Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը Սուքիասյանին ընդառաջել է, Վանո Սիրադեղյանին ու Դավիթ Շահնազարյանին՝ մերժել. «Հրապարակ»

Փետրվար 03,2022 10:47

Վահագն Խաչատրյանը 1992-96 թթ․ եղել է Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, այսօրվա տերմինով՝ Երեւանի քաղաքապետ։ Նա այդ պաշտոնում ընտրվել է ՀՀՇ-ական Համբարձում Գալստյանի հրաժարականից հետո։ Փաստորեն, իր կյանքի երկու բարձր պաշտոններին նա նշանակվում է երկու աղմկոտ հրաժարականների արդյունքում։ Համբարձում Գալստյանին, որը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, 92-ին հրաժարական պարտադրեցին Երեւանի քաղխորհրդի անդամները։ Ապա հրաժարականի հասած խումբը՝ «Մայրաքաղաք» խմբակցությունն էր, որը 150 հոգանոց ավագանու կազմում ուներ մոտ 20 անդամ, առաջադրեց Վահագն Խաչատրյանի թեկնածությունը, որն այդ խմբակցության անդամ չէր, բայց քաղխորհրդի ընդդիմադիր անդամներից էր եւ Գալստյանի դեմ էր պայքարել

«Մայրաքաղաք» խմբակցության ղեկավարն այն ժամանակ դաշնակցական Մաքսիմ Մանասյանն էր։ Նա մեզ հետ զրույցում ընդհանուր առմամբ դրական արտահայտվեց Խաչատրյանի մասին։

«Ուրեմն, էսպես ասեմ՝ Վահագն Խաչատրյանը շատ աշխատասեր մարդ էր, ինքը քաղաքային տնտեսությունն անհամեմատ ավելի լավ գիտեր, ամեն դեպքում՝ տնտեսագետ է մասնագիտությամբ, իր առաջին տեղակալ Բախշյան Յուրան ֆիզիկոս էր, Համբարձումն ազգագրագետ էր։ Ինքը լսում էր մարդկանց, կարողանում էր աշխատել մեզ հետ։ Մայրաքաղաքի մասին օրենքը մեր խմբակցության հիմնական ծրագրային դրույթներից մեկն էր։ Ընդ որում, այդ օրենքը քաղխորհուրդը միաձայն հաստատեց»,- ասաց Մաքսիմ Մանասյանը։ Բայց հետո, երբ օրենքը գնացել է խորհրդարան, այնտեղ Վահագն Խաչատրյանը, ինչպես հիշում է Մաքսիմ Մանասյանը, տարօրինակ կերպով իրեն պասիվ է պահել՝ չի պաշտպանել իրենց իսկ ընդունած օրենքը, եւ այն մերժվել է օրենսդիր մարմնի կողմից։

Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանին հարցրինք՝ Վահագն Խաչատրյանը պայքար մղե՞լ է կառուպցիայի դեմ, մամուլում այս օրերին գրվում է, որ նրա օրոք մի շարք շենքեր են սեփականաշնորհվել, օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանին են մի շարք շենքերի սեփականաշնորհման թույլտվություն տվել։ Ի դեպ, Վահագն Խաչատրյանն ու Խաչատուր Սուքիասյանը դեռ 90-ականներից են մտերիմ հարաբերություններ ունեցել։ Մանասյանը նշեց, որ Խաչատրյանը պայքարել է թե՛ կոռուպցիայի դեմ, թե՛ ապօրինի շինարարության եւ սեփականաշնորհումների դեմ, անգամ գնացել քանդել են Մոնումենտում անտառները հատելու հաշվին նոր-նոր կառուցվող շինությունները։ Բայց չհերքեց, որ Խաչատուր Սուքիասյանին շենքեր եւ տարածքներ են օտարվել, օրինակ՝ «Ռոսիա» կինոթատրոնին հարակից տարածքը։ Բայց նշեց, որ մերժել է, օրինակ, այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին եւ Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանին։

«Վանո Սիրադեղյանը Ավանի էն տարածքը, որ հիմա Ֆուտբոլի ակադեմիայի տարածքն է, ամբողջ էդ հողն ուզում էր, որ ներքին գործերի նախարարության համար պոլիգոն սարքեր։ Իսկ Դավիթ Շահնազարյանը Չարբախում մի 4 հեկտարի չափ հող էր պահանջում՝ շնաբուծարան սարքելու համար։ Մենք դեմ էինք դրանց, ինքն էլ չտվեց»,- հիշում է Մանասյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28