Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վահագն Խաչատուրյանը միջազգային մեծ հեղինակություն ունի»

Փետրվար 03,2022 14:00

Ըստ Վահագն Հովակիմյանի, եթե ընդդիմությունը չընտրեց Հակոբ Մովսեսին, չի ընտրի նաեւ Վահագն Խաչատուրյանին ու կլինի երկրորդ փուլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մենք պետք է գնանք այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, կառավարության ու խորհրդարանական մեծամասնության միջեւ լինի քաղաքական ներդաշնակություն»: «Առավոտը» ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանին հարցրեց՝ սա չի՞ նշանակում, որ վարչապետը պարզապես ուզում է ջնջել իրեն հակակշիռ լինելու կամ թեկուզ հակաճառելու որեւէ փորձ: Նա պատասխանեց. «Ձեր հարցադրման ձեւակերպումը՝ հակակշիռ լինելու, կապ չունի մեր սահմանադրության հետ: Նախագահի ինստիտուտը հակակշիռ չէ ոչ գործադիրին, ոչ օրենսդիրին: Ըստ էության, մեր սահմանադրությամբ նախագահի ինստիտուտի գործառույթների մեծամասնությունը արարողակարգային է՝ արտաքին դիվանագիտության հետ կապված, նույն ներումների շնորհման ինստիտուտը…Ինքը սահմանադրության պաշտպանն է այն դեպքում, երբ օրենքները պիտի մակագրվի, ինքը վերջին ֆիլտրն է: Օրինակի համար, եթե օրենսդիրը սխալվի, ինքը այդ վերջին ստուգումն է, որը հնարավորություն է տալիս ուղարկել Սահմանադրական դատարան: Վերջ: Նույնիսկ կիսանախագահական կառավարման ժամանակ նախագահի ինստիտուտը հակակշիռ չի գործադիրին կամ օրենսդիրին»:

Հիշեցրինք՝ մեր սահմանադրությունը չի տալիս այդ հնարավորությունը, բայց դուք եկել էիք իշխանության, որ ստեղծեիք այդ հակակշիռները՝ Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Հակակշիռ ձեւակերպումն ինքնին արդեն սխալ է: Սխալ տեղ ենք գնում: Ստացվում է, որ ի սկզբանե լեգիտիմ ընտրված խորհրդարանին դնում եք կասկածի տակ: Ակնկալում եք, որ խորհրդարանը պիտի վատ բան անի, մյուսը պիտի զսպի խորհրդարանին, որ չանի, այսինքն, դուք ժողովրդի ընտրությունն եք ոտնահարում, ես ձեր հարցի ակունքներն եմ բացում: Մի հատ այդտեղ եք ոտնահարում, մի հատ, երբ ասում եք՝ կառավարությանը հակակշիռ, կառավարությունը ձեւավորվում է խորհրդարանի կողմից ու էլի դուք կանխավ վատ գործելու սպասում եք դնում»:

Մեր դիտարկմանը, որ ինչքան գիտենք, միայն Աստծո գործերն են անքննելի, իսկ խորհրդարանի, կառավարության գործերը պետք է լինեն քննելի, վերահսկելի՝ Վահագն Հովակիմյանն արձագանքեց, որ եթե խոսքը փոխզսպման մասին է՝ հասկանալի է, բայց ոչ հակակշռման. «Երբ խոսում ենք հակակշռման մասին, մեր մտքի ենթատեքստում արդեն բացասական սպասում ենք դնում, իսկ փոխզսպումները լիազորությունների ներդաշնակեցումն է»:

Անդրադառնալով ՔՊ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուին՝ Վահագն Հովակիմյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Վահագն Խաչատուրյանը միջազգային մեծ հեղինակություն ունի: Կարող է ընդդիմությունը վիճարկել, ասի՝ չէ, իրենց համար Քոչարյանի միջազգային հեղինակությունն է լավ, բայց դա ընդամենը սուբյեկտիվ գնահատում է: Տվյալ դեպքում Վահագն Խաչատուրյանն իմ համոզմամբ մեծ հեղինակություն ունի ու դա իր տարիների վաստակն է»:

Տեսակետ կա, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնում է նախագահի պաշտոնին՝ Խաչատուրյանի դեմքով, քանի որ ՀԱԿ անդամ է եղել: Հովակիմյանն ասաց, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, Հայաստանի ներկայիս տեսադաշտում պիտի մնան 40-ից ցածր գործիչները, որովհետեւ 50-ից բարձրները աշխատել են Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, 40-ից բարձրներն էլ՝ Սերժ Սարգսյանի հետ: Դա շատ սխալ մոտեցում է պիտակավորել: Մարդուն պիտի գնահատես իր անցածով, իր վաստակով, ինչ ուղի է ինքը թողել իր հետեւից:

Նախագահի թեկնածուին առաջին փուլով ընտրելու համար Աժ պատգամավորների 3/4-ը պետք է կողմ քվեարկի տվյալ թեկնածուին: Տվյալ դեպքում անհրաժեշտ են նաեւ ընդդիմության ձայները: Բայց իշխանականները արդեն իսկ խոսում են 2-րդ փուլի մասին՝ իմանալով, որ ընդդիմությունը կողմ չի քվեարկի: Այդ դեպքում կստացվի, որ Խաչատուրյանը քաղաքական մի թիմի կողմից ընտրված նախագահ է ու չունի բարձր լեգիտիմություն: Վահագն Հովակիմյանի խոսքով՝ այս գումարման խորհրդարանի 7 ամսվա գործունեությունից դատելով՝ հասկանում են, որ այս ընդդիմությունը չի համագործակցում. «Հակոբ Մովսեսի պատմությունը հիշո՞ւմ եք, ՀՀ-ում հեղինակություն վայելող մշակութային գործիչ էր, Հայաստանում դժվար է գտնել մարդ, որի համար ընդունելի չի ինքը, բայց անգամ իրեն չքվեարկեցին: Վաստակ ունեցող մարդ է ու այստեղ քաղաքական հայացքները կապ չունեին: Դա իրենց մարտավարությունն է, հետեւաբար սպասելի է, որ չեն ընտրելու Խաչատուրյանին: Իրենց համար կարեւոր է, թե ով է առաջադրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28