Կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեպքում հիվանդացության ախտանշանները նման են հարբուխին, հիվանդի մոտ լինում է հազ, փռշտոց, ջերմության բարձրացում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա ասաց, որ օմիկրոն շտամով հիվանդությունը գրիպի եւ հարբուխի շփոթեցնող նշաններ ունի, եթե կան նման ախտանշաններ, ապա արժե ՊՇՌ թեստ հանձնել, հասկանալու համար՝ քովիդո՞վ եք վարակված, թե՞ ոչ։
«Մենք հիվանդացածների շրջանում նկատում ենք հիվանդության ծանրության թեթեւացում, եթե այս թվերն ունենայինք դելտա շտամի դեպքում, իսկապես, հոսպիտալացման աստիճանն ու համակարգն անհամեմատ ավելի ծանրաբեռնված կլիներ։ Այսօր մեր մահճակալային ֆոնդը դեռ ամբողջությամբ ծավալված չէ։ Ընթացքում, ըստ կարգի, կավելացնենք։ Նաեւ երեխաներն էլ են հաճախ հիվանդանում եւ մանկական բժշկական կենտրոններն ամբողջությամբ լարված աշխատում են, երեխաների շրջանում շատ տարածված է օմիկրոնը»,-ասաց նախարարը։
Նրա վստահեցմամբ՝ օմիկրոնի դեպքում հիվանդացության միջին տարիքը 47 տարեկանն է․ «Այսինքն, տարիքի նվազում ունենք»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային