Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պարոն Սանոսյան, որ տենց շարունակեք, ես այստեղ ներիշխանական դավադրություն եմ տեսնելու»․ Փաշինյանը կատակեց

Փետրվար 03,2022 17:03

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` 1 մլրդ 608 մլն դրամը կուղղվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Նախագծի զեկուցումից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ, իր խոսքով՝ քաղաքական առումով մերկանտիլ թեմայի․ «Հայաստանում ժողովրդավարության առումով շատ լուրջ առաջընթաց կա եւ շատ կարեւոր է, որ դա արձանագրում է ոչ թե քաղաքական մեծամասնությունը կամ կառավարությունը, այլ միջազգային հանրությունը։ ԵԽԽՎ-ն ընդունեց նախադեպը չունեցող բանաձեւ, որում արձանագրվում էր Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շատ էական առաջընթացը։ Թեմայի հետ սա կապ ունի այնքանով, որ բարեբախտաբար ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններում հաղթում են ոչ միայն իշխող կուսակցության, այլեւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, ոմանք հընթացս են դառնում ընդդիմադիր, ինչը քաղաքական տրամաբանության, ժողովրդավարության հետ այնքան էլ ուղիղ կապ չունի, բայց սա կուլտուրայի հարց է»։

Վարչապետն ասաց, որ 2018 թվականից կառավարությունը մոտ 300 միլիոն դոլարի հատկացումներ է արել ՏԻՄ-երին․ «Ընդ որում, կառավարությունը երբեք չի առաջնորդվել, թե որ համայնքում որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է ղեկավար. սա ստուգելի եւ ապացուցելի փաստ է։ Բայց ժամանակ առ ժամանակ ես տեսնում եմ միտումներ, որ համայնքների ներկայացուցիչները փորձ են անում ներկայացնել, թե այն ծրագրերը, որոնք իրականացվում են սուբվենցիաների շրջանակում՝ իրականացվում են ի հեճուկս կառավարության։ Այսինքն, իբր կառավարությունը դիմադրում է, իրենք էլ հաղթահարելով կառավարության դիմադրությունը՝ ենթակառուցվածքային բարեփոխումներ են անում, տրանսպորտային բարեփոխումներ են անում եւ այլն։ Այստեղ այն համեստությունը, որ այս ընթացքում մենք ցուցաբերել ենք, այլեւս տեղին չէ»։ Նա մարզպետներին հորդորեց սուբվենցիոն ծրագրերի բովանդակությունը հստակ ներկայացնել հանրությանը:

Գնել Սանոսյանն էլ վստահեցրեց՝ 2020 թվականի ամենախոշոր 10 սուբվենցիոն ծրագրերը, որոնք իրականացվել են, 10-ից ոչ մեկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքի ղեկավար չի ունեցել, ամենախոշոր ծրագրերն իրականացվել են Սյունիքում, Գեղարքունիքում, նաեւ Գյումրիում, Ապարան համայնքում եւ այլն:

«Պարոն Սանոսյան, որ տենց շարունակեք, ես այստեղ ներիշխանական դավադրություն եմ տեսնելու, որովհետեւ ինչքան շատ ենք ֆինանսավորում համայնքներին, այնքան ակտիվ կառավարության հրաժարականն են պահանջում։ Իզուր եք բարձրաձայնում»,-կատակեց Փաշինյանը։

Սանոսյանն էլ արձագանքեց՝ անկախ թե որ ուժի ներկայացուցիչն է համայնքի ղեկավարը, բոլորը մեր բնակիչներն են, բոլորի խնդիրները մերն են եւ քաղաքական հարց չենք դրել համայնքի խնդիրները լուծելիս, եւ ֆինանսական այս ցուցանիշների առումով նույն պատկերը նաեւ 2021-ին է եղել։

«Կատակը մի կողմ, բայց մեր կուսակցությունը ներկայացնող համայնքի ղեկավարները բողոքում են, որ ոնց որ թե մենք իրենց ավելի վատ աչքով ենք նայում, քան ոչ մեր կուսակցությունը ներկայացնողներին։ Այստեղ, իհարկե, ոչ մի կողմի վրա կողմնապահություն չկա։ Այդ գիծը պետք է շարունակենք»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28