«Կորոնան էլ գիտի՝ երբ է գալիս»,- Aravot.am-ի հետ զրույցում հումորով արձագանքեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի շահերի ներկայացուցիչ Աննա Ծառուկյանը:
ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր պետք է քննվեր Գառնիկ Իսագուլյանին կալանքի տակ պահելու բողոքը: Նիստը կրկին չկայացավ, հետաձգվեց: Դատավորը հիվանդացել էր կորոնավիրուսով, բողոքի քննությունը վերամակագրվել է դատավոր Բիշարյանին, որը նույնպես վատառողջ է այս պահին: Հաջորդ նիստի ժամկետները դեռ պարզ չեն:
Գառնիկ Իսագուլյանի կալանքի բողոքի քննությունն արդեն երրորդ անգամ է հետաձգվում: Պաշտպան Աննա Ծառուկյանն արդեն դիտավորություն է տեսնում. «Կար դիտավորություն՝ կոնկրետ դատական նիստ չանելու, որովհետեւ մեկ անգամ ինձ ծանուցում են ծանուցագրով, երբ պարտականություն ունեն երեք օրվա ընթացքում նիստ գումարելու, հաշվի չեն առնում, որ միայն երեք օր նամակն է գալիս, հետո դատական նիստը հետաձգում են մեկ ամիս՝ հունվարի 25-ին նշանակելով, այդ ժամանակ ծանուցում են հեռախոսով, մինչդեռ նախապես կարող էին դա անել: Այդ օրն էլ հոսանք չի լինում, արդեն միտումը պարզ երեւում է, որ նիստ չեն ուզում անել, որովհետեւ միայն իրենք չեն արել, բոլորը պարզ թղթային տարբերակով են արել, բացի այս նիստից: Մեզ նույնիսկ նիստի չհրավիրեցին, զանգահարել եմ՝ ասել՝ եկեք նիստը բացեք, հարցրեք մեր կարծիքը, մենք ուզում ենք այդ տարբերակով: Չեկան: Այսօր էլ, բնականաբար, դատավորը կարող էր հիվանդանալ, բայց պետք էր ողջամիտ ժամկետները կանխատեսել, որպես դատարան»:
Ըստ Աննա Ծառուկյանի, նիստերի հետաձգման այս գործընթացը երկու հանգամանքի մասին է խոսում. առաջինը՝ հանցակազմի բացակայությունն է. «Եթե գրագետ դատավոր է, հասկանում է, որ բավարարելու դեպքում հետեւանքները չեն ուշանա: Եվ երկրորդը՝ այսպես ընկճում են, որ մնա կալանքի տակ, պարբերաբար բերեն դատարան, իմանա, որ նիստն է, բայց նիստը չկայանա, նորից հետ տանեն…»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ այս ձգձգումը զուգահեռներ ունի՞ Աշոտ Մինասյանի կալանքը փոխող դատավոր Բորիս Բախշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու նախադեպի հետ, Աննա Ծառուկյանը պատասխանեց. «Տարօրինակություն չեմ տեսնում, որ Բախշինյանի գործը հենց Դավիթ Արղամանյանին է մակագրվել: Մեր դատավորն էլ է Դավիթ Արղամանյանը: Իմ կարծիքով, դատավորներն արդեն սկսում են երկար մտածելով խոսել, ապագայի առումով կանխատեսելի դառնալ, որովհետեւ նախադեպ է ստեղծվում՝ դատավորի որոշումից հետո՝ հետապնդում: Այսպիսի նախադեպ մենք չենք ունեցել»:
Տիկին Ծառուկյանն ասաց, որ ինքն է այսօր մասնակցելու ի սատարումն Բորիս Բախշինյան դատավորի ցույցին, որը գիտի արդարադատությունն ինչ է եւ չի վախենում արդարադատություն իրականացնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ