Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն աշխարհին կապող Եվրամիության ծրագրերը․ Ո՞վ կհամակարգի տեղեկատվական կենտրոնի աշխատանքները

Փետրվար 03,2022 22:30

Եվրամիությունը օրերս հայտարարել  էր մրցույթ՝ իր երկու կարևորագույն՝  «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոն աշխատանքները Հայաստանում համակարգելու նպատակով։

Մրցույթի արդյունքում դարձյալ  ընտրվել  է «Գյումրու երիտասարդական  նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն։  2017 թվականից այս կառույցին է վստահվել եվրոպական վերը նշված ծրագրերի տեղեկատվական կենտրոնի համակարգումը։

Այս երկու ծրագրերը Հայաստանում կշարունակվեն իրագործվել մինչև 2027 թվականը՝ Եվրամիության ու Արևելյան գործընկերության երկրների դռները բացելով  բազմաթիվ հայ երիտասարդների, տարբեր ոլորտների մասնագետների ու կամավորականների առջև։

«Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի փորձագետ Արթուր Նաջարյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տարեկան մի քանի հարյուրից ավելի մասնագետներ և երիտասարդներ են  մեկնում Եվրոպական Միության տարբեր երկրներ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով։

 

«Ծրագրերը չափից դուրս տարբեր են՝ սոցիալական, մշակութային, երիտասարդական, սպորտային, մեդիա, մարդու իրավունքների պաշտպանության, շրջակա միջավայրի և բնապահպանության, թվային տեխնոլոգիաների և այլն։

Օրինակ` երիտասարդների փոխանակման ծրագրեր են տեղի ունեցել Աֆրիկայում։ Այն բնապահպանական էր և  նպատակը տեսնել ն էր, թե ինչպես  են կլիմայական փոփոխությունները մոլորակում լուրջ խնդիրներ առաջացնում։ Որպեսզի դա ավելի տեսանելի և շոշափելի լիներ, 13 երկրներից  7 հոգանոց պատվիրակություն էր մեկնել Թունիս և ուսումնասիրում էր, թե  ինչպես էին Նեֆտայի շրջանում  20 տարվա ընթացքում բուսականություն ունեցող տարածքներն այսօր անապատի վերածվում։

Ծրագրեր եղել են Հորդանանում, թեև հայերն առավել շատ սիրում են Կենտրոնական Եվրոպա գնալ:

Վերջին տարիներին երիտասարդության ոլորտի ներկայացուցիչների մոտ մեծ հետաքրքրություն կա Էստոնիայի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Ավստրիայի, Նորվեգիայի նկատմամբ։ Այսօր Ֆինլանդիան երիտասարդական աշխատանքում միջազգային ասպարեզում անկյունաքարային նշանակություն ունի։  Երիտասարդական կենտրոնների աշխատանքն այնտեղ շատ համակարգված է իրականացվում, և շատ երկրներ, այդ թվում Հայաստան բերվում են այդ մոդելները, հայաֆիկացվում են, տեղայնացվում են  մեր կարիքներին համապատասխան ու գործարկվում են։

Տարբեր թեմաների ու ոլորտների նկատմամբ հետաքրքրություն կա, օրինակ՝ մեդիա ոլորտի, մեկնում են Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա։ Շատերը հետաքրքրված են մարդու իրավունքների պաշտպանության մասով, Ավստրիա են մեկնում, Ստրասբուրգ են գնում։

Մի խոսքով, թեմաները զանազան են՝ սկսած բժշկությունից մինչև այնպիսի ոլորտներ, որոնք զարմանք կարող են առաջացնել։ Օրինակ՝ կամավորական աշխատանք Հունաստանում կրիաների բեղմնավորման կլինիկայում։ Սա հենց ծովափին էր, հիանալի  հնարավորություն էր  անասնաբույժների համար մեկ տարի մասնագիտական պրակտիկա անցնելու։ Ամբողջն անվճար է, ծախսերն հոգում է Եվրամիությունը և ավարտին տրվում է վկայական»։

Ըստ Արթուր Նաջարյանի՝ «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի շրջանակում տարեկան մոտ 100 կամավորներ են գալիս  Հայաստան, որոնք ՀՀ տարբեր վայրերում  ու ոլորտներում իրականացնում են իրենց աշխատանքը։

Հայաստանը, ըստ մեր զրուցակցի, վերջին երեք տարում աննխադեպ հետաքրքրություն է առաջացրել Եվրոպական միության երկրների քաղաքացիների համար։  Եվ այսօր կրկնապատկվել է Հայաստանում  կամավորական ծառայություն իրականացնելու ցանկություն ունեցողների թիվը։

«Սկզբում  դա կապում էինք մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության հետ, որի պատճառով Հայաստանը աշխարհի ուշադրության կենտրոն էր հայտնվել, դրանից բացի բավականին քայլեր են իրականցվել զբոսաշրջության ոլորտում։ Հայաստանում գործունեություն ծավալող զբոսաշրջային կառույցները կարողացան մեր երկիրը բավական գեղեցիկ ներկայացնել աշխարհին, նաև Հայաստանում եղած հնարավորությունները ներկայացնել տարբեր երկրների տուրիստական ընկերություններին»,-ասում է մեր զրուցակիցը։

Ըստ Արթուր Նաջարյանի՝ Հայաստանն արտերկրում ներկայացնելու հարցում մեծ դերակատարություն ունեն նաև այս ծրագրերով արտերկիր մեկնողները։

Նշենք, որ  «Erasmus+ Երիտասարդություն»-ը Եվրամիության կողմից ֆինանսավորվող ամենամեծ ծրագիրն է կրթության, երիտասարդության, սպորտի ոլորտում։  Իսկ մյուս ծրագիրը՝ «Եվրոպական համերաշխության կորպուս»-ը, դարձյալ  հնարավորություն է ընձեռում 18-30 տարեկաններին Եվրոպական միության տարբեր երկրներում 2  շաբաթից մինչև 12 ամիս տևողությամբ աշխատանքային պրակտիկա անցկացնել կամավորության միջոցով։

Ծախսերն ամբողջությամբ հոգում է Եվրոպական Միությունը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28