Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային կառույցներից պահանջում ենք իրենց տրված մանդատներին համապատասխան արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության տապալման աղաղակող փաստերին․ «Հայրենիք» կուսակցություն

Փետրվար 03,2022 23:55

ՀՀ դատական իշխանության անկախության պաշտպանությունը երկրի ներքին անվտանգության ապահովման գործում բացարձակ առաջնահերթություն է, հայտարարել է «Հայրենիք» կուսակցությունը։

«Այս օրերին իշխանության լկտի և հակաօրինական քայլերը՝ միտված դատական իշխանության վերջնական ոչնչացմանը, հասել են աննախադեպ ծավալների:

Օրեր առաջ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելուց անմիջապես հետո Գլխավոր դատախազը դիմել էր Բարձրագույն դատական խորհրդին որոշումը կայացրած դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս կալանավորելու միջնորդությամբ:

ԲԴԽ-ն, հնազանդվելով իշխանության հիվանդագին և կործանարար քմահաճույքներին՝ բավարարել է Գլխավոր դատախազի միջնորդությունը: Այս հարցով իր մտահոգությունը հրապարակային կերպով արդեն իսկ հնչեցրել է Դատավորների միությունը:

Այսօր արդեն Վարչական դատարանի դատավորները հայտարարություն են տարածել՝ Դանիել Դանիելյանի նկատմամբ Արդարադատության նախարարի հերթական տխրահռչակ կարգապահական վարույթի հարուցումը որակելով որպես ճնշման փորձ:

Կարգապահական վարույթը հարուցվել է Վանաձոր համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը մերժելու մասին որոշումը կայացնելուց հետո, նույն կուսակցության նախագահի, արդեն սովորական դարձած իշխանահաճո դիմումի հիման վրա: Այսպես կոչված, «առիթն» այն է, որ եզրափակիչ դատական ակտը նիստում հնչեցվել է, ոչ թե նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի, այլ՝ կոլեգիալ դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից:

Նկարագրվածը պետության հիմքերը խարխլող պատուհաս իշխանությունների կողմից դատական իշխանության նկատմամբ իրականացվող հարձակումների և իրավական ամենաթողության մի փոքր մասն է կազմում:

Արձանագրում ենք, որ քաղաքական մեծամասնության կողմից դատական իշխանության անկախության կազմաքանդման ծրագրի վերջնական իրագործումը հանգեցնելու է երկրի ներքին կայունության, իրավական անվտանգության խաթարմանը, և որպես հետևանք՝ Հայաստանի «ադրբեջանացմանը», ինչն էլ կունենա անդառնալի հետևանքներ:

Դատական իշխանությունը, իր բոլոր թերություններով հանդերձ, Հայաստանի՝ որպես ժողովրդավարական և իրավական պետության վերջին ինստիտուցիոնալ հենարանն է:

ՀՀ դատական իշխանության անկախության պաշտպանությունը երկրի ներքին անվտանգության ապահովման գործում բացարձակ առաջնահերթություն է:

Անկախ քաղաքական հայացքներից կամ այլ տարբերություններից, դատական իշխանության անկախության ապահովումը, այն էլ իրավական պետության բացակայության պայմաններում՝ բոլորիս և յուրաքանչյուրիս պարտականությունն է:

Հաշվի առնելով վերոնշյալը, կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական և հասարակական ուժերին՝ լծվել դատական իշխանությանը և դատավորներին իշխանական հարձակումներից պաշտպանելու գործին,դատական իշխանության մարմիններին, դատավորներին` անմասն չմնալ իրենց գործընկերների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելուց:

Միջազգային կառույցներից պահանջում ենք իրենց տրված մանդատներին համապատասխան արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության տապալման աղաղակող փաստերին»,- նշված է «Հայրենիք» կուսակցության հայտարարությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28