ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախը մենակ մի թողեք․․․․
Պատերազմից հետո արդեն չեմ հիշում, որ այցելությունս էր Արցախ։ Եվ ամեն անգամ Արցախից վերադառնալիս մի քանի օր չեմ կարողանում ուշքի գալ։ Գիտեք, այնպիսի տպավորություն է կարծես այցելում ես շատ ծանր հիվանդ կամ վիրավոր հարազատիդ, որը պայքարում է կյանքի համար։ Հասկանում ես, որ պետքը կողքը լինես, որ պարտավոր ես նրան այցելել, որ հիմա նրան ավելի ես պետք, քան երբևէ՝ նա ունի քո կարիքը։ Բայց այցելելը յուրօրինակ համարձակություն է պահանջում։ Ուժ և կամք պետք է ունենաս, որ այցելես անկողնում գամված հարազատիդ, տեսնես նրա տառապանքները, դեմքին՝ ժպիտի ու ծիծաղի փոխարեն, տեսնես ցավ ու տառապանք․․․
Այսօր մեր հաղթանակների ու ազգային իղձերի խորհրդանիշ Արցախը դարձել է պարտության, կորստի ու ցավի խորհրդանիշ։ Ու կարևոր չէ կոկիկ ու մաքուր Ստեփանակերտում էիր, հաղթական Շուշիում, Քարվաճառում էիր՝ Թարթառ գետի ափին կամ Մռավի ստորոտում, Հադրութի անտառներում էիր, թե Արաքսի հովտում, դու քո տանն էիր, քո երկրի տերն էիր, թուրքից ազատագրած հայրենիքում էիր։ Դու քեզ հաղթանակած էիր զգում։ Հիմա մնացել է մի փոքրիկ հողակտոր։ Չես ուզում հավատալ, որ այնտեղ որտեղ դու տարիուկես առաջ մոմ ես վառել, հիմա թուրքն է, որտեղ քեֆ ես արել ու քաջերի կենացն ես խմել, հիմա թուրքն է, որտեղ զոհված ֆիդայու հուշաքարի առաջ գլուխ ես խոնարհել, հիմա թուրքն է․․․ Հիշում եմ, թե մի քանի տարի առաջ որքան էի ուրախացել, երբ Բերձորի կենտրոնական հրապարակի ժանգոտած լուսացույցը փոխեցին։ Միգուցե դանդաղ, բայց կյանքը կանոնավորվում էր, արդեն խաչմերուկում լուսացույց էր աշխատում, երթևեկություն էր կարգավորում։ Իսկ երեք օր առաջ ստիպված ժամից ավել այդ հրապարակում սպասեցի մինչև ադրբեջանցիների շարասյունն անցավ ու շարժվեց դեպի Քարվաճառ։ Քարվաճառ․․․ հայոց միջնաբերդ։ Ժամանակին Վայքունիկի մելիքներն այնքան հզոր էին, որ Ջրաբերդի մելիքներին օգնության էին հասնում, որ թուրքերից ու պարսիկներից պաշտպանվեն։ Իսկ հիմա Քարվաճառում մի քանի հայ հոգևորական է մնացել, որ թուրքի գերության մեջ հայտնված Դադիվանքում խունկ ծխեն ու առ աստված աղոթեն․․․
Կարդացեք նաև
Մանուկյան Գեղամի հետ Արցախում էինք։ Զրուցել ենք զինվորականների հետ, թուրքի դիրքից մի քանի մետր հեռավորության վրա այգի մշակող շինականի հետ, գործարարների հետ, պատգամավորների ու զինվորականների հետ։ Երկար խոսել ենք Քաշաթաղի ու Աղավնոյի վարչական ղեկավարի հետ։ Մարդկանց խեղդում է անորոշության զգացումը։ Ի՞նչ է լինելու վաղը։ Ի՞նչ կարգավիճակ կունենա Արցախը, կվերադառնա՞ն Շուշի ու Հադրութ, որտեղո՞վ է անցնելու նոր «Լաչինի միջանցքը», որքա՞ն են մնալու ռուսները և վերջապես՝ ո՞ւր է Հայաստանը։ Արցախի շուրջ սարսափելի գործընթացներ են ընթանում։ Հայաստանն ու Արցախը կապող հանգույցները հատիկ առ հատիկ քանդվում են։ Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում, որ Արցախից ձեռք են քաշել։ Փորձում են իրենց դավաճանությունն արդարացնել պատմական փաստերն աղավաղելով ու նախորդներին բոլոր հնարավոր ու անհնար մեղադրանքներ առաջադրելով, ստելով, դեմագոգիայի նոր բարձունքներ նվաճելով։ Հասարակությունը, մեծամասամբ․ իներտ է։ Այս ընթացքում Արցախը պոկում են Հայաստանից; Թուրքերը միայն ճանապարհներ ու օդանավակայաններ չեն կառուցում։ Աղդամի խաչմերուկում նոր ենթակայան են կառուցել։ Ինչո՞ւ․ ո՞ւմ համար։ Ինչը զենքով չնվաճեցին, փափուկ ուժով են ուզում կլանել: Եթե նոր միջանցքը կառուցվի, Արցախը կդառնա կղզյակ թշնամական Ադրբեջանի խորքում։ Կառավարության ներկայացուցիչները մի քանի ամիս առաջ պնդում էին, որ այդ ուղղությամբ դեռ քայլեր չեն ձեռնարկվում, իսկ հիմա արդեն նոր ճանապարհի տեղն են որոշում․․․
Կանգնած ենք Արցախը կորցնելու վտանգի առաջ, լուրջ և իրական վտանգի առաջ․․․ Ի՞նչ անենք։ Կամ պետք է երեսներս շրջենք, որ չտեսնենք հոգեվարքի տառապանքները, կամ պետք է մեր եղբոր հետ լինենք, մեզանից կախված ամեն ինչ անենք, որ մեր խոցված եղբայրն ապաքինվի, ցավը փոխվի հույսի, իսկ հույսը հաղթանակ երկնի։
Ինչո՞ւ եմ սա ասում։ Գիտեմ, դժվար է Արցախ գնալը։ Դժվար է հոգեպես։ Շատերը նաև Արցախ այցելելն այլևս անվտանգ չեն համարում։ Այդպես չէ, ճանապարհը բաց է։ Արցախում ձեզ սպասում են, հույսով սպասում են։ Տարվա մեջ գոնե մի անգամ, մի քանի օրով Արցախ այցելեք։
Արցախը մենակ մի թողեք․․․