Հերոսի մահից հետո դատական կարգով ճանաչվեց նրա որդու նկատմամբ հայրության իրավունքը
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անմահացած տղաների մեծամասնությունը չհասցրեց հայրանալ ու ընտանիք կազմել, որոշ տղաներ պատերազմ մեկնեցին՝ վերջին անգամ գրկելով իրենց հղի կանանց: Շատ հերոսներ չհասցրին տեսնել իրենց զավակներին, որոնք լույս աշխարհ եկան, երբ իրենք արդեն երկնային կյանքով էին ապրում: Եղան նաեւ զույգեր, որ չհասցրին գրանցել իրենց ամուսնությունը ՔԿԱՎ մարմնում, եւ հիմա խնդրի առաջ են կանգնել:
Օրերս Ատովմյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերության տնօրեն, փաստաբան Մարատ Ատովմյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ 44-օրյա պատերազմում զոհված հերոսներից մեկը չէր հասցրել օրինական կարգով գրանցել իր ամուսնությունը եւ ճանաչել հայրությունը իր որդու նկատմամբ, եւ Առաջին ատյանի դատարանը, հիմնվելով իրենց կողմից ներկայացված ապացույցների վրա՝ բավարարել է հայրությունը ճանաչելու պահանջի մասին իրենց դիմումը:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Ատովմյանը փաստեց, որ քաղաքացիները հաճախ պատշաճ ուշադրություն չեն դարձնում իրավական կողմին, օրինակ՝ փաստացի ամուսնական հարաբերություններ են հաստատում առանց ՔԿԱՎ մարմնում գրանցելու, կամ ասենք՝ առանց կարդալու ինչ-որ փաստաթղթեր են ստորագրում, գործողություններ կատարում՝ առանց մտածելու դրանց իրավական հետեւանքների մասին, եւ երբ խնդիր է ծագում, նոր որոշում են դիմել փաստաբանին՝ իրավական առումով իրենց խնդիրներին լուծում տալու համար:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ քիչ չեն նաեւ այն դեպքերը, երբ քաղաքացիների փաստաթղթերում անվան, ազգանվան հետ կապված տառասխալ է լինում, ինչը ժամանակին չեն ուղղում, եւ հետագայում խնդիրների առաջ են կանգնում:
Անդրադառնալով պատերազմական գործողությունների ժամանակ զոհված հերոսներին, որոնք ժամանակին չեն ճանաչել իրենց երեխայի նկատմամբ հայրությունը կամ ամուսնությունը իրավաբանորեն չեն գրանցել, նշեց. «Որպեսզի այրին իրավաբանորեն ճանաչվի որպես այրի, եւ երեխաները ճանաչվեն որպես զոհված զինծառայողի զավակներ, այստեղ խնդիր է առաջանում դատական կարգով այդ փաստերը ճանաչելու»:
Ամենաթարմ օրինակը Լիլիթ Նաջարյանի որդու նկատմամբ Հայկ Միքայելյանի հայրության ճանաչումն էր: Ռեաբիլիտոլոգ Հայկ Միքայելյանը զոհվել է Արցախյան երկրորդ պատերազմում: Հետմահու Արցախի նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Արիության համար մեդալով, իսկ ՀՀ նախագահի հրամանագրով՝ Մարտական ծառայության մեդալով:
Մարատ Ատովմյանը հավելեց, որ իրենց գրասենյակ էլի են դիմել նման հարցերով, ու իրենք միշտ փորձել են այդ գործերով օգտակար լինել այն կանանց, որոնք որպես վստահորդ՝ դիմել են համանման խնդրով:
Այլ բնույթի գործերի մասին խոսելիս, Մարատ Ատովմյանը նշեց, որ մեծ թիվ են կազմում քաղաքացիական ծառայողներին ապօրինի կերպով աշխատանքից ազատելու, ինչպես նաեւ ամուսնալուծությունների, ալիմենտների հետ կապված գործերը դատարաններում:
Նա հորդորեց քաղաքացիներին ցանկացած խնդրի դեպքում ուշադրություն դարձնել իրավական կողմին, եւ ինչ-որ բան չիմանալու դեպքում խորհրդակցել իրավաբանի, փաստաբանի հետ: «Որովհետեւ հաճախ կանխելն ավելի հեշտ է, քան խնդրի հետեւանքները վերացնելը»,-ընդգծեց Ատովմյանը:
Նշենք, որ Ֆեյսբուքում գրառում էր կատարել նաեւ Մարատ Ատովմյանի վստահորդը՝ Լիլիթ Նաջարյանը: «Մարդ, որն իր գործի նվիրյալն է։ Անչափ շնորհակալ ենք ձեզ պրոֆեսիոնալ լինելու համար։ Այսօր իրագործեցիք ես մեկ երազանք՝ հերոս Հայկ Միքայելյանի հայրության ճանաչումը՝ Դանիել Նաջարյանի նկատմամբ։ Հայկոն իր կյանքը նվիրեց հայրենիքի եւ իր որդու խաղաղ ապագայի համար»,-գրել է նա։
Լիլիթ Նաջարյանը «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց նախապատմություն, թե ինչպես է որոշել դիմել փաստաբանին: Ասաց, որ Հայկը մեկնել է պատերազմ սեպտեմբերի 27-ին. «Սպասում էինք, որ կվերադառնա ընտանիք: Ինքը ցանկություններ ու պլաններ ուներ գծած երեխայի հետ կապված… Ի դեպ, ես ի սկզբանե չեմ էլ մտածել, որ հատուկ դիմեմ հայրությունը ճանաչելու համար, քանի որ շատ ծանր եմ տարել Հայկի զոհվելը, չեմ էլ հետաքրքրվել՝ արդյոք աջակցություն կա՞: Մտածում էի, որ ինքը կգա պատերազմից ու իր երեխայի հայրությունը կճանաչի: Բայց ամեն ինչ կիսատ մնաց…
Հետո մի պահ եկավ, որոշեցի դիմել փաստաբանի: Մտածեցի, որ մարդը, ով ծնունդ է տվել եւ իր կյանքն է տվել հանուն մեր խաղաղության, իր կյանքի գնով կյանք է տվել՝ երեխա է ունեցել, բայց չի կարողացել այդ երեխային տալ այն ամենը, ինչ պետք է տար, ուրեմն իմաստ ունի դիմելու, որ երեխան իր հորը ճանաչի իբրեւ հերոս: Կարծում եմ՝ երեխայի ծնունդն իր մեջ շատ մեծ առաքելություն է ամփոփում: Երեխան պետք է շարունակի իր հոր գործը, անընդհատ հիշատակի նրա անունը: Հայկը շատ բարի մարդ էր, իրեն պետք է անընդհատ հիշել: Հիմա ես փորձում եմ ինչ-որ ձեւով տվյալներ հավաքել իր մասին, թե ինչ է եղել պատերազմի ժամանակ ու հոլովակ նկարել»: Լիլիթը նաեւ նշեց, որ պատրաստվում է բարեգործական հիմնադրամ բացել Հայկի անունով, որով հետագայում կզբաղվի որդին, որը կօգնի այն երեխաներին, որոնց խաղաղ ժամանակ օգնում էր Հայկը:
Երախտագիտությամբ նշեց, որ Մարատ Ատովմյանը բացի փաստաբանական որակյալ ծառայություն մատուցելուց, մարդկային վերաբերմունք է ցուցաբերել: Նշեց, որ Ֆեյսբուքում գրել էր, թե ով կարող է լավ փաստաբանի խորհուրդ տալ, իրեն առաջարկել են դիմել Մարատ Ատովմյանին: Ասում է, երբ պատմել է իր պատմությունը, փաստաբանը հուզվել է եւ ասել, որ անպայման կօգնի ու այդպես էլ արել է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են Մարատ Ատովմյանը եւ Լիլիթ Նաջարյանը
«Առավոտ» օրաթերթ
03.02.2022