Լրահոս
Օրվա լրահոսը

TV TOKYO-ի անդրադարձը հայ-ճապոնական ընտանիքի պատճառ «Զույգ արեգակներին»

Փետրվար 03,2022 13:00

Այն, որ Հայաստանը աշխարհին կարող է ներկայանալ իր մշակույթով, եւս մեկ անգամ փաստեց հունվարի 31-ին Ճապոնիայի TV TOKYO հեռուստաալիքի անդրադարձը երկու տարբեր մշակույթներին՝ հայ եւ ճապոնական։ Առիթը Երեւանի օպերային թատրոնում 2015թ. Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով ներկայացված «Զույգ արեգակներ» բեմադրությունն էր, որտեղ բացի մեր թատրոնի բալետային խմբից, հրավիրված էին արտիստներ Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Իսրայելից եւ այլն։ Հրավիրվածների թվում էր նաեւ բալետի պրեմիեր պարող Յուտա Կավականին։

Հիշեցնենք, որ ներկայացումը ստեղծված էր Նարեկացու խոսքի յուրահատուկ ռիթմերով, Թորոս Ռոսլինի մանրանկարչության կոմպոզիցիայով եւ գունային պլաստիկայով, Արշիլ Գորկու ինքնատիպ մտածողությամբ համեմված, ժամանակակից խորեոգրաֆիկ լեզուն՝ Մաշտոցի, Նարեկացու, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի եւ Աշոտ Արիյանի երաժշտությամբ։

Անդրադառնալով ճապոնական հեռուստաալիքով ներկայացված մինի ֆիլմին, ներկայացվեցին հատվածներ «Զույգ արեգակներից», ցուցադրվեցին Հայաստանի պատմամշակութային կոթողները։ Ֆիլմը պատմում էր, թե ինչպես է Յուտան ծանոթանում ճապոնական մշակույթով տարված հայուհու՝ գեղեցկուհի Սերինեի հետ, ինչը առիթ է դառնում, որպեսզի արտիստը երկարաձգի իր հայաստանյան այցը… Հիմա արդեն Սերինեն ու Յուտան երջանիկ ամուսիններ են։

Ի դեպ, «Զույգ արեգակները» ներկայացվել է նաեւ 60 միլիոն հետեւորդ ունեցող միջազգային հարթակում. խոսքը MEZZO TV-ի մասին է։ Փորձեցինք կապվել Ռուդոլֆ Խառատյանի հետ, որը ժամանակին մեզ հավաստիացրել էր, թե բանակցություններ են ընթանում արտերկրի այլ TV-ներով ամբողջական բալետը ցուցադրելու շուրջ։

Տեղեկանալով, որ նա արտերկրում է, զրուցեցինք «Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ։ Նրա խոսքերով՝ այս պահին բանակցություններ են ընթանում ճապոնական հեղինակավոր NHK E-tele ու NHK BS Premium եւ WOWOW հեռուստաալիքների հետ։ Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ այս պահին ընթանում են Youth America Grand Prix մրցույթի վաշինգտոնյան փուլերը. «Ռուդոլֆ Խառատյանի միջնորդությամբ «Բալետ 2021»-ին է վստահվել Հայաստանում ներկայացնել Երիտասարդական Ամերիկայի Գրան Պրի (www.yagp.org) մրցույթը։ Այդպիսով Հայաստանը դարձել է 11-րդ երկիրը, որտեղ իրականացվում է YAGP միջազգային տարածաշրջանային մրցույթը։ Ընդ որում, այն յուրաքանչյուր տարի անցկացվում է ողջ աշխարհում՝ ներգրավելով ավելի քան 10 հազար մասնակցի»։ Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ հյուրընկալելով այդ ամենամյա միջազգային մրցույթը Երեւանում, Հայաստանը կդառնա աշխարհագրական մեծ տարածքի կենտրոն։

Դիտարկմանը՝ տեղյակ ենք, որ մրցույթը 2020-ի աշնանը չկայացավ հասկանալի պատճառներով, հիմա էլ քովիդի պատճառով հետաձգվել է, տիկին Պետրոսյանը հաստատեց ասվածը, ընդամենը նշելով, որ դեռեւս ստույգ ժամանակացույց չկա։ Հիշեցինք նաեւ, որ մեզ հետ զրույցում տիկինը հայտնել էր, որ 2021-ին Գյումրիում նախաձեռնել են «Կատարողական արվեստի հիմնադրման ծրագիր» եւ հետաքրքրվեցինք՝ ո՞ր փուլում է այն եւ Ռուդոլֆ Խառատյանի՝ հանրապետությունից բացակայելը չի՞ ազդում այդ մասշտաբային ծրագրի իրականացմանը։ «Սկսված է գործընթաց՝ ծրագրին աջակցելու նպատակով կառավարության որոշում ընդունելու շուրջ։ Ինչ վերաբերում է պարոն Խառատյանի բացակայությանը, նա գտնվում է ԱՄՆ-ում եւ, ինչպես հայտնի է՝ 25 տարի որպես ուսուցիչ եւ բեմադրող աշխատել է Հյուսիսային Ամերիկայում, որի մեծ մասը՝ Վաշինգտոնում։

Հայտնի է նաեւ, որ տարիներ ի վեր խորեոգրաֆը հրավիրվում է ԱՄՆ՝ իր մեթոդով դասավանդելու դպրոցներում եւ «Վաշինգտոն բալետում»։ Իսկ այդ ժամանակահատվածը ամռան եւ ձմռան ամիսներն են։ Ձեռնամուխ ենք եղել Գյուրջիեւին նվիրված «Գյուրջիեւ. Վերադարձ տուն» բալետի իրականացմանը։ Ուրախությամբ նշեմ, որ MEZZO-ն արդեն սպասում է «Զույգ արեգակներ» եւ «Գյուրջիեւ. Վերադարձ տուն» բալետներով «Հայկական բալետային երեկո» ենթաբաժին ստեղծի իր եթերում։ Մի բան էլ. ԱՄՆ-ում իր մեթոդով դպրոցներում դասավանդելուն զուգահեռ մեր բալետմայստերը «Վաշինգտոն բալետի» հիմնական խմբի հետ պատրաստվում է Չայկովսկու «Կարապի լիճը» ներկայացման պրեմիերային, որի բեմադրող բալետմայստերն է հանրահայտ Ջուլիա Քենթը»,- հայտնեց Լիլիթ Պետրոսյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Պետրոսյանը։

«Առավոտ» օրաթերթ
02.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28