Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի նման բան ասել․ պատրաստվել էինք, հրավիրատոմսեր կային, ուղղակի հետաձգվեց»․ պաշտպանության փոխնախարար

Փետրվար 03,2022 14:47

«Չեմ ուզում ասել մի բան, որի մասին հստակ տեղեկություն չունեմ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե երբ է տեղի ունենալու բանակի երեսունամյակի հետաձգված տոնակատարությունը՝ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Թե ինչու միջոցառումներ տեղի չունեցան, փոխնախարարը որպես պատճառ մատնանշեց կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման բարձր թվերը։

Հատկանշական է, որ սովորության համաձայն՝ Արման Սարգսյանը շտապում էր հեռանալ եւ քայլելու ընթացքում էր պատասխանում հարցերին, շեշտում, որ լրագրողներն իրար շատ մոտ են կանգնած, հեսա մեկի թեստը դրական կլինի, մինչդեռ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ նստած էր պատգամավորներից նույն հեռավորության վրա․ բոլորն առանց դիմակների։

«Գիտեմ, որ ժամանակավոր հետաձգվել է։ Պատճառն օբյեկտիվ է։ Թվերն ամեն օր շատանում են, բանակում էլ կա խնդիրը»,-հավելեց նա։

Ինչ վերաբերում է գնահատականներին, թե բանակի օրը միտումնավոր պատշաճ չի նշվել, Արման Սարգսյանն ասաց․ «Նման բան չի կարելի ասել։ Նախապատրաստվել էինք, հրավիրատոմսեր էին ուղարկվել, միջոցառումներ էին նախատեսվել, որոնք կասեցվեցին ուղղակի»։

Իսկ թե ինչու նախարար Սուրեն Պապիկյանը ուղերձ չի հղել, փոխնախարարը խնդրեց հարցադրումն ուղղել ճիշտ հասցեատիրոջը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28