Լրահոս
Օրվա լրահոսը

Հակահայ քարոզչությունը «ծաղկում» է ոչ միայն Ադրբեջանում, այլեւ՝ Ռուսաստանում

Փետրվար 03,2022 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Գարեգին Նժդեհի ուրվականը ոչ մի կերպ չի լքում Իլհամ Ալիեւին, եւ ոչ միայն նրան…

Ռուսաստանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է Երեւանում հուշարձան տեղադրվել ի պատիվ Գարեգին Նժդեհի, 2016թ. հունիսին նման հայտարարությամբ էր հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Վերջինս հավելել էր, որ այս թեմային անդրադառնում է, քանի որ ստացվել են բազմաթիվ հարցեր, թե ինչպիսի՞ն է ռուսաստանյան կողմի արձագանքը Հայաստանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման կապակցությամբ:

«Մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմին բոլորը լավ գիտեն: Մեր վերաբերմունքը նացիզմի, նեոնացիզմի եւ ծայրահեղականության ցանկացած դրսեւորմանն ու հերոսացմանը նույնպես բոլորը գիտեն՝ այն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Եվ մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է տեղադրվել նշված արձանը, չէ՞ որ մենք գիտենք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքի մասին», – ընդգծել էր Զախարովան: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել էր, որ Մոսկվայի համար Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ պատմական ճշմարտության պահպանման հարցում Երեւանի պաշտոնական դիրքորոշման ցուցիչը Հայաստանի վերաբերմունքն է մայիսի 9-ի տոնին՝ որպես բոլորի համար ընդհանուր Հաղթանակի օրվա: Հայաստանը նաեւ հանդիսանում է նացիզմի հերոսացման դեմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւի համահեղինակ երկիր, հավելել է Զախարովան՝ հիշեցնելով, որ Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ հենց հայկական պատվիրակությունն է հնչեցրել ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ հայտարարությունը, որով աջակցություն էր հայտնել այս բանաձեւին:

Հիշեցնենք, որ 2016թ. մայիսի 28-ին Երեւանի սրտում՝ կառավարության երրորդ մասնաշենքի հարակից հրապարակում, հանդիսավոր կերպով բացվեց պետական եւ ռազմական գործիչ, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի արձանը: Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության փողոցի վրա գտնվող պուրակում կայացած արարողությանը մասնակցեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Արձանը բացեցին Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Գարեգին Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը:

Այն, որ հայ ռազմական, քաղաքական եւ պետական գործիչ, Ցեղակրոն գաղափարախոսության եւ շարժման հիմնադիր Գարեգին Նժդեհը, որի գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջեւանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշեւիկյան ծրագիրը, հանգիստ չի տալիս ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Ռուսաստանին, դեռ տարիներ առաջ էինք ստիպված լինում որոշակի «ակնարկներ» լսել պաշտոնական Մոսկվայից: Այդ պաշտոնական դիրքորոշումն էլ տարիների ընթացքում տիրաժավորվում էր Ռուսաստանում, տեղ գտնում ռուսաստանցի փորձագետների, մեկնաբանների հրապարակումներում:

2016թ. հուլիսի սկզբին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում էր, Զախարովան ուղեկցում էր իր ղեկավարին, եւ «Ազատության» հարցին՝ այժմ է՞լ է այն կարծիքին, թե Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը «նացիզմի հերոսականացման փորձ է», եւ Ռուսաստանի համար «հասկանալի չէ» այդ քայլը, նա պատասխանել էր. «Նժդեհի արձանի տեղադրումն, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է, եւ ես խնդրում եմ գտնել նախկինում արած իմ մեկնաբանությունն ու բառացի մեջբերել այն: Նաեւ խնդրում եմ՝ չխեղաթյուրել իմ հնչեցրած բառերը, որովհետեւ այդպիսով դուք վնաս եք հասցնում: Եվ դա, բնականաբար, այն մարդկանց օգտին է, ովքեր Հայաստանի բարեկամները չեն»: Ապա՝ նա հավելել էր. «Պատմության հետ կապված հարցերն իսկապես շատ բարդ են, եւ ամոթ նրանց, ովքեր օգտագործում են այդ հարցերն իրենց քաղաքական նպատակների համար այնպես, ինչպես շատերն արեցին՝ խեղաթյուրելով իմ մեկնաբանությունները… Մի՞թե Հայաստանն այժմ չունի ավելի հրատապ խնդիր: Ես կարծում եմ, որ հիմա Հայաստանի ու հայ ժողովրդի համար կա շատ ավելի հրատապ մի խնդիր՝ դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Հենց դրա համար են այսօր, նաեւ ՀԱՊԿ շրջանակներում, հանդիպումներ տեղի ունենում: Հենց դրա համար ենք մենք հսկայական ջանքեր գործադրում՝ որպեսզի այդ կարգավորումն առաջ ընթանա… Մենք Հայաստանի հետ համագործակցում ենք, այդ թվում՝ միջազգային տարբեր հարթակներում, որպեսզի բացառենք նացիզմի հերոսականացման ցանկացած հնարավորություն: Այդ առումով՝ մենք զգում ենք մեր հայ գործընկերների շատ հուսալի թիկունքը: Այստեղ երկակի ստանդարտների մասին խոսք լինել չի կարող»:

Զախարովան այդ օրը փոքր-ինչ փոփոխել էր գնահատականները, սակայն Հայաստանին ֆաշիզմի ու ահաբեկչության մեջ մեղադրելու ադրբեջանական գիծը ապահովողների համար «կանաչ լույս» է վառված Ռուսաստանում: Վերհիշենք թեկուզ 44-օրյա պատերազմը, որը դեռ շարունակման փուլում էր, երբ ադրբեջանցի քաղաքագետ, ՏԱՍՍ-ի դիվանագիտական ենթակառուցվածքների հետ կապի բաժնի ղեկավար Սաադաթ Կադիրովան «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից համեմատեց Վլադիմիր Պուտինի` «սատկացնել զուգարաններում» արտահայտության հետ: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը ժամանակին այն օգտագործել էր ահաբեկիչների դեմ պայքարի համատեքստում։ Իհարկե, Սաադաթ Կադիրովային հեռացրեցին զբաղեցրած պաշտոնից, սակայն «պաշտոնազրկված» ադրբեջանցուն «մխիթարում» էր նույն Զախարովան, որը նրա հետ լուսանկարներ էր հրապարակում համացանցում: Իսկ նույն Կադիրովան թոք-շոուներից մեկի ընթացքում սպառնաց, թե Ռուսաստանն իր տարածքում կարող է մի քանի ԼՂ խնդիր էլ ունենալ…

Պաշտոնական Բաքուն այսօր Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է համարում, Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու մասին է խոսում, սակայն Նժդեհի ուրվականը ոչ մի կերպ չի լքում Ալիեւին: Օրերս Ադրբեջանի նախագահը ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որպեսզի Հայաստանը կրկին հնարավոր սպառնալիք դառնա իրենց համար. «Մենք երբեք թույլ չենք տա հայկական ֆաշիզմը գլուխ բարձրացնի մեր տարածաշրջանում: Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի Հայաստանը կրկին դառնա պոտենցիալ սպառնալիք Ադրբեջանի համար: Եթե մենք տեսնենք դա, անմիջապես կոչնչացնենք: Դա յուրաքանչյուրը պետք է իմանա»: Այնուհետեւ Ալիեւը նաեւ անդրադարձել է հունվարի 28-ին Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությանը: Ըստ նրա՝ Ռուսաստանի մայրաքաղաքում «այդպիսի ամոթալի ակցիայի» կազմակերպումը ապացուցում է իր խոսքերը. «Մենք հաղթել ենք հայկական ֆաշիզմը, բայց չենք վերացրել այն: Մենք հետագայում էլ կշարունակենք փորձել արմատախիլ անել հայկական ֆաշիզմի բոլոր դրսեւորումները, եւ մենք ի զորու ենք դա անել: Բայց մյուս երկրներն ու միջազգային հանրությունն էլ պետք է միասնական լինեն այդ հարցում: 21-րդ դարում հայկական ֆաշիզմի կողմից կատարված հանցագործությունները պետք է օրինակ լինեն բոլորի համար առ այն, որ ֆաշիստները լավ ու վատ չեն լինում»,- ասել է Ալիեւը: Ի դեպ, Ալիեւն էլ հայտնել է, թե Մոսկվայում Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը «կանխվել է ռուս մտավորականության միջամտությունից հետո»: Նա հպարտացել է, թե ինքն առաջինն էր, ով՝ «բարձրացրել է Հայաստանում նացիզմի հերոսացման հարցը քաղաքական հարթություն»:

Պաշտոնական Բաքվի կողմից «Զանգեզուրի միջանցքի» շարունակական հիշատակումներն ու բուռն պայքարն ընդդեմ Նժդեհի՝ նույն հարթությունում գտնվող թեմաներ են, ու հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալիեւը թեժ է պահում այս երկու հարցերը, նշանակում է ադրբեջանական լոբբինգի միջոցով եւս Ռուսաստանում տարածված ու արմատավորված ադրբեջանական սարսափների դրսեւորումների ականատեսը, թերեւս, դեռ ապագայում էլ կդառնանք:

Իսկ մենք կամաց-կամաց ընտելանում ենք այն մթնոլորտին, որ հակահայկական քարոզչությունը, հայատյացության հիստերիկան, որը պետական մակարդակով տարիներ շարունակ «ծաղկեց» Ադրբեջանում, ոչ միայն վերացման միտումներ չի ցույց տալիս, այլեւ այն, փաստորեն, «փթթում» է ոչ միայն Հայաստանի հակառակորդ երկրում, այլեւ՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանում:

Ինչ վերաբերում է ռուսական իշխանությունների դիրքորոշմանը, որոնք պարբերաբար շեշտում են, թե որքան են կարեւորում Հայրենական մեծ պատերազմը եւ որքան դատապարտելի են համարում ծայրահեղականության ցանկացած դրսեւորումներն ու հերոսացումները, ապա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի եւ առհասարակ, պաշտոնական այլ մակարդակներով վատ չէր լինի, եթե գնահատական տրվեր 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում տեղի ունեցածին: Այդ մասին պարբերաբար խոսում է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Մեջբերենք անցյալ տարի գարնանը «Sputnik Արմենիային» տված Դավիթ Բաբայանի հարցազրույցից մեկ հատված. «Ադրբեջանի կողմից օկուպացված արցախյան տարածքներում հուշարձաններն ամենադաժան կերպով ոչնչացվում են: Հետեւողականորեն ոչնչացվում են այն հուշարձանները, որոնք նվիրված են ֆաշիզմի դեմ Սովետական Միության հաղթանակին ու դրանում իրենց ներդրում ունեցած հայ գործիչների հուշարձանները»: Բաբայանի խոսքով՝ «Ոչնչացվել են ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի, ԽՍՀՄ գունավոր մետաղագործության նախարար, Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան Իվան Ֆյոդորովիչ Թեւոսյանի հուշարձանները: Դեռ արցախյան առաջին պատերազմի տարիներին ոչնչացվել էին Մեծ մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի հուշարձանները՝ իրենց հայրենի Չարդախլու գյուղում: Մեծ Թախեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) հուշարձանը: Ազոխ գյուղում ոչնչացվել է Խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի` գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի հուշարձանը: Ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակը ոչնչացվում է նրա հայրենի Հադրութի շրջանում»:

Ի՞նչ է սա, եթե ոչ հակահայ քարոզչության, վանդալիզմի դրսեւորում ու ֆաշիզմին սատարելու անթաքույց դրսեւորում: Այսպե՞ս են Ռուսաստանում «արժեւորում» Հայրենական մեծ պատերազմն ու նրա պատմությունը… Ինչո՞ւ է լռում ՌԴ ԱԳՆ-ն: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ աստիճանի սուր կլինեին պաշտոնական Մոսկվայի գնահատականները, եթե Խորհրդային Միության հաղթանակին ու դրանում իրենց ներդրում ունեցած գործիչների հուշարձանները ոչնչացվեին Մոսկվային նյարդայնացնող՝ արեւմտյան երկրներից որեւէ մեկում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 02.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28