Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իսկ դուք գիտեք, որ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար պարոն Սեյրան Օհանյանն արդեն չորս ամիս է աշխատավարձ չի ստանում:
Կհարցնեք ինչու: Ասեմ.
– այսպես կոչված մարտի 1-ի գործով, քննիչը 11.01.2019թ. որոշմամբ կալանք էր դրել պարոն Սեյրան Օհանյանի և մյուս մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա.
Կարդացեք նաև
– մինչև գործը դատարան ուղարկելը, դատախազ Պետրոս Պետրոսյանը մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին որոշման մեջ նշել է. «Բացի այդ, որոշումներ են կայացվել ….յանի և մեղադրյալներ Սեյրան Մուշեղի Օհանյանի, …-ի գույքը կալանքից ազատելու մասին».
– մենք էլ կարծել ենք, որ պարոն Օհանյանի գույքը (բանկային հաշիվները) կալանքից ազատված են.
– դատավոր Ա.Դանիբեկյանը 26.04.2021թ. որոշմամբ պարոն Օհանյանին արդարացվել է և իր հերթին որոշման եզրափակիչ մասում նույնպես նշել է. «Սեյրան Մուշեղի Օհանյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական (դրամական) միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը վերացնել»:
Երբ պարոն Օհանյանը ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր, պարզվեց, որ նրա բանկային հաշիվների վրա դրված կալանքը վերացված չէ և նա արդեն չորս ամիս է աշխատավարձ ու պատգամավորի գործունեությունն ապահովելու համար այլ վճարները չի ստանում, ինչով խախտվում է նրա ինչպես սեփականության իրավունքը, այդպես էլ պատգամավորի իրավունքները:
Երբ դա պարզվեց, գույքի վրա դրված կալանքը վերացված լինելու մասին գրություն տրամադրելու դիմում ներկայացվեց դատավոր Դանիբեկյանին: Քանի որ գործը գտնվում էր Վերաքննիչ քրեական դատարանում, այդտեղ էլ միջնորդություն ներկայացվեց կալանքը վերացնելու կամ վերացված լինելու մասին տեղեկանք տրամադրելու մասին:
Դատավոր Դանիբեկյանը դիմումին ընթացք չտվեց, ասելով, որ գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում:
Վերաքննիչ դատարանն, իր հերթին, բողոքների քննությունն ավարտելուց առաջ միջնորդությունը քննարկեց, որի ժամանակ մեղադրող Պետրոս Պետրոսյանը հայտարարեց. «Հարգելի դատարան, կիրառված գույքի նկատմամբ արգելանքի մասին սահմանափակումները վերացվել են մեղադրական եզրակացությունը հաստատելու փուլում, իմ կողմից և Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր առևտրային բանկերին ուղարկվել են իմ կողմից կայացված որոշումները: Եթե կա որևէ տեխնիկական խնդիր, որևէ առարկություն մեղադրանքի կողմը չունի կրկին հասցեագրելու որ էդ փուլում վերացվել է կիրառված կալանքը»:
Վերաքննիչ դատարանն էլ, հավանաբար հավատալով դատախազի այդ խոսքերին, իր որոշմամբ չանդրադարձավ միջնորդությանը:
Բանկը, սակայն, ասում է, որ գույքի և դրամական միջոցների կալանքը վերացնելու մասին դատախազի որոշում չի ստացել, առաջին ատյանի դատարանի որոշումը դեռ օրինական ուժի մեջ չի մտել և պատգամավորի աշխատավարձի ստացման հաշիվները չի ապասառեցնում:
Ավելին, դեռևս դեկտեմբեր ամսին դիմել եմ դատախազ Պետրոսյանին, խնդրելով տրամադրել իր ասած որոշումը, ինչպես նաև այն ուղարկել բանկին: Մինչ օրս այդ որոշումը չի հայտնաբերվել, մեզ չի տրվել ու բանկին չի ուղարկվել:
Ահա այսպիսի երկրում ենք ապրում` երբ դատախազը ընդհուպ դատարանի առջև «բլեֆ» է անում` իբր գույքի նկատմամբ արգելանքը վերացրել է, իսկ դատարանի մոտ այդ «բլեֆն» անցնում է ու որոշում չի կայացնում, երբ թղթի վրա առնվազն 2019թ. ապրիլ ամսից պարոն Օհանյանի գույքը և դրամական միջոցները կալանքից ազատված են, սակայն փաստացի կալանքի տակ են, երբ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորը ամիսներով աշխատավարձ չի ստանում ու չկա դրա լուծումը:
Վստահ եմ, որ եթե նման խնդրի առջև կանգներ իշխանությունը ներկայացնող պատգամավորը, ապա մեկ օրում հարցը լուծում կստանար:
Ընդդիմադիր պատգամավորի դեպքում, դատախազությունն ու դատարաններն ամեն ինչ անում են, որպեսզի հարցը լուծում չստանա:
Հ.Գ. 1
Քանի որ գործն այժմ գտնվում է Վճռաբեկ դատարանում, պարոն Օհանյանի գույքն արգելանքից հանված լինելու մասին գրություն տալու մասին դիմում եմ ներկայացրել Վճռաբեկ դատարանին: Տեսնենք ինչ պատասխան կստացվի:
Հ.Գ. 2
Եթե անգամ վճիռ է կայացվում անձի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին, աշխատավարձի վրա բռնագանձումը չի կարող կեսից ավելին տարածվել: Պարոն Օհանյանի դեպքում չկա նման վճիռ, այլ կան որոշումներ` դրամական միջոցները կալանքից ազատելու մասին, սակայն ամբողջ աշխատավարձը շարունակում է կալանքի վերցվել»: