ԲՏԱ նախարար, ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը գտնում է, որ այլ երկրներում դիվանագիտական փորձ չունեցող անձանց դեսպան նշանակելը ճիշտ է։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Խաչատուրյանը պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ինչպե՞ս է գնահատում դիվանագիտական փորձ չունեցողներին դեսպաններ նշանակելն ու օրինակ, ըստ մամուլի, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին առաջիկայում Կանադայում դեսպան նշանակելու Փաշինյանի մտադրությանը, Խաչատուրյանն ասաց․ «Ես գտնում եմ, որ ճիշտ են անում, որովհետեւ այդ տարիների փորձառություն ունեցող դեսպաններից շատերը ոչ թե զբաղվում են պետական շահերը սպասարկելով, այլ ուրիշ խնդիրներ են լուծում։ Կան դեսպաններ, որոնք տվյալ երկրում ծառայում են, հետո չեն վերադառնում, դառնում են այդ երկրի քաղաքացի»։
Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ այն գիծը, որը տարվում էր դիվանագետների կողմից, պետք է լինի տվյալ երկրի քաղաքական ծրագրի, քաղաքականության սպասարկողը, եւ ոչ թե իրենց անձնական քաղաքական մոտեցումները տվյալ երկրում իրականացնելը․ «Մեր շատ դիվանագետներ զբաղվում էին դրանով, դա անթույլատրելի է։ Հիմա ես կառավարության անդամ եմ եւ դուրս եմ գալիս, սկսում կառավարության հասցեին չգիտեմ ինչ ասել։ Ձեւ կա դրան, դիմում եք գրում, դուրս գալիս ու խոսում, նույնը դիվանագիտության մեջ պետք է լինի»։
Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու մասին էլ Խաչատուրյանն ասաց՝ շատ ճիշտ որոշում էր․ «Նա քաղաքական թիմի անդամ է եւ պատասխանատվություն է զգում երկրի քաղաքական գծի համար եւ նա ԱՄՆ-ում կներկայացնի ՀՀ շահը, այնպես ինչպես Հայաստանում կա, եւ չգնա ասի՝ ես Լիլիթ Մակունցն եմ, այս հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն այսպես ասաց, բայց ես այսպես եմ մտածում։ Դա անթույլատրելի է»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ