Լրահոս
Օրվա լրահոսը

1 մլրդ դրամ՝ սահմանադրական, դատա-իրավական, ԶԼՄ օրենսդրության բարեփոխմանն ու այլ ծրագրերին

Փետրվար 03,2022 17:21

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում ընդունեց, ըստ որի՝ ԵՄ-ից ստացված «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի չօգտագործված գումարն ուղղել սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձեւավորմանը, դրա գործունեության իրականացման կարգի մշակմանը, ինչպես նաեւ մի քանի օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծերի մշակմանը:

Այս նախագիծը կառավարության օրակարգում է ընդգրկվել որպես չզեկուցվող, եւ ինչպես նախագծում է նշված, տրամադրվող գումարը մոտ 1 միլիարդ դրամ է։

Նախագծով նախատեսվում է մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը ստացված «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում միջոցների չօգտագործված մնացորդից 972,173.1000 դրամը ուղղել դատական-իրավական բարեփոխումների վերանայման եւ համակարգման աշխատանքներին, սահմանադրական բարեփոխումների, փաստաբանության ոլորտի բարեփոխումներին, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը, ԶԼՄ-ների օրենսդրության բարեփոխմանը, Արդարադատության նախարարությանը իրավական խորհրդատվության եւ դատական ներկայացուցչության ծառայությունների մատուցմանը, անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը։

Նշված գումարից որոշ մասը, ըստ նախագծի հիմնավորման, հատկացվելու է ԶԼՄ-ների մասին օրենսդրության բարեփոխման համար։ Հիմնավորման մեջ գրված է․««Զանգվածային լրատվության մասին» գործող օրենքն ընդունվել է 2003 թվականին, որից հետո օրենքը բովանդակային էական փոփոխության չի ենթարկվել: Օրենքի ընդունումից հետո հասարակական կյանքում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ՝ պայմանավորված տեղեկատվական և հաղորդակցման զարգացմամբ, թվային մեդիայի ձևավորմամբ և լայն տարածմամբ, զանգվածային լրատվության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների դերի և կիրառման աճող կարևորությամբ: Արդյունքում, գործող օրենքը չի պարունակում առկա իրականությանը համահունչ կարգավորումներ, չի ապահովում ոլորտի համապարփակ կարգավորումը: Միևնույն ժամանակ, զանգվածային լրատվության միջոցների կողմից իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանումը, անձանց՝ հավաստի և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու, մասնավոր կյանքի և արժանապատվության իրավունքների իրացման և պաշտպանության ապահովումը պահանջում են լրագրողական էթիկայի կանոնների սահմանման իրավական հիմքերի ձևավորում: Լրագրողական էթիկայի կանոնների գործնական իրականացումը պահանջում է նաև համապատասխան վերահսկողական գործիքների առկայություն: Այս բարեփոխման արդյունքում կապահովվի զանգվածային լրատվության ոլորտի համապարփակ կարգավորումը՝ զարգացման արդի միտումներին համապատասխան, կսահմանվեն լրագրողական էթիկայի կանոնների սահմանման իրավական հիմքերը, ինչպես նաև լրագրողական էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական գործիքներ»:

Բացի այս, նախագծի հեղինակները նշել են, որ անհրաժեշտ է լինելու իրականացնել կարիքի գնահատումներ, կատարել միջազգային փորձի ուսումնասիրություն, հստակեցնել բարեփոխումների ուղղությունները, դրանց հիման վրա կազմել հայեցակարգային փաստաթուղթ՝ ապահովելով դրա լայն քննարկումը․« Փաստաթղթի հիման վրա անհրաժեշտ է լինելու մշակել օրենսդրական փաթեթ և դնել լայն հանրային քննարկման: Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո անհրաժեշտ է լինելու աջակցել դրա կիրարկմանը, այդ թվում՝ կանոնակարգումների մշակման միջոցով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28