Փաստաբան Միհրան Պողոսյանն այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայր էր եկել թմբուկով՝ ի պաշպանություն Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի, որի կալանավորման հարցն է այս պահին քննվում։
Լրագրողների հետ զրույցում Միհրան Պողոսյանն ասաց՝ մենք Հայաստանում գտնվում ենք մի իրավիճակում, տեսնում ենք, որ մարդիկ իրենց այսպես ասած՝ բնական հոգու ճիչը թողած, զբաղված են Հայաստանում իբր թե արդարադատություն իրականացնելով․ «Ես այս թմբուկը բերել եմ այստեղ մարդկանց հիշեցնելու համար իրենց բնատուր մասնագիտացումը, հանգիստ թողնեն իրավական համակարգը ու զբաղվեն այն գործով, ինչն իրենց համար հոգեհարազատ է։ Դատավոր դառնալու համար անձը պետք է որոշակի չափանիշների համապատասխանի, այդ թվում՝ քաղաքական զսպվածություն դրսեւորի։ Այն մարդը, որը դատավորի հաստիքում հայտնվել է միայն այն պատճառով, որ մասնակցել է քաղաքական ակցիաների, այդ քաղաքական գործողությունների ժամանակ հրահանգով թմբուկին շատ լավ հարվածել է, իրավունք չունի արդարադատություն իրականացնել: Իրենց թվում է՝ մի օր թմբուկին են հարվածում չագուճով, մի օր էլ կարող են մարդկանց ճակատագրերի հետ խաղալ։ Այս ակցիան նրա համար է, որ պարոն Արղամանյանին (Բախշիյանի գործով դատավոր, Ն․Բ․) հիշեցնենք, թե իր մոտ ինչն էր լավ ստացվում՝ վերադառնա իր հին գործողություններին։ Լա՞վ է ստացվում, մենք խնդիր չունենք, թող որեւէ տեղ թմբուկ խփեն, բայց ոչ թե արդարադատության մուրճը ՀՀ դագաղի վրա խփեն»։
Փաստաբանն ասաց, որ փաստեր կան՝ Դավիթ Արղամանյանը 2018 թվականին մասնակցել է քաղաքական ցույցերին՝ կոնկրետ քաղաքական դիրքորոշմամբ․ «Այդ հարցն իր հայր դատավորի մոտ էլ է բարձրացվել, բացի այդ էլ թմբուկ է խփել։ Ես փաստեր եմ ներկայացնում»։
Կարդացեք նաև
Միհրան Պողոսյանի խոսքով՝ այս իշխանությունը գենետիկ անհանդուրժողականություն ունի իրեն հակառակ կարծիք արտահայտող ցանկացած անձի, այդ թվում՝ ինստիտուտի նկատմամբ․ «Նույնը կատարվում է արդարադատության համակարգում»։
Հարցին՝ ինչո՞ւ են պնդում, որ Դավիթ Արղամանյանը արդարադատություն չի իրականացնի, արդյոք նրան տրվել է հնարավորություն, որ նման վարքագիծ է դրսեւորելու, որ նման հայտարարություն են անում, Պողոսյանը պատասխանեց․ «Մամուլում շատ էին հրապարակումները Դավիթ Արղամանյանի իրականացրած արդարադատության որակի հետ կապված։ 2020 թվականից հետո իշխանությունները որոշեցին, որ իրենց համար խնդիր է քրեական գործերով կալանավորումներ չստանալը։ Հատուկ կալանքի դատավորներ ունենալու համար ստեղծվեց այս դատարանը՝ դատավորներով։ Այս դատավորները մի շարք այլ ցածր ռեյտինգ ունեցող դատավորների ազգականներ են, որոնք մեջ է նաեւ Դավիթ Արղամանյանը, ով արդեն իսկ մինչեւ այդ պահն իր քաղաքական դիրքորոշումն որպես անձ, ցույց էր տվել»։ Նման դիրքորոշումով անձն, ըստ փաստաբանի, իրավունք չունի արդարադատություն իրականացնելու։
Պողոսյանն ասաց, որ իր պաշտպանյալին, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, Դավիթ Արղամանյանն ուղարկել է կալանքի։
Հիշեցնենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, քննվելու է Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Ըստ դատախազության, Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ նա խախտել է խափանման միջոցի կարգը․ «․․․ամբաստանյալների և պաշտպանների բացակայությամբ դատական նիստ շարունակելը եղել է անթույլատրելի և ամբաստանյալ Ն․Մ-ի բացակայությունը փաստացի պայմանավորված է եղել դատական վարույթին բացառապես իր պաշտպանի հետ մասնակցելու ցանկությամբ, դատավոր Բորիս Բախշիյանը դատական նիստը շարունակել է հենց բացառապես Ն․Մ․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու հարցը քննարկելու համար: Լսելով կողմերի դիրքորոշումներն այն մասին, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան և Ն․Մ․-ի խափանման միջոցի հարցը նրա և նրա պաշտպանի այդպիսի պատճառաբանությամբ բացակայության պայմաններում քննարկելը խախտում է կողմերի մրցակցությունը, զենքերի հավասարությունը, Ն. Մ.-ի՝ լսված լինելու և դիրքորոշում ներկայացնելու իրավունքը՝ դատավորը որոշում է կայացրել Ն. Մ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և նրան կալանավորելու մասին»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ