Վրաստանի ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակության այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ոստիկանության զորքեր
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 3-ին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի և ոստիկանության կոլեգիայի անդամների ուղեկցությամբ, այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Հյուրերը ծանոթացան թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։
Կարդացեք նաև
Նույն օրը Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը եղավ ոստիկանության զորքերում։ Նրանց ներկայացվեցին ոստիկանության զորքերի զորամասերի սպառազինությունը, հատուկ միջոցները, զրահատեխնիկան, ծառայողական տրանսպորտային միջոցները և այլն։
Ոստիկանության զորքերի ծառայողները հասարակական կարգի պահպանման ցուցադրական ելույթներ ունեցան։
Հատուկ վաշտի ծառայողները ցուցադրեցին մարտարվեստի հնարքներ, ինչպես և ահաբեկչական խմբի վնասազերծման գործողություններ։
Ոստիկանության զորքերի նվագախումբը հանդես եկավ ցուցադրական ելույթով։
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը շրջեց նաև Հավերժության պուրակում, որտեղ տնկված են հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անվանական ծառեր։
ՀՀ ոստիկանություն