«Կարևոր հարց եք բարձրացնում. պատասխաններն առավել քան ակնհայտ են»,-ավստրիացի լրագրողի հարցին՝ ՀՀ-ի համար լավ կլինի՞ արդյոք խաղաղության համաձայնագիր ունենալ Ադրբեջանի հետ, և որո՞նք են կարմիր գծերը ՀՀ-ի կողմից այդօրինակ խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը, հղում կատարելով ՀՀ Մինսկի խմբին, փաստեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այն միջազգային ձևաչափն է, որն օժտվել է միակ ու բացառիկ մանդատով գտնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: Հիմնախնդրի կարգավորում դեռևս գտնված չէ, պիտի շարունակենք բանակցություններն այդ ձևաչափում: Այդ ձևաչափի՝ խաղաղ կարգավորում գտնելու ճանապարհին հենց խաղաղության համընդհանուր, համապարփակ համաձայնագրի պարամետրերը հստակեցնելը, այդպիսի պայմանագիր մշակելն ու կնքելն է արդյունքը»:
Արարատ Միրզոյանը շեշտեց՝ չափազանց էական է հիշել այն սկզբունքները, որոնք այս խումբը մշակել է տարիներ շարունակ ու մանրամասնեց. «Այդ սկզբունքներից մեկը ԼՂ ժողովրդի իրավունքներն էին, մասնավորապես ինքնորոշման իրավունքը, ուժի չկիրառումը, որը, ցավոք, տեսանք՝ 2020-ի ընթացքում կոպտորեն ոտնահարվեց: Հիմա ոչ միայն ՀՀ-ն, Ադրբեջանը, ԼՂ ժողովուրդը, այլ ողջ աշխարհը պիտի որոշի՝ արդյոք ուժի չկիրառումը մնո՞ւմ է հիմնական սկզբունք աշխարհում, թե՞ պետությունները կարող են թույլ տալ ուժի կիրառմամբ և սպառնալիքով կարևորագույն հարցեր և ժողովուրդների ճակատագրեր որոշել, որովհետև եթե կանոնը մեկի համար խախտվում է, հավանականության դուռ է բացվում նաև մյուսների համար այդ ճանապարհով վարվել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ