Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանաբանական այգուց առգրավվել են կասկածելի հաբեր, ուղարկվել փորձաքննության

Փետրվար 03,2022 17:53

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու, թե Կենդանաբանական այգում գտնվող ուղտի ու թուրքմենական երկու կոալաների ազատավանդակում հայտնաբերված կարմիր գույնի կասկածելի հաբերը ով է տեղադրել ու արդյոք դրանք կենդանիներին թունավորելու նպատակ են ունեցել:

«Մենք դիմել ենք Ոստիկանություն այն պահին, երբ նկատել ենք՝ հունվարի 23-ին.  կիրակի օր է եղել, երբ աշխատողը նկատել է, սկսել ենք զբաղվել, համապատասխան մասնագետների նկարներ ենք ուղարկել, հաջորդ աշխատանքային օրը եկել են ու իրենց փորձառու աչքով դիտարկումներ են արել, հայտնել են, որ ավելի շատ թույնի է նման , ինչը մենք մեր բալանսում չունենք: Անմիջապես հաղորդում ենք ներկայացրել, ամբողջն առգրավված է Ոստիկանության կողմից, ուղարկվել է փորձաքննության»,-Aravot.am-ին հայտնեց այգու իրավաբան Քրիստինե Ղասումյանը:

Վերջինս ասաց, որ հայտնի չէ՝ արդյոք կենդանիները փորձել են այդ հաբերից, թե՝ ոչ, բայց 10 օր է անցել արդեն, ինչ հայտնաբերել են, սակայն կենդանիների մոտ դեռեւս բացասական հետեւանքներ չեն արձանագրել:

Մեր զրուցակցի խոսքով, նշված տարածքում տեսախցիկներ չեն եղել:

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումը շարունակվում է, իսկ փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հաղորդել էր, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 24-ին «Երևանի կենդանաբանական այգի»  ՀՈԱԿ-ի իրավաբանի կողմից ստացված ահազանգի փաստով:  Ըստ սկզբնաղբյուրի՝ կենդանաբանական այգու իրավաբանը հայտնել է ոստիկաններին, որ հունվարի 22-ի 16:30-ից մինչև հունվարի 23-ի 11:15-ն ընկած ժամանակահատվածում կենդանաբանական այգում ուղտի և 2 կուլաներին ազատավանդակներում  անհայտ անձը կամ անձինք կարմիր գույնի կասկածելի հաբեր են դրել, փորձելով դիտավորությամբ թունավորել նշված կենդանիներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ․ Գ․ Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս պարկը գտել ենք Կենդանաբանական այգու սմբակավորների բաժնում՝ ուղտի և թուրքմենական կուլանների ազատավանդակում՝ ջրավազանի մոտ:

Պարունակությունն ամբողջովին առնետի թույն էր. կենդանաբույժներս տեղում տարբերակեցին:

Առնետի թույնը, հավանաբար, փորձել էին լցնել ջրավազանի մեջ, որից ջուր են խմում այգու միակ ուղտն ու երկու կուլանները:

Աշխատակիցների աչալրջության շնորհիվ կարողացանք կանխել մտադրվածը, այն է՝ կազմակերպել հերթական կենդանու թունավորումը նոր տնօրինությանը վարկաբեկելու և մեղադրելու համար:

Հատկանշական է, որ կենդանի թունավորելու պրակտիկան այգում գործում է դեռ խորհրդային տարիներից, ու նման դեպքերն ի հայտ են գալիս նոր տնօրեն նշանակելու օրվանից:

Իրավապահ մարմիններն այս ամենի մասին նույնպես լավատեղյակ են:

Վերջերս այգու շուրջ տարածվող հերյուրանքները և կազմակերպված ցույցերն էլ էս ամենի շարունակությունն են:

Գիտակցում եմ, որ որոշ մարդկանց այլևս զրկել ենք այգու հաշվին ապօրինի եկամուտ ստանալու հնարավորությունից:

Կտրել ենք այլևս այդ ապօրինի շղթան, ինչը նյարդային ցնցումների է հանգեցրել որոշ օղակների:

Ցավում եմ, ընկերներ, որ ձեր՝ անարդար ու հեշտ փող աշխատելու նպատակին հասնելու համար պատրաստ եք դիմելու ամենաստոր քայլերի՝ վտանգելով անմեղ կենդանիներին:

Ցավում եմ նաև, որ կենդանիներին դիտում եք որպես գումար աշխատելու միջոց:

Դրա հնարավորություն այլևս չե՛ք ունենալու:

Հ. Գ. – դեպքի օրը դիմել եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու նպատակով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28