Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վազգեն Բադալյան. «Իմ նպատակը ոչ միայն երիտասարդների հետ բարձր արդյունք գրանցելն է, այլ ազգային հավաքականին լավագույն կադրեր տալը»

Փետրվար 03,2022 13:08

«Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Մեկնարկային օրվա ավարտին հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը տպավորություններով կիսվեց Aravot.am-ի հետ:

«Մասնակցում է 141 բռնցքամարտիկ, որից ինը՝ աղջիկ: Առաջին օրվա մենամարտերը դիտելով՝ դժգոհ չեմ: Հաճելի է, որ առաջին օրվանից սկսած ռինգում լավ մրցակցություն է ծավալվում:

Մասնակիցների մեջ կան տղաներ, որոնք արդեն հասցրել են իրենց տարիքային խմբի միջազգային տարբեր ռինգերում բավականին բարձր արդյունքներ գրանցել: Մասնավորապես, անցած տարվա Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որտեղ Հայաստանի հավաքականը 2 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալով պատմության մեջ, անգամ խորհրդային տարիներին, չեղած արդյունք գրանցեց՝ նվաճելով թիմային 3-րդ տեղը:

Վստահ եմ, մենամարտերը գնալով կթեժանան եւ կկարողանանք լավ հավաքական ձեւավորել, ինչը շատ եմ կարեւորում, քանի որ մտադիր ենք այս տարի էլ առնվազն կրկնել անցած մրցաշրջանի արդյունքը: Դա, անշուշտ, հեշտ չէ, բայց ամեն բան մեծապես կախված կլինի նաեւ նախապատրաստության որակից ու արդյունավետությունից:

Ես իմ նպատակը համարում եմ ոչ միայն երիտասարդների հետ բարձր արդյունքների հասնելը, այլ ազգային հավաքականին լավագույն կադրեր մատակարարելը: Ի վերջ, ազգային հավաքականն է երկրի գլխավոր թիմը: Այս առումով, հաճելի է, որ մեր թիմի երկու բռնցքամարտիկներ օրերս նվաճեցին Հայաստանի մեծահասակների չեմպիոնի կոչումը»,-ասաց ավագ մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28