Լրահոս
Օրվա լրահոսը

«Բալերը կորցնում են անդաստիարակները կամ վատ վարողները»․ պատգամավորները քննարկեցին բալային համակարգը չեղարկելու հարցը

Փետրվար 03,2022 13:43

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանն առաջարկում է չեղարկել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար կիրառվող բալային համակարգը, քանի որ, ըստ նրա, սահմանադրությունն արգելում է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության միջոցի կիրառումը, օրինակ՝ տուգանք եւ ազատազրկում։

Արամ Վարդեւանյան

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը՝ Արամ Վարդեւանյանը նշեց․ «Կառավարությունը կարծում է, որ տուգանային միավորը ոչ թե առանձին, այլ լրացուցիչ պատասխանատվության միջոց է։ Համաձայն չեմ։ Բալային համակարգը եւ տուգանային միավորները ոչ թե առանձին գործիքներ են, այլ կոնկրետ հետեւանքներ են նախատեսում։ Իննը միավոր տալով եւ դրանք սպառելով՝ վարորդական իրավունքի կասեցում է նախատեսվում, հետեւաբար՝ դա առանձին միջոց եւ զուգահեռ է կիրառվում՝ այլ միջոցների դեպքում եւ նույն արարքների համար»։

Պատգամավորը հիշեցրեց՝ այս իշխանությունը հստակ խոստում էր տվել, որ քաղաքացիները «տուգանքի մատերիալ» չեն լինելու․ «2021թ․-ին 170․000-ից ավելի որոշում է եղել, հինգ հազարին հասնող վարորդական իրավունքներ են կասեցվել։ Բնավ չեմ պնդում, որ իրավախախտները պետք է ազատվեն պատասխանատվությունից, բայց տուգանքի կիրառման գերակայություն քաղաքացու հանդեպ չպետք է լինի։ Կարող է այլ մոտեցում լինել, բայց երբ գումար է բռնագանձվում եւ տուգանային միավոր է իջեցվում, արդյունքում վարորդական իրավունք է կասեցվում»։

Արամ Վարդեւանյանի խոսքով՝ տուգանային միավորների ներդրումը չի փոխել իրավիճակը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման եւ մահվան ելքերի տվյալների տեսանկյունից․ «Ինչո՞ւմն է կայանում այս համակարգի անհրաժեշտությունը։ Դրա հետեւանքն է առաջացնում իրավունքի խախտում»։

Վիլեն Գաբրիելյան

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նկատեց՝ բալային համակարգը զսպիչ գործոն է․ «Պատժի եւ խրախուսանքի դաշտ ենք մտնում։ Չեմ ընկալում ձեր նախագիծը։ Օրենք խախտելը վատ է, իսկ բալային համակարգը մարդու մոտ նաեւ մտածելակերպ է փոխում։ Օրենք չխախտելը մտածելակերպ է։ Ոչ բավարար միջոց ունեցող քաղաքացին իր մեջ օրենք չխախտելու պարտականություն պետք է ձեւավորի»։

Հայկ Սարգսյանն ու Արմեն Խաչատրյանը

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հայկ Սարգսյանն էլ ասաց․ «Մի մասով եմ համակարծիք, որ համակարգը շատ խնդիրներ ունի դեռեւս։ Սրա իմաստն այն էր, որ մեծահարուստները, որոնք արտասահմանում կայանման համար վճարում էին, այստեղ երկրորդ շարքում կայանելով՝ վճարում էին հինգ հազար դրամ։ Դրա հետեւանքով խցանումներ էին առաջանում։ Նրանք խնդիր չունեն այդ գումարը տալուց, Եվրոպայում մի քանի անգամ ավել են վճարում, բայց անապահով մարդիկ տեսել են այդ վիճակը, եւ դա նյարդայնացրել է բոլորիս։ Դրա համար ներդրվել է բալային համակարգ, որ մի քանի անգամ երկրորդ գծում կայանողները զրկվեն բալերից։ Բայց մեր խելացի մարդիկ հարազատների անուններով են գրանցումներ անում, օրինակ՝ տատիկի։ Եկեք այս հարցը լուծենք։ Դուք վարորդական իրավունքից զրկվե՞լ եք ինչ-որ ժամկետով։ Ենթադրում եմ, որ ոչ։ Եթե զրկված լինեիք, կիմանայինք, որ զրկվելուն միաժամանակ ֆինանսական բեռ չի լինում։ Եթե բալերը սպառվում են, վերջին խախտման համար չես վճարվում, այլ զրկվում ես վարելուց վեց ամսով։ Դա կրկնակի պատասխանատվություն չի, ինչպես դուք եք պնդում»։

Արամ Վարդեւանյանը պատասխանեց․ «Վարորդական իրավունքի կասեցում չեմ ունեցել, բալերի նվազեցում ունեցել եմ։ Տրամաբանությունը կրկնակի պատասխանատվության հետեւյալն է։ Պետություն ինքն է որոշել, որ մարդն իննը բալ ունի, որոնց նվազումն ազդեցություն ունի։ Բայց ստացվում է, որ նվազեցման ընթացքում դրամական միջոցներ ես վճարում։ Կայանման խնդրի վերաբերյալ առանձին տուգանային միավորի պատասխանատվություն կարող էր լինել։ Ինչո՞ւ պարտադիր դա զուգակցել բալային համակարգի հետ։ Պարտադիր կապակցվածությունն է խնդիր առաջացնում»։

Հայկ Սարգսյանը պնդեց, որ բալ կորցնելով՝ մարդը պատասխանատվության եւ ֆինանսական կորստի չի ենթարկվում։

Անդրանիկ Քոչարյան

Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին նշեց, այս նախագծի մասին դեռեւս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ժամանակ է խոսվել, որպեսզի ճանապարհներին տիրող իրավիճակը կարգավորվի․ «Դուք դե՞մ եք բալային համակարգին։ Եթե դեմ եք, ի՞նչ եք առաջարկում»։

Վարդեւանյանը պարզաբանեց, որ մինչեւ 2018թ․-ը նման օրենսդրական կարգավորում չի եղել․ «Խնդրի մասին ասվել է Կարեն Կարապետյանի ժամանակ։ Նախաձեռնություններ եղել են։ Իմ պատասխանն այն է, որ այս տեսքով՝ զուգորդված պատասխանատվության այլ միջոցով, չպետք է լինի։ Բացի այդ, բալայան համակարգը չէ այն գործիքը, որը կարող է դրական դինամիկա ապահովել»։

Անդրանիկ Քոչարյանը հարցադրում արեց․ «Բալեր ո՞վ է կորցնում․ նա, ով լավ չի վարում կամ անդաստիարակ է․ «Սա պատասխանատվության համակարգ է, բայց որ կան խնդիրներ, դա փաստ է»։ Վարդեւանյանը չհամաձայնեց․ «Կորցնում են ոչ միայն անդաստիարակները»։

Հանձնաժողովի անդամների մեծամասնական քվեարկությամբ նախագիծը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։ Անդրանիկ Քոչարյանն ակնարկեց, որ Վարդեւանյանը կարող է դիմել ՍԴ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28