Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի հեղինակները խաղաղության հաստատումը պատկերացնում են զինված ուժերի հետեւողական ուժեղացմամբ եւ սպառազինության աննախադեպ ծավալի համալրմամբ. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 03,2022 10:59

Տարածաշրջանում խաղաղություն եւ համագործակցություն հաստատելու մասին պարբերաբար հայտարարող Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են մեծացնել իրենց ռազմական կարողությունները՝ հսկայական գումարներ ուղղելով բանակներին, այն դեպքում, երբ երկու երկրում էլ լուրջ տնտեսական ճգնաժամեր են: Թուրքիան հետեւողական ջանքերով ադրբեջանական բանակը բերում է իր զինված ուժերի չափանիշների տակ:

Նմանօրինակ մի տեղեկատվություն էլ տարածվեց օրերս, ըստ որի՝ թուրքական բանակի սպաները մարզում են Ադրբեջանի բանակում նոր կազմավորված, հնչեղ անուն ստացած «Komando» ստորաբաժանումներին:

Բանն այն է, որ ադրբեջանական հետախուզության եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներին մշտապես պատրաստել են թուրք մասնագետները՝ այդ գործընթացն սկսելով արցախյան առաջին պատերազմի ավարտից անմիջապես հետո: Ավելին՝ այս 30 տարիների ընթացքում Արցախի շփման գծում իրականացված ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական բոլոր ներթափանցումները նախապատրաստել են թուրք մասնագետները, եւ խմբերն էլ վարժանքներ են անցել հենց Թուրքիայում: Բայց կազմակերպված գործողությունները հիմնականում ձախողվում էին, այդպիսի դեպքերը բազմաթիվ են, որոնց վերջնական ակորդը եղավ հիմնականում դիվերսիոն ուժերով իրականացված 2016 թ. ապրիլյան անհաջող օպերացիան:

Առաջին Արցախյան պատերազմի ավարտից մեկ տարի անց, արցախա-ադրբեջանական շփման գծի հատվածներից մեկում ծառայելու տարիներին ականատես եղա Թուրքիայի վարժեցրած հետախուզական խմբի՝ Արցախի տարածք ներթափանցման ձախողված փորձին: 8 հոգանոց հետախուզական խմբին, որի հիմնական մասը փորձառու սպաներ էին, բացահայտեցին եւ ոչնչացրին ԱՀ ՊԲ զինված ուժերի 18-20 տարեկան ժամկետայինները: Հետախուզական խմբից վիրավորված, բայց դեռ կենդանի մնացած սպաներից մեկը մինչեւ մահանալը հասցրեց պատմել, որ Արցախի տարածք ներթափանցելուց առաջ 6 ամիս վարժեցվել էին Թուրքիայում՝ համապատասխան մասնագետների կողմից, այնուհետեւ վերադարձել էին Ադրբեջան, նախնական դիտարկել ներթափանցման ենթակա տարածքը, կրկին վերադարձել Թուրքիա՝ նախապատրաստման վերջնական փուլին, եւ այդքանից հետո անհաջող գործողություն իրականացրել:

Այդ դեպքից մեկ տարի անց նույն հատվածում այս անգամ ադրբեջանական զինուժի հատուկ նշանակության ստորաբաժանումը փորձեց արդեն դիվերսիոն գործողությամբ Արցախի ավտոճանապարհով երթեւեկող «ՎԱԶ 2106» ավտոմեքենայից քաղաքացիական անձանց առեւանգել, սակայն մեքենայում արցախյան առաջին պատերազմի մասնակից կար, եւ արդյունքում, տեղում թողնելով  երկու զոհ եւ իրենց հետ վերցնելով մի քանի վիրավորի, դիվերսիոն խումբը կարողացավ ճողոպրել շփման գծից այն կողմ: Հայկական կողմը կորուստներ չունեցավ, թեթեւ վիրավորվել էր միայն մեքենայում գտնված ազատամարտիկը, որի միայնակ դիմադրության շնորհիվ էին նրանք տվել նման կորուստներ եւ, վստահաբար, ձախողել կրկին Թուրքիայի ռազմական մասնագետների նախապատրաստած հերթական դիվերսիոն գործողությունը:

Եթե 44-օրյա պատերազմի հեղինակները խաղաղության հաստատումը պատկերացնում են զինված ուժերի հետեւողական ուժեղացմամբ եւ սպառազինության աննախադեպ ծավալի համալրմամբ, ապա հայկական պետությունները, որոնք մշտապես հանդես են եկել խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու օգտին, պարտավորված են նույն ոգով էլ պատասխանել թյուրքական պետությունների խաղաղության նման ձգտումներին:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ  Մարիամ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28