Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ տնտեսվարողները հնարամտորեն խաբել են քաղաքացիներին. Գազալցակայանում եւ բենզալցակայանում թերլցումների դեմ վերահսկող սարք են դնելու

Փետրվար 03,2022 15:53

Այսօր ԱԺ առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում փոփոխությունների նախագիծ քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում:

Այս նախագծով կառավարությունը որոշել է կարգավորել գազալցակայաններում եւ բենզալցակայաններում իրականացված ստուգաչափումներից հետո անթույլատրելի միջամտությունները եւ թերլցումները, ինչպես նաեւ պետական վերահսկողական մեխանիզմի կիրառմամբ եւ տուգանքների խստացմամբ վերացնելու են սպառողներին տվյալ արտադրանքի վաճառքի ժամանակ թերլցումները:

Տեսչական մարմինները ներկայումս ստիպում են, որ տնտեսվարողները տարին մեկ անգամ ստուգաչափում անցնեն, բայց իրականում պրակտիկան ցույց է տալիս, որ թերլիցքավորումներ լինում են: Եկել են այն եզրահանգման, որ տնտեսվարողները միջամտում են վառելիքաբաշխիչ աշտարակի ծրագրին ու խաբում են քաղաքացիներին: Հիմա այս կարգավորմամբ տեսչական մարմինը կստուգի՝ միջամտություն եղե՞լ է, թե՞ ոչ, որովհետեւ հակառակ դեպքում վահանակի վրա ցույց կտա մի թիվ, իրականում կմատակարարվի ավելի քիչ: Ընդ որում, ներկայումս այնքան է այդ ամեն ինչը զարգացել, որ ծրագրում միջամտությունները կարգավորվում են հեռավար սկզբունքով, երբ մոտենում է տեսչական մարմինը, այդ ժամանակ գործակիցները փոխում են ու թիվը ճիշտ է ցույց տալիս, իսկ երբ քաղաքացիներն են մոտենում՝ այլ գործակցով են սպասարկում:

Բաբկեն Թունյան

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը արձագանքեց՝ փաստորեն, սա այն դեպքերից է, երբ տնտեսվարողները շատ հնարամիտ են գտնվում ու կարող է այս կարգավորման դեմ էլ մի քայլ առաջ ընկնեն ու էլի խարդախություն անեն:

Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տոլյանն ասաց, որ ամեն լցակայան պետք է հատուկ սարք առնի, այն կարժենա 600 հազար դրամ ու ամեն աշտարակի վրա պետք է դա տեղադրվի: Այդ սարքով էլ կհետեւեն վառելիքի բաշխման աշխատանքին: Ներկայումս 189 աշտարակ կա Հայաստանում հեղուկ գազի, 600 աշտարակ բենզինի, ԱԳԼՃԿ-ի՝ 500: Տնտեսվարողների հետ նախագիծը քննարկվել է, բնականաբար դեմ են, որովհետեւ 7-8 մլն-ի ծախս են անելու: Սարքի ժամկետը 3 տարի է, ամսական մոտ 17 հազարի հավելյալ ծախս է: Կառավարությունը գտնում է, որ իրենց շահույթը թույլ տալիս է այդ ծախսն անել:

Սերգեյ Բագրատյան

ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ բա որ հոսանքազրկվի, տնտեսվարողը ստիպված միջամտի, ո՞նց են պարզելու՝ չարամտորեն է մտե՞լ, թե՞ ստիպված: Տոլյանը պատասխանեց, որ այդ օբյեկտիվ միջամտությունները կարգը սահմանելիս կնախատեսեն: Հնարավոր է այնպես սահմանեն, որ այդ ամեն ինչը արվի միայն տեսչական մարմիների ներկայությամբ ու իրենց հսկողությամբ: Սարքը կապարակնքվելու է:

Հովիկ Աղազարյան

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց. «Դուք նկարագրեցիք, որ երբ տեսչական մարմնի աշխատակիցներն են մոտենում, տնտեսվարողն իմանում է ու կարգի է բերում, դուք հնարավորություն չունե՞ք օպերատիվ կերպով՝ «incognito» մոտենալ»: Կառավարության ներկայացուցչները պատասխանեցին, որ այդպես էլ անում են, բայց տեխնոլոգիաները զարգացել են ու տնտեսվարողը կարող է հեռավար աշտարակին wifi-ով միանալ, մինչեւ տեսչական մարմնի աշխատողները չափիչ սարքի մեջ լցնեն, արդեն ծրագրում փոփոխություն կանեն: Աղազարյանը դժգոհեց. «Դե բնականաբար, եթե կրիայի շարժումներով մոտենանք, այդպես կլինի: Հնարավոր չէ՞ մեքենան լիցքավորել, հետո ասել՝ ես 20լ եմ ուզել, 18 եք լցրել: Պարզվեց՝ ցավոք, ՀՀ-ում չկա այդպիսի մեքենա, որը հնարավոր է լիցքավորել ու պարզել՝ թերլցում կա՞, թե՞ չկա, միայն չափիչ սարքով դա կարող են անել:

Բագրատյանը հորդորեց, որ եթե այդ սարքը դեռ չեն բերել՝ չբերեն, որովհետեւ սա լուրջ բողոք կառաջացնի տնտեսվարողների շրջանում. «Օրինակ, ժամանակին Վանո Սիրադեղյանի ժամանակ բալոններ էին պարտադրում վարորդներին, ասեցին՝ Վանոն ներկրել է, բերել է, որ ծախի: Հիմա նույն պատմությունը չանեք»:

Աղազարյանը անհանգստացած էր, որ եթե տնտեսվարողները ծախս անեն, դա կմտնի գնի մեջ ու էլի սպառողների գրպանից է դուրս գալու: Պատգամավորները նոր առաջարկներ արեցին՝ հորդորելով օրինակ սկսել նախ բենզալցակայաններից, հետո նոր կիրառել այն ԱԳԼՃԿ-ներում:

Նախագիծը առայժմ հետաձգվեց, մինչեւ վիճակագրություն բերեն ստուգումների քանակի ու սարքերի հետ կապված որոշ տեղեկություններ ներկայացնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28