ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը գտնում է, որ Սահմանադրությամբ երկրի նախագահի կարգավիճակը շատ յուրահատուկ է եւ նա պարտավոր է ապահովել իշխանության թեւերի հավասարակշռում։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վահագն Խաչատուրյանը պատասխանելով հարցին, թե ինչպես կգնահատի ՀՀ արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքը, ասաց․ «Այն, ինչ գրված է Սահմանադրությունում, դրանով առաջնորդվելու դեպքում՝ հանրապետության նախագահը կկատարի իր պարտավորությունները․ բացի դա, նա կլինի արդյունավետ՝ պետական կառավարման համակարգում։ Ամենակարեւորը՝ իշխանության տարբեր թեւերի միջեւ հավասարակշռություն պահելու խնդիրն է։ Այդ իրավիճակում ինքը ոչ թե պետք է որեւէ մեկի կողմը կանգնի, ինքը պետք է գտնի ընդունելի լուծում, որը երկրում տարբեր իրավիճակներում ցնցում չի առաջացնի։ Սա կարեւոր խնդիր է, որը պետք է լուծի նախագահը։ Երբ նախագահի ինստիտուտի մասին խոսում են, որ լիազորություններ չունի, այլ խնդիր է, մենք մի երկրում ենք, որտեղ նախագահին Սահմանադրությամբ այս լիազորություններն են տրված։ Այն մարդը, որը գալիս է այդտեղ աշխատելու, ինքը պետք է փորձի այդ լիազորությունների շրջանակում այդ ինստիտուտը կայացնի։ Ես գտնում եմ, որ միգուցե այդտեղ է բացթողումը, գուցե ժամանակը չներեց կամ ինչ-որ խնդիրներ կային պատկերացումների մեջ»։
Արդյոք Վահագն Խաչատուրյանը կունենա՞ քաղաքական կամք այս իշխանության ներկայացրած որեւէ օրենքի նախագիծ վիճարկել, չստորագրել կամ ուղարկել ՍԴ, հաշվի առնելով, որ այս քաղաքական իշխանության թիմի անդամ է։ Այս հարցին ի պատասխան՝ Խաչատուրյանն ասաց, որ մինչ նման որոշում կայացնելը՝ քննարկումներ պետք է լինեն նախագծի հեղինակների, նախարարների հետ․ «Երբ նախագահական ինստիտուտը, որը կոչված է որոշումների ընդունման վերջակետը դնել՝ ստորագրությամբ, այդ օրը չէ կարեւոր, այլ կարեւոր է, թե ինչ է արվել մինչ ստորագրելը»։
Նախագահի թեկնածուի կարծիքով՝ նախագահական ինստիտուտին վերագրել, որ պետք է քաղաքական որեւէ ուժի պատվերը սատարի, ամենասխալ մոտեցումն է․ «Նա պետք է փորձի բոլորի տեսակետների համախմբողը լինի կամ ընդհանուր կարծիք արտահայտողը»։
Կարդացեք նաև
Ճշտող հարցին՝ այսինքն՝ կարո՞ղ է Փաշինյանին հակադրվել եւ նրա հրամանագիրը չստորագրել, Խաչատուրյանը պատասխանեց․ «Այդ հրամանագիրը, որը գալիս է ստորագրվելու, եթե հարկ լինի, մինչ այդ առարկություններ կներկայացվեն, եւ քննարկումների արդյունքում կծնվի այն փաստաթուղթը, որը առարկություն չի ներկայացնի։ Նախագահի ինստիտուտը պետք է համաձայնության եզրեր գտնի, ոչ թե կոնֆլիկտներ ստեղծի, պետք է անաչառ լինի։ Նախագահի գործունեությունը ինքնանպատակ չպետք է լինի»։
Սահմանային իրավիճակի մասին հարցին էլ, թե գտնո՞ւմ է արդյոք, որ հակառակորդը մեր սուվերեն տարածքում է, նա պատասխանեց․ «Ոչ։ Այն տարածքում, որտեղ նստած են առայժմ, նստած են՝ մերն է։ Եվ այդ հարցը երբ քննարկվի եւ գանք համաձայնության նրանց հետ, համոզված եմ, որ այդ տարածքում չեն լինի, մեր սուվերեն տարածքում չեն լինի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ