Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հենց ռուսի ուղղաթիռը օդ ա պրցրանում, էրեխեքը վախեցած հարցնում են՝ տեսնես ի՞նչ ա պատահել». Իշխանասարի առօրյան մայիսի 12-ից հետո

Փետրվար 03,2022 19:55

«Ինչքա՞ն կարող եմ մոտենալ, որ սարը մոտիկից նկարեմ»,-հարցնում եմ Իշխանասար գյուղի բնակիչներին: «Դե՜, ցանկալի չի էլի, որ շատ մոտենաս: Վտանգավոր է: Մենք էլ չգիտենք՝ տոչնի որտեղ են, բայց էդ կողմերում նստած են»,-մատնացույց անելով Իշխանասար չհասած թումբը՝ պատասխանում են կին զրուցակիցներս:

«Է՜, չէէ, այ մարդ նրանք ստեղից մի քանի կիլոմետր հեռու են: Էդ փշալարերն էլ ես եմ քաշել, որ անասունները չմտնեն իմ տարածքը»,-հանգստացնում է գյուղի տղամարդկանցից մեկը, որը ադրբեջանական դիրքերի տեղն ավելի հստակ է պատկերացնում: Ասում է՝ ծնված օրվանից այդ սարերում է, ամեն քար ու թուփ անգիր գիտի:

Գյուղի ձնախառն ու ցեխոտ ճանապարհներից մեկն ուղիղ Իշխանասար է տանում: Սարն ամբողջությամբ ճեփ-ճերմակ է, ձյունով պատված, որեւէ դիրք, հայկական կամ ադրբեջանական դրոշ այդ հատվածից չի նկատվում: Բայց, միեւնույն է, 2021 թվականի մայիսի 12-ից հետո գյուղի բնակիչների կյանքն ու առօրյան լրիվ փոխվել է:

 

Այն օրվանից ի վեր, ինչ ադրբեջանական զինուժը նստած է Սյունիքի Իշխանասարի լանջերին, որտեղ նաեւ Սեւ լիճն է, գյուղի մարդիկ այդ կողմ չեն գնում, երեխաներին ուշ ժամերի դուրս չեն թողնում, իսկ սարը բարձրանալու մասին չեն էլ խոսում՝ չնայած, որ ադրբեջանական դիրքերը գյուղից մի քանի կիլոմետր հեռու են:

«Հենց ռուսի ուղղաթիռը օդ ա պրցրանում, էրեխեքը վախեցած հարցնում են՝ տեսնես ի՞նչ ա պատահել»,-ասում են իշխանասարցիները՝ մտահոգություն հայտնելով, որ գյուղ Իշխանասարը, չնայած նոյեմբերի 9-ից հետո սահմանը կիսում է Ադրբեջանի հետ, բայց այդպես էլ չի համարվում սահմանամերձ:

«Ջուր էլ ունենք, գազ էլ ունենք, լույս էլ ունենք: Բայց, քանի որ գյուղը  ճանաչված չէ սահմանամերձ, բնակիչները չեն կարողանում օգտվել սահմանամերձ համայնքներին տրամադրվող արտոնություններից: Մեր գյուղում տուն չկա, որ վարկեր չունենան: Որ այդ արտոնությունները տրամադրվեին, մեր հոգսն էլ մի քիչ կթեթեւանար: Հիմա ամեն ինչը թանկացել է, բայց գյուղացուց ապրանքն էժան առնում են, մյուս ապրանքները մեզ վրա թանկ վաճառում»,-ասում է Վալյա Անդրեասյանը: Նրա խոսքով, մինչ այդ սահմանակից էին Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանին, հիմա՝ Ադրբեջանին:

Տիկին Վալյան թվարկում է՝ 2018 թվականին մի շիշ ձեթն արժեր 600 դրամ, հիմա առնում ենք 1200 դրամով, ձուն առնում էինք 30-40 դրամով, հիմա ձուն դարձել է 90 դրամ, շաքարավազը առել ենք 250 դրամ, հիմա՝ 440 դրամից պակաս չի:


Անին, որը երեք անչափահաս երեխաների մայր է, ամուսինն էլ ծանր վիրավորվել է 44-օրյա պատերազմում եւ արդեն մի քանի վիրահատություն է տարել, ասում է՝ թանկացումները գուցե այդքան մեծ բեռ չդառնային ընտանեկան բյուջեի վրա, եթե նախկինի պես սարի բարիքներից օգտվեին: Իշխանասարի բնակիչների համար հիմնական եկամուտներից մեկը կանաչեղենն է եղել՝ ավելուկը, մանդակը, սունկը եւ այլ բանջարներ: Սեզոնին վաճառել են ու ամբողջ տարին ապրել:

«Էս տարի չենք կարողանալու գնալ: Տարածքներն արդեն նրանցն են, ե՛ւ նրանց հսկողության տակ են, ե՛ւ դիտարկման: Ամեն տարի բերում՝ վաճառում էինք ու դրանով ապրում էինք, մեր կարիքները հոգում:

Վախը մի կողմ, որ ուզենք էլ չենք կարող գնալ, մեր դաշտերում 3-4 պոստ է դրած»:

Բնակիչների խոսքով, ոչ այնքան արոտավայրերի պատճառով, որքան թանկացումների, այս գյուղում եւս անասունների գլխաքանակը պակասել է. «Բացի այն, որ տարածքները ադրբեջանցիների կողմից դիտարկվում են եւ մարդիկ ռիսկ չեն անում անասուններին տանել անգամ մեր կողմի արոտավայրեր, թանկացումների պատճառով  գյուղացին ստիպված եղածը մորթում՝ ծախում է, որ կարիքները հոգա, երեխային նորմալ դպրոց ուղարկի»:

Գյուղից առայժմ արտագաղթ չի նկատվում, հակառակը, տիկին Վալյան ասում է, աճող գյուղ է, երիտասարդ ընտանիքներ շատ կան, ոմանք էլ պատերազմից հետո են որոշել երեխաների թիվն ավելացնել: Գյուղում 18  բազմազավակ ընտանիք կա, որոնցից մեկը 8 երեխա ունի: 29 ընտանիք էլ Արցախից է այստեղ վերաբնակեցվել:

Իշխանասարի դպրոցում 63 աշակերտ է սովորում:

8-ամյա Դավիթն ու ընկերները, որոնց հանդիպեցի գյուղամիջում ասում են՝ պատերազմի օրերին չեն վախեցել, բայց անհամբեր սպասել են, որ վերջանա: Իշխանասարը պատերազմում 3 զոհ է տվել:

Անին ասում է, որ իշխանասարի հայտնի դեպքերի օրը գյուղից երեխաներին հանել են, բայց կանայք գյուղը չեն լքել, մնացել են ամուսինների կողքին. Անգամ պատրաստ են եղել զենք վերցնել:

Հիմա գիշերները վախով են քնում, բայց ասում են՝ հարմարվել են:

Սյունիքի մարզի Իշխանասարը 2017 թվականից միավորվել է Սիսիան համայնքին: Խոշորացման առավելությունները, ինչպես իշխանություններ էին թվարկում, այս գյուղի բնակիչները դեռ չեն նկատում. Գյուղի փողոցներն ինչպես որ անբարեկարգ կային, այդպես էլ մնացել են, գյուղը ոռոգման ջրի խնդիր ունի:

Մեր այցելության օրը Իշխանասարի վարչական շրջանի ղեկավար Մարատ Պետրոսյանը վատառողջ էր: Վալյա Անդրեասյանը, որը նաեւ Իշխանասար վարչական շրջանի ներկայացուցիչներից է, ասաց, գյուղի համար կարեւոր խնդիրներից մեկն այսօր սահմանամերձ ճանաչվելն է:
Նրա խոսքով, մինչ այդ սահմանակից էին Արցախին, հիմա՝ Ադրբեջանին:

Ասում է՝ այնպես չէ, որ «թշնամու» ներխուժումից վախեցել են, բայց անհանգստացած են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28