Aravot.am-ի հետ զրույցում «Օրդեր ֆիլմ» ընկերության տնօրեն, ռեժիսոր, պրոդյուսեր Հայկ Օրդյանը տեղեկացրեց, որ Արտավազդ Փելեշյանի լիամետրաժ խաղարկային ֆիլմի սցենարով նկարահանվելու է «Չորացած ծառը» ֆիլմը: «Այդ կինոպատմությունը վարպետը վաղուց է գրել: Վերջերս, երբ «Զուլալին» ցուցադրեցի, ինքը հավանել էր ֆիլմը: Մի օր էլ զանգահարեց ու ասաց՝ արի հետդ խոսելու բան կա: Երբ այցելեցի, ասաց, որ նման մի գաղափար ունի՝ խաղարկային ֆիլմի սցենարն ուզում է իրականացնել ու առաջարկեց, որ հենց «Օրդեր ֆիլմ» ընկերությունը դրանով զբաղվի»,-նշեց Հայկ Օրդյանը:
Նա հավելեց, որ մինչ այդ Արտավազդ Փելեշյանն արդեն ընտրել էր թիմի գլխավոր անդամներին՝ բեմադրող ռեժիսորներն են Հայկ Օրդյանն ու Գարեգին Գրիգորյանը, բեմադրող օպերատորը Վահագն Տեր-Հակոբյանը: Ընդ որում, Գարեգին Գրիգորյանը եւ Վահագն Տեր-Հակոբյանը Փելեշյանի ֆիլմերում աշխատած մարդիկ են: Հայկ Օրդյանը նաեւ ֆիլմի պրոդյուսերն է:
«Մենք երեքով արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքներ տանել: Կամաց-կամաց նախապատրաստական փուլը զարգանում է, փորձում ենք այնպես անել, որ ֆիլմը հնարավորինս իր ժամկետներում նկարվի, եւ ուշացումներ չլինեն: Փորձելու ենք 2023թ հանձնել ֆիլմը, որովհետեւ այդ տարին հոբելյանական է վարպետի համար»,-հայտնեց ֆիլմի պրոդյուսերը՝ հավելելով, որ ներկայումս փորձում են կարգավորել ֆինանսական հարցերը, դրսի գործընկերների հետ հարաբերությունները:
Հայկ Օրդյանն այս պահին ձեռնպահ մնաց «դրսի» գործընկերների վերաբերյալ մանրամասներ հայտնելուց, բայց տվեց երկրների անունները՝ Ֆրանսիա եւ Ռուսաստան: «Առայժմ բանակցությունների մեջ ենք»,-ընդգծեց նա:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Հայկ Օրդյանը երկար տարիներ շփվում է Արտավազդ Փելեշյանի հետ, համատեղ որոշ նախագծեր են իրականացվել՝ թե գրքերի հրատարակություն, թե ֆիլմերի ցուցադրություն:
«Ֆիլմի վրա աշխատող մարդկանց ցանկը, կարծում եմ, վարպետը պատահական չի ընտրել, բոլորն իր հետ աշխատելու փորձ ունեն, վարպետը վստահում է այդ մարդկանց»,- Արտավազդ Փելեշյանի բծախնդրության վերաբերյալ Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ նշեց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Հայկ Օրդյանը