Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի՝ 65 պատգամավորների կողմից ՀՀ նախագահի պաշտոնին առաջադրվելը որոշակի վստահություն է հաղորդում, որ նա կընտրվի այդ պաշտոնում։ Այսօր այս մասին կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս պահին չեմ շնորհավորում, պատեհ չէ, ընտրվելու առիթով կշնորհավորեմ։ Հույս ունեմ, որ մինչեւ ընտրությունը, որը տեղի կունենա մարտին, դուք կկատարեք ԲՏԱ նախարարի ձեր դերակատարումը լիարժեք եւ այս ընթացքում կշարունակենք արդյունավետ աշխատել միասին»,-ասաց Փաշինյանը։
Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, եւ շարունակելով խոսքն՝ ասաց․ «Ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում հատկապես քաղաքական ուժի համար առաջադրել թեկնածու, քաղաքական կուսակցության ներսում հաստատ կան ավելի արժանի մարդիկ, բայց քաղաքական կուսակցության այս որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի, սա իմ անձնական գնահատականն է։ Պետք է վեր կանգնել ամեն ինչից՝ հանուն այն նպատակների, որով առաջնորդվում է այսօրվա կառավարությունն ու իշխանությունը։ Այն, ինչ նախագծվել է իմ թեկնածության հետ կապված, հետագայում համատեղ աշխատանքի արդյունքում կտա իրականում այն ծրագրերի իրականացման համար մեծ հնարավորություն, որի մասին ամեն օր խոսում ենք կառավարությունում»։
Վարչապետն էլ հավելեց՝ Սահմանադրության բերումով հանրապետության նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում եւ առաջնորդվում համազգային, պետական շահերով․ «Հավատացած եմ, որ կառավարությունը նույնպես առաջնորդվում է պետական, ազգային եւ համազգային շահերով, խորհրդարանը՝ նույնպես։ Այստեղ պետք է գործի իշխանությունների բաժանման սկզբունքը։ Սահմանադրությունը հստակ գծագրել է, թե իշխանության տարբեր թեւերն ինչ լիազորություններ ունեն եւ ինչպես պետք է համագործակցեն։ Կարեւոր եմ համարում, որ իշխանության թեւերը մեկը մյուսին լրացնեն եւ ոչ թե հակադրվեն, ինչը չի նշանակում, որ չկա բանավեճ»։
Կարդացեք նաև
Փաշինյանն ասաց, որ կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության միջեւ էլ կա մշտական բանավեճ, կառավարության ներսում էլ կա բանավեճ․ «Խնդիրն այն է, որ մենք ընդհանուր ուղենիշ եւ ռազմավարություն ունենանք, իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն, որովհետեւ բոլոր դեպքերում հակադիր շարժումներն իշխանության ներսում աշխատանքի մեխանիզմն է խաթարում, բայց սա չի նշանակում, որ բոլորն ամեն տեղ ունեն նույն կարծիքը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ