Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երթուղայինների՝ կանգառ հասնելու ժամերին հետեւելու են. Հովիկ Աղազարյանը ԱԺ-ում բողոքեց՝ 63 համարը, 18 համարի ավտոբուսը շատ վատ են աշխատում

Փետրվար 03,2022 15:17

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը ներկայացրեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը: Կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող կազմակերպությունների, այդ թվում՝ Երեւանի երթուղայինների ծառայությունների որակը կվերահսկվի: Երթուղային թերթիկ են տալու ավտոկայանային կամ երթակարգավորական ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որ հետեւեն որակին: Նախագծով էլեկտրոնային համակարգ է առաջարկում ներդնել:

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ Երեւանում կան երթուղիներ, որոնք մասնավոր սպասարկման տակ են. «Բացահայտ կասեմ՝ 8 համարը, 57-ը, 44 համարը, որոնցից առիթ եմ ունեցել օգտվել, շատ լավ են աշխատում ժամանակի առումով, բայց կան երթուղիներ՝ 63 համարը, 18 համարը, որոնք շատ վատ են աշխատում: Մասնավորապես, չվացուցակի հետ կապված շատ անառողջ դրսեւորումներ են առաջանում, հնարավոր չի՞ չվացուցակի հարցն էլ կարգավորենք ու այն երթուղիները, որոնք 10 րոպեից ավելի ինտերվալով են, կարգավորման տակ ընկնեն: Եթե քաղաքացին իմանա, որ իր 63 համարի ավտոբուսը կանգառում է լինելու ժամը 8:13, ինքը այդ ժամին կանգառում կլինի: Համ քաղաքացիները ճիշտ կօգտվեն, համ էլ իր արդյունավետությունը կբարձրանա»:

Սիմոնյանը պատասխանեց. «Որ այդքան անկեղծացաք, ասեմ՝ 44-ը չի աշխատում այս պահին, իրենց սպասարկման ժամկետը լրացել է, մեքենաների տարիքն ավարտվել է: Ինչ վերաբերում է չվացուցակին, կանոնավոր փոխադրումը հաստատված չվացուցակով փոխադրումներն են: Էլեկտրոնային ռեժիմով կարելի է հետեւել, թե մեքենան իր երթը երբ է կատարում, այս պահի դրությամբ որ կետում է գտնվում: Ես այս պահին չեմ կարող ասել՝ քաղաքապետարանը «դոստուպ» կտա հետեւել, թե ոչ, բայց ինչ-որ պահի դա կարող է լինել»: Նա արտերկրի օրինակը բերեց, երբ քաղաքացիները կարողանում են իմանալ՝ իրենց ցանկացած երթուղայինը երբ կլինի կանգառում ու այդ ժամին են դուրս գալիս:

Հռիփսիմե Ստամբուլյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հարցրեց՝ այս նոր համակարգի ներդրումը ծառայությունների արժեքը չի՞ բարձրացնի՝ Սիմոնյանը պատասխանեց, որ ոչ:

Նախագիծը չդրվեց քվեարկության, իրավաբանական վարչության հետ նախագիծը պետք է քննարկվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28