Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի հռչակագիրը վավերացվեց. Թուրքական բանակն՝ Ադրբեջանում

Փետրվար 04,2022 12:00

Ադրբեջանը մեծացնում է ռազմական հզորությունը՝ Թուրքիայի հետ խորացնելով համագործակցությունը

Թուրքիան ու Ադրբեջանը, չնայած այն հանգամանքին, որ պարբերաբար խոսում են մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տրանսպորտային հաղորդակցության ուղիների ազատ գործունեության, տնտեսական համագործակցության եւ բարգավաճման ծրագրերի մասին, այլ երկրների հրավիրում եմ մասնակցել այդ գործընթացին, այս երկու պետությունների միջեւ ռազմական համագործակցության մակարդակն էլ զուգահեռաբար բարձրացվում է մի նոր մակարդակի:

Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը եւ Հուլուսի Աքարն օրերս քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմական կրթության ոլորտներում համագործակցության հեռանկարները: «Կողմերն անդրադարձել են համատեղ զորավարժությունների ընթացքում Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերի ձեռք բերած փորձի կարեւորությանը եւ ընդգծել են նման միջոցառումների կանոնավոր անցկացման անհրաժեշտությունը։ Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանն ավելի է ընդլայնում համագործակցությունը Թուրքիայի հետ՝ իր ռազմական հզորությունը մեծացնելու նպատակով»,- հայտնեց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Հասանովին ընդունել էր նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Խաղաղության» նախապատրաստվող երկու պետությունները ռազմական հզորությունը մեծացնելու ուղղությամբ հստակ քայլեր են իրականացնում: Տարիներ շարունակ ասվել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խախտվել է ռազմական հավասարակշռությունը: 44-օրյա պատերազմից հետո էլ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը ձգտում է Հարավային Կովկասում ուժի դիրքերից հանդես գալ՝ թելադրելով իր այս, կամ այն պահանջները: Ռազմական հզորացումը կրկին շարունակվում է մեծ թափով, սակայն միջազգային հանրությանը դա չի անհանգստացնում:

Օրերս Ադրբեջանի խորհրդարանը լիագումար նիստում վավերացրեց Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը: Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրն ընդունվել էր 2021թ. հունիսի 15-ին, այն Շուշիում ստորագրել էին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը: Հռչակագրի համաձայն՝ երկու երկրները պայմանավորվել էին միմյանց փոխադարձաբար ռազմական օգնություն տրամադրել երկրներից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում:

Թուրքիայի խորհրդարանն էլ իր հերթին քննարկմանն է ներկայացրել Անկարայի եւ Բաքվի ռազմական համագործակցության մասին օրինագիծը: Այն Անկարայի եւ Բաքվի համար ռազմական ու պաշտպանական ոլորտներում համագործակցության շրջանակներում միասնաբար գործելու հնարավորություն է նախատեսում։ Anadolu գործակալության տվյալներով, այս օրինագիծը պարունակում է Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը»։ Թուրքիայի խորհրդարանը եւս վավերացրեց Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին «Շուշիի հռչակագիրը», որով նախատեսվում է Բաքվի եւ Անկարայի միջեւ, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան, փոխօգնության տրամադրում՝ երրորդ երկրի կամ երկրների կողմից նրանցից որեւէ մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կամ անվտանգության նկատմամբ սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Ասել է թե՝ Թուրքիան իրավական տեսանկյունից ամբողջական եւ լիարժեք մասնակցություն կունենա հաջորդ հնարավոր ռազմական գործողություններում:

Թուրքական ռազմական ներկայությունն Ադրբեջանում, չնայած, շատ երկրներ նախընտրում են չնկատել, բայց բազմիցս է ասվել, որ այլեւ չկա խորհրդային տիպի ադրբեջանական բանակ, դա թուրքական բանակի հետ միաձուլված՝ բարեփոխված բանակ է, որին մարզում են թուրք մասնագետները:

Օրերս, օրինակ, տեղեկություն ստացվեց, որ թուրքական բանակի սպաները մարզում են Ադրբեջանի բանակում նոր կազմավորված «Komando» ստորաբաժանումներին: Հայտնում էին, որ թուրք մասնագետների համակարգմամբ անցկացվող ուսումնամարզական վարժանքների ընթացքում ստորաբաժանումները ռազմականը բախմանը նմանեցրած պայմաններում զարգացնում են արգելապատնեշներ հաղթահարելու, լեռնային պայմաններում մարտ վարելու, պաշտպանական խորություններ ներթափանցելու եւ բնակավայրերում հայտնված դիվերսիոն խմբերին շրջափակելու եւ ոչնչացնելու ունակությունները: Ի դեպ, ըստ ermenihaber-ի, «Komadno» զորամիավորումները ստեղծվել են ադրբեջանական զինուժի որոշ մոտոհրաձգային զորամասերի հիմքի վրա 44-օրյա պատերազմից հետո: Այդ ստորաբաժանումները ցամաքային ուժերի հատուկ մոբիլ խմբերն են, որոնք վաղուց լայն տարածում ունեն նաեւ թուրքական բանակում:

Forbes ամսագրի վերլուծաբան Փոլ Իդդոնն էլ անդրադարձել է Ադրբեջանի հավակնություններին: Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանի ներկայիս ռազմաօդային ուժերը բաղկացած են ռուսական արտադրության մեկ տասնյակ «ՄիԳ-29» կործանիչներից եւ մեկ տասնյակ «Սու-25» գրոհային ինքնաթիռներից: Ադրբեջանը հույս ունի ձեռք բերել ուսումնամարզական ինքնաթիռներ, մասնավորապես՝ թուրքական երկտեղանի խողովակապտուտակային TAI HՖrkus ուսումնամարզական ինքնաթիռներ, որոնք կարելի է օգտագործել նաեւ որպես թեթեւ գրոհայիններ: Ադրբեջանը կարող է նաեւ հետաքրքրված լինել HՖrjet-ով, գրել է Իդդոնը՝ հավելելով, որ Բաքուն կարող է նաեւ այլ տարբերակ դիտարկել՝ թուրքական մարտական/ուսումնավարժական TAI HՖrjet ինքնաթիռը։ «Թուրքիան օգնել է Բաքվին արդիականացնել իր գրոհային ինքնաթիռները, որպեսզի դրանք համատեղելի դարձնի թուրքական եւ տեղական սպառազինությունների, այդ թվում՝ թուրքական SOM թեւավոր հրթիռի հետ, որի հեռահարությունը մոտ 150 մղոն է»,- գրել է Իդդոնը: «Ինքնաթիռները հագեցած են նաեւ ռադիոէլեկտրոնային դիմակայության բելառուսական «Թալիսման» բլոկներով, որոնք, ինչպես ենթադրվում է, մեծացրել են դրանց կենսունակությունը ղարաբաղյան վերջին պատերազմում»,- հավելել է նա։

Ադրբեջանի ռազմական ներուժի մեծացմամբ՝ նույնիսկ հնարավոր երկարատեւ խաղաղության դեպքում, փորձ է արվում տարածաշրջանում փոփոխել ռազմական պատկերը, առհասարակ, տարածաշրջանը տրանսֆորմացիայի ենթարկել՝ թուրքական գործոնի մեծացմամբ:

Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, եւ տպավորություն է ստեղծվում, որ առայժմ Թուրքիայի հավակնություններին չի ցանկանում դիմադրել, կամ՝ առայժմ չի կարող դիմադրել, եթե անգամ նման մտադրություն ունի:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 03.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28