Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հեռավոր գյուղից մի պապիկ եկել է Երեւան, վթար է ունեցել, ասում են` ներբեռնեք հավելվածը». Վարորդները ցույց են անում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ

Փետրվար 03,2022 15:45

ԱՊՊԱ-ի թանկացման մեղավորը Կենտրոնական բանկն է, որը ամենաթողություն է տվել ապահովագրական բյուրոյին: Այսօր ասաց երթեւեկության փորձագետ, փաստաբան Արտակ Խաչատուրովը, որը մի քանի տասնյակ այլ վարորդ-քաղաքացիների հետ մասնակցում էր ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման բողոքի ցույցին:

Արտակ Խաչատուրով

Բանն այն է, որ Ավոտապահովագրողների բյուրոյի խորհուրդը 2021 թվականի դեկտեմբերի 23-ի նիստում որոշում է ընդունել, ապա ՀՀ կենտրոնական բանկն էլ այս տարվա հունվարի 25-ին, այսպես ասած՝ հաստատել է ԱՊՊԱ-ի՝ պարտադիր ապահովագրության վճարի ավելացումը։

Սա հարուցել է բազմաթիվ վարորդների դժգոհությունը: Նրանք արդեն երկրորդ անգամ են ցույց անում: Ասում են՝ առաջին հայացքից թվում է դրական փոփոխություններ պետք է լինեն, եւ ԱՊՊԱ-ն ընդամենը 3 հազար դրամով է ավելանում, սակայն բյուրոյի որոշման որոշ դրույթներ համարում են վտանգավոր, անընդունելի։

«Եթե որոշումը չփոխեն, թույլ չենք տալու տուն գնան: Փշալարերը քաշելու ենք, ասելու ենք՝ դե դուք մնացեք էն կողմը, մենք՝ էս կողմը՝ մինչեւ խելքներդ հավաքեք գլուխներդ»,-ասաց Արտակ Խաչատուրովը՝ նշելով, որ իրականում ապահովագրականները մեղք չունեն, քանի որ Կենտրոնական բանկը ավելորդ վճարումներով ծանրաբեռնել է ապահովագրական ընկերություններին, նրանք էլ ստիպված բարձրացնում են գները, որ «տակից դուրս գան»:

Այդ պատճառով էլ, ըստ Արտակ Խաչատուրովի, իրենց բողոքն ուղղված է հենց ԿԲ-ին: Առաջարկում են որոշումը հետաձգել՝ մինչեւ որ հանրային քննարկումներ իրականացվեն եւ ըստ արձագանքի՝ որոշում կայացնեն: Ցույցի մասնակիցների խոսքով, համատարած թանկացումների ֆոնին նաեւ ԱՊՊԱ-ն են թանկացնում:

Նրանք «ԱՊՊԱ-ն չի՛ թանկանալու» մակագրությամբ թերթիկներ էին պատրաստել՝ տարբեր տեղեր փակցնելու ակնկալիքով, սակայն, ոստիկանները հորդորեցին դրանք չփակցնել հանրային վայրերում: Նրանց օրինական պահանջին չենթարկվելու համար բերման ենթարկվեց Արտակ Խաչատուրովը:

Վարորդների ցույցը հսկում էին մի քանի տասնյակ ոստիկաններ, որոնք մի քանի շարքով պատ էին կազմել ԿԲ-ի դիմաց:

Վարորդների խոսքով, տեղի ունեցածը ներկայացնում են բարեփոխում եւ որ ընդամենը 3 հազար դրամով է թանկացումը, բայց իրականում ծուղակ է, քանի որ ընթացիկ խնդիրներ կան. «Հեռավոր գյուղից մի պապիկ եկել է Երեւան, վթար է ունեցել, կամ հենց իրենց գյուղում է ունեցել: Զանգում են, ասում են՝ ներբեռնեք հավելվածը, գրանցեք պատահարը, արտաքին տեսքի վնասվածքները: Բայց ներքին զննություն չեն անում, չեն մոտենում իրենց մասնագետները: Սա մեկ խաբեություն: Կամ այդ պապիկն է՝ մի հատ սովորական «նոկիա» ունի ու չի կարողանում հավելվածը ներբեռնի, ի՞նչ է ստացվում, ստացվում է, որ այդ մարդը դուրս մնա՞ց այդ օրենքից, բայց նա վճարում է չէ՞ այդ ԱՊՊԱ-ի համար»:

Վարորդների ներկայացմամբ, ոլորտում բազմաթիվ բացթողումներ կան, ԱՊՊԱ-ից հեռախոսազանգերին երբեմն չեն պատասխանում, կամ՝ ասում են՝ վթար է եղել, 5 րոպե ուշ եք զանգել եւ այլն:

Վարորդները ավտոմեքենաների ազդանշանները միացրած՝ երթով շարժվեցին դեպի ԱՊՊԱ բյուրո: Ասացին՝ այնքան են պայքարելու՝ մինչեւ որ հետ կանգնեն այդ որոշումից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28