Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ ոստիկանները ԱՊՊԱ-ի թանկացման դեմ ցույցի մասնակիցներից մեկի քիթը վնասել են

Փետրվար 02,2022 14:30

Չնայած դրան, վարորդները նոր ցույցի են պատրաստվում

Հունվարի 31-ին Հանրապետության հրապարակում ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման բողոքի ցույցի մասնակիցներից որոշների նկատմամբ ոստիկանությունը տուգանքներ է կիրառել, մեքենաները տարել տուգանային հրապարակ։ Նաեւ քաղաքացիների էին տուգանել հրապարակի գորգի վրա ոչ մեքենայով կանգնելու համար։

Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատուրովն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ երեկ օրվա վերջում բոլոր մեքենաները տուգանային հրապարակից հանել էին, տասից ավելի վարորդի նկատմամբ էլ 5 հազարական դրամ տուգանք են կիրառել, որը վարորդները բողոքարկելու են։

Ցույցի մասնակիցներից մեկին էլ բերման ենթարկելիս ոստիկանները վնասել են, ավելի կոնկրետ քիթն էին վնասել, ինչի հետեւանքով քաղաքացու մոտ քթից արնահոսություն էր եղել։ Արտակ Խաչատուրովն ասաց, որ ոստիկանները հետո այս քաղաքացուն հիվանդանոց են տարել, որտեղ բուժօգնություն են ցույց տվել։

«Մենք ոչ մի դիմադրություն ցույց չենք տվել, մեր բողոքն էինք արտահայտում, թե ինչի՞ էդպես համատարած տուգանքներ գրեցին, չգիտեմ։ Ինձ տուգանեցին հրապարակի գորգի վրա ոտքով կանգնելու համար, ասացին՝ գորգի վրա չի կարելի կանգնել։ Բայց մենք չենք դադարեցնելու ցույցը, շարունակելու ենք պայքարը, մինչեւ ապահովագրողների բյուրոն վերանայի որոշումը, այսինքն՝ վերացնի իր որոշումը։ Մենք թույլ չենք տալու առանց մեզ հետ քննարկելու նման թանկացումներ կիրառեն»,-ասաց Արտակ Խաչատուրովը։

Ֆեյսբուքում վարորդների իրավունքներն ու խնդիրները քննարկելու համար խումբ է գործում։ Այս խմբում օգտատերերն արդեն նոր առաջարկներ են անում, միայն թե պայքարը չմարի։ Օրինակ առաջարկում են բոլորով համախմբված, ով՝ որքան կարող է գումար ներդնի, բոլորով միասին տուգանքների գումարը հավաքեն ու վճարեն։ Խմբի իրավաբաններն էլ առաջարկում են իրենց իրավաբանական աջակցությունը՝ տուգանքները բողոքարկելու համար։ Ընդ որում, խմբի անդամները նկատել են, որ երեկ իրենք հանգիստ ցույց էին անում, պարզապես մեքենաները դանդաղ վարում էին հրապարակի շրջանաձեւ հատվածում, ազդանշաններ տալիս, իսկ ոստիկանները հրապարակը երկու կողմից փակել էին եւ արհեստական խցանում ստեղծել։ Ապա նույն ոստիկանները մոտեցել էին վարորդներին եւ պնդել, թե իբր վարորդներն են խցանում ստեղծել, ինչն անթույլատրելի է, ու սկսել բերման ենթարկել վարորդներին։

Հրապարակից հետո մի խումբ վարորդներ ավտոերթ անցկացրեցին նաեւ Կենտրոնական բանկի մոտ, սակայն Արտակ Խաչատուրովն ասում է, որ ԿԲ-ից ոչ մի արձագանք չի եղել. «Դե հո իրենց տաք սենյակներից դուրս չէին գալու, տեսնեին էս ինչ վարորդներն են էս ցրտին ցույց անում»։

«Անհասկանալի պահանջներ են, իրենք թաքուն որոշում են ընդունել, ինչի իրավունքը չունեին։ Պետք է էս նոր որոշումը վերացնեն, հետո նոր նստենք, քննարկենք, լսեն վարորդների կարծիքը։ Վարորդների մասին չեն մտածել, միայն ապահովագրող ընկերությունների շահերից է բխում այս որոշումը, միայն թե իրենք ֆինանսական խնդիրներ չունենան։ Ամբողջությամբ փոփոխում են համակարգը, ինչի արդյունքում բոլոր վարորդները տուժում են։ Չնայած, նախկին համակարգն էլ մի բան չէր։ Հիմա հնարավոր է մի վթարից հետո ԱՊՊԱ-ն 300%-ով թանկանա։ Պատկերցանո՞ւմ եք ինչ թիվ է»,- ասաց Խաչատուրովը։

Իհարկե, պետք է նշել, որ մեր երկրում երթեւեկությունը, մեղմ ասած, վտանգավոր է, քչերն են կարգապահ վարորդներ, բայց ինչպես Արտակ Խաչատուրյանն ասաց, այս որոշումը երթեւեկությունը բարելավելուն չէ ուղղված, դա ճանապարհային ոստիկանության գործն է, եւ վատ վարորդին «պատժում է» բալային համակարգը, ընդհուպ մինչեւ վարորդական իրավունքից զրկելը։

Հիշեցնենք, որ ապահովագրողների բյուրոյի որոշմամբ, բացի այն, որ ԱՊՊԱ-ն տարեկան երեք հազար դրամով թանկանում է, նաեւ ավտոտրանսպորտային միջոցն առաջին անգամ ապահովագրողների համար սահմանվել է 41 հազար դրամ վճար։ Ընդ որում, բարձր ձիաուժով մեքենաների կամ տաքսի մեքենաների համար, որպես խոցելի խումբ, ապահովագրավճարը բարձր է եղել, հիմա բյուրոն որոշել է «արդար սկզբունք» կիրառել եւ, ինչպես նշված է որոշման մեջ, չեզոքացնել խմբային հատկանիշների վրա հիմնված ռիսկայնության գործոնների (ինչպիսիք են օրինակ ավտոտրանսպորտային միջոցի տեսակը, շարժիչի հզորությունը, օգտագործման նպատակը եւ այլն) կիրառումը։ «Արդյունքում` այսուհետ կնույնականացվեն հիմնական եւ բազային ապահովագրավճարների չափերը։ Հետագայում՝ մինչեւ 2022թ. դեկտեմբերի 31-ը, ընդունվելու են նոր կարգավորումներ, որոնք ենթադրելու են յուրաքանչյուր ապահովագրական ընկերության կողմից արդեն անհատական ռիսկերի վրա հիմնված ապահովագրավճարների գնագոյացում»,-նշված է որոշման մեջ։

Այսինքն, օրինակ տաքսիների համար ԱՊՊԱ-ն էժանանում է, բայց այդ վարորդները եթե վթարեն մեքենան, հաջորդ անգամ ԱՊՊԱ պայմանագիրն անհամեմատ թանկ է լինելու, քանի որ բոնուս-մալուս համակարգի մեթոդը փոխվել է։ Օրինակ՝ մինչեւ 100 հազար դրամի վնասով ավտոպատահարի դեպքում ապահովադիրները, այսինքն վարորդները, կստանան 3 մալուսային դաս, ապահովագրությունը նրանց համար կթանկանա 9%-ով։ 100- 200 հազար դրամի վնասի դեպքում հաճախորդը ստանում է 4 մալուսային դաս, 200-500 հազար դրամի դեպքում ապահովագրավճարը կբարձրանա 5 մալուսային դասով եւ այդպես շարունակ։

Չնայած, երեկ ոստիկանությունը ցույցը ցրեց, սակայն, ըստ խմբի քննարկումների, վարորդներն ավելի են ոգեւորվել, հաջորդ ցույցի համար ծրագրեր են կազմում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28