադրբեջանից դուրս լինելու համար:
Պատերազմից հետո նրա տեսակետն, ըստ ամենայնի, փոխվել է: Համեմատեք հարցազրույցում արտահայտած միտքը Փաշինյանի 2021 թվականի դեկտեմբերի 26-ի ֆեյսբուքյան գրառման հետ, որտեղ, մասնավորապես, գրված է. «Ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն բոլոր որոշումները կայացնելու էր նախկինում ԼՂ հարցով իր իսկ ընդունած բանաձեւերի տրամաբանությամբ, որտեղ ԼՂ-ն ճանաչել էր Ադրբեջանի մաս»:
Փաշինյանի՝ 2020-ի ամռանը հայտնած դիրքորոշումն անուղղակիորեն վկայում է նաեւ այն մասին, որ այն պահին նա չէր համարում, որ ամեն ինչ կորած է, եւ «նախկինները»՝ Տեր-Պետրոսյանից սկսած, արդեն իսկ Արցախը հանձնել- վերջացրել էին:
Բայց հայտարարությունները, ճառերը, հարցազրույցները դիվանագիտական փաստաթղթեր չեն: Մինչեւ որ հայտնի չդառնան կարգավորման բոլոր նախագծերը, որոնք գոյություն ունեին մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որեւէ գործընթացի որեւէ օբյեկտիվ գնահատական հնարավոր չի լինի տալ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ