Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան․ «Թուրքերը միշտ էլ Հայաստանում կապիտալ են ձեռք բերել»

Փետրվար 03,2022 14:08

«54%-ի կարծիքով՝ փաստորեն ճիշտ ուղով ենք տանում երկիրը, մեզ ընտրել է 54%-ը»,-այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն, անդրադառնալով դիտարկմանը, թե Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումներով՝ ՀՀ բնակչության 46%-ի կարծիքով՝ երկիրը ընթանում է «սխալ ուղղությամբ»։

Ներդրումների մասին հարցին ի պատասխան էլ Քերոբյանը նշեց Ապարանի մարզի Եղիպատրուշ համայնքում լեռնադահուկային համալիրը, որի ներդրումային ծրագրին այսօր կառավարությունը հավանություն տվեց, կնքվել է 24 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիր՝ ճոպանուղի ձեռք բերելու համար։

Մամուլը գրել էր, որ այս ընկերությունը կապ ունի Միհրան Պողոսյանի՝ «Քեթրինի Միհրանի» հետ, սակայն այսօր Քերոբյանը հերքեց այդ լուրը։

Նախարարն ասաց, որ վերջին ամիսներին եվրոպական ընկերություններն իրենց գործարանները Չինաստանից տեղափոխում են ավելի մոտ տարածաշրջաններ, այդ թվում՝ Հայաստան․ «Օրինակ` իտալական խոշոր Լաբոտեկա ընկերությունը, որը հյուրանոցային տեքստիլի խոշոր արտադրություն է, Չարենցավանում արտադրամաս է հիմնել, որտեղ կարում են խալաթներ, չստեր, սրբիչներ եւ այլն»։

«Վաղն էլ իտալական չորս ընկերության ներկայացուցիչների հետ եմ հանդիպելու, ովքեր տարբեր ծրագրեր են ուզում ներդնել Հայաստանում»,-ասաց նախարարը։

Հայ-թուրքական սահմանի բացման եւ թուրքերի՝ ՀՀ-ում կապիտալի գնման վտանգների մասին հարցին ի պատասխան էլ Քերոբյանն ասաց, որ թուրքերը միշտ էլ ՀՀ-ում կապիտալ են ձեռք բերել։ Նա վստահեցրեց, որ այդ տվյալները կան կադաստրում․ «Թուրքերը միշտ էլ գնել են անշարժ գույք, ընկերություններ»։

Հարցին՝ արդյոք օրենք մշակում են, որպեսզի բաց սահմանների դեպքում թուրքերը հնարավորություն չունենան ռազմավարական օբյեկտներ գնել, նախարարը պատասխանեց, որ այս պահին նման օրենք չեն մշակում․ «Մեր նպատակը ոչ թե փակելն է տնտեսությունը, այլ՝ ուժեղացնել, որպեսզի այդ միջավայրում կարողանանք ունենալ մրցունակ ընկերություններ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28