Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծաթիվ հայ համայնքի «Նոյան» փոքր ընտանիքը

Փետրվար 04,2022 12:30

Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքի համբավ ձեռք բերած Սանկտ Պետերբուրգը համաշխարհային նշանակության մշակութային կենտրոն է։ Այնտեղ գործում է ավելի քան 200 թանգարան, 70 թատրոն, 50 կինոթատրոն եւ այլ մշակութային օջախներ։ Վաղուց հայաստանցի երաժիշտները ցանկալի հյուր են միջազգային հեղինակություն վայելող Մարիինյան, Միխայլովյան օպերային թատրոններում, Վալերի Գերգիեւի հիմնած «Սպիտակ գիշերների աստղերը» եւ մեր հայրենակցուհի Մարիա Սաֆարյանցի «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային փառատոներին։ Սանկտ Պետերբուրգում ունենք մեծաթիվ հայ համայնք, որը ակտիվ մասնակցություն ունի քաղաքի մշակութային կյանքին։

Ի դեպ, առաջին հայերը Սանկտ Պետերբուրգում բնակություն են հաստատել քաղաքի հիմնադրումից անմիջապես հետո, 1710թ. հիմնել են միություն։ 1771-1776 թթ. կառուցվել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցին։ Այսօր էլ միությունն ու եկեղեցին ոչ միայն մասնակցում, այլեւ աջակցում են տեղի հայերի մշակութային կյանքին։ Բայց չմոռանանք, որ այդ կյանքը պայմանավորված է հայրենիքի հետ մշտական կապով։ Այս նախաբանն էլ պայմանավորված է Սանկտ Պետերբուրգում «Առավոտի» զրուցակցի՝ պարուսույց-խորեոգրաֆ Մանուէլ.Մանուկ Օհանյանի շուրջ 20-ամյա գործունեությամբ։

Զրույցի սկզբում արվեստագետին ուղղված մեր դիտարկումը, թե իրեն մտաբերեցինք ժամանակին Հայաստանում սպորտային պարաոճում Էլեն-Կարմենի հետ ունեցած բազմաթիվ ելույթներից, մեր զրուցակիցը նախ նշեց, թե սպորտային պարերով հանդես է եկել կարճ ժամանակահատված՝ շուրջ 2 տարի, հետո շնորհակալական խոսքեր հղելով պաշտպանության նախարարությանն, ասաց. «Յոթ տարեկանից, մոտ 15 տարի պարել եմ Մուրադ Հակոբյանի ղեկավարությամբ գործող «Սարդարապատ» անսամբլում, հանդես եմ եկել նաեւ մենապարերով, հետո էլ ինձ վստահվեց պարուսույցի դերը։ «Սարդարապատի» հետ հանդես եմ եկել ԱՄՆ-ում, Սիրիայում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Զինվորական ծառայությունս էլ եմ անցկացրել անսամբլի կազմում… Ինձ համար ամենատպավորիչ մենապարս Լոռեցի Սաքոն էր… Այո, Էլեն-Կարմենի հետ սպորտային պարերի ելույթներով հանդես են եկել Փարիզում, ընդ որում՝ մեր ղեկավարն էր ճանաչված Արայիկ Մխոյանը։ Դա 2006-ին էր։ Եվ հենց Փարիզից հետո առաջին անգամ այցելեցի Սանկտ Պետերբուրգ ու պարզապես սիրահարվեցի այդ քաղաքին։ Սկզբնական շրջանում մասնակցում էի տարբեր շոուների, բայց շուտով Սուրբ Կատարինե եկեղեցուց ստացա առաջարկ՝ որպես պարուսույց դասավանդել եկեղեցուն կից գործող «Նաիրի» պարային անսամբլում։ Հետո արդեն 2008-ին հիմնեցի «Նոյան» պարային դպրոցը»։ Ներկայացնելով «Նոյանը», մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ դա փոքր հայկական ընտանիք է եւ շաբաթվա ընթացքում երկու օր պարզապես հավաքվում ու շփվում են։ Իհարկե՝ միայն հայերենով, որովհետեւ կան ընտանիքներ, որոնք վաղուց են բնակվում Սանկտ Պետերբուրգում եւ, ուղիղ ասած՝ լեզուն պահպանելու խնդիր ունեն։


«Այսօր դպրոցում են ուսանում նաեւ իմ սաների երեխաները։ Դասավանդում են նույնիսկ նախկին սաներիցս, օրինակ՝ Անի Զաքարյանը։ Քանի որ ուսուցանում ենք նաեւ աշխարհի ժողովուրդների պարեր, ժամանակ առ ժամանակ հրավիրում ենք այլազգի մասնագետներ նույնպես։ Այս պահին դպրոցում է վրացուհի պարուսույց Քրիստինա Բուլիյան եւ այլն»,- շեշտեց մեր զրուցակիցը։ Ոչ միայն Սանկտ Պետերբուրգում, այլեւ Ռուսաստանի այլ քաղաքներում մեր պարարվեստը ցուցադրելու համար անհրաժեշտ է աջակցություն, դիտարկմանն ի պատասխան՝ պարուսույցը բարձրաձայնեց հայ համայնքի, եկեղեցու, սաների ծնողների, հատկապես Արմեն Ռստակյանի անունները։ Դպրոցի սաների ելույթների առումով էլ ասաց, որ բացի ՌԴ քաղաքներից եւ, անշուշտ, Հայաստանից, բեմ են բարձրացել մերձբալթյան երկրներում, Վրաստանում, հետո էլ ավելացրեց. «Սանկտ Պետերբուրգում գործում է «Ազգերի տոն» ամենամյա փառատոնը, որի շրջանակներում կայացած համերգները նվիրված են լինում վրացական, ուկրաինական, հայկական եւ այլ համայնքների մշակույթին։ Նշեմ նաեւ Կովկասյան փառատոնի մասին. ինչպես խորագիրն է հուշում, փառատոնային օրերին հանդես են գալիս Սանկտ Պետերբուրգում կովկասյան ազգերը ներկայացնող երաժշտական, պարային խմբերն ու անհատ կատարողները»։

Էմանուէլ.Մանուկ Օհանյանը հայտնեց նաեւ, որ իրենց վերջին ելույթը 44-օրյա պատերազմից հետո էր՝ 2021թ. ապրիլի 30-ին. «Պարզ է, որ մեր բեմելները նույնպես սահմանափակեց համավարակը։ Բայց ոչ մի օր դպրոցում պարապմունքները չեն դադարել։ Փառք Աստծո, կամաց-կամաց վերադառնում ենք արդեն համերգային գործունեությանը նույնպես»։

Սփյուռքում ապրող ու ստեղծագործող մեր համերկրացիներից բացառություն չէ նաեւ Մանուէլ.Մանուկը, որը առիթը բաց չի թողնում Հայաստանում գտնվելու օրերին հանդես գալ որեւէ նախագծով։ Վերջերս նա իր խորեոգրաֆիայով Երեւանում բեմադրեց «Բուռլեսք» եւ «Ցեղերի թագուհին» շոու ներկայացումները ոչ միայն հայաստանցի, այլեւ Ուկրաինայից հրավիրված արտիստների կատարմամբ։ Իսկ թե «Նոյան» դպրոցի պարախմբին ե՞րբ կտեսնենք մեզ մոտ, պարուսույցն ասաց, որ մեծ ցանկություն կա, հասկանալի պատճառներով տարիների բացակայությունից հետո, ամռանը հանդես գալ Երեւանում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28