Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս պահին գյուղում 10 չամուսնացած տղա կա, ռիսկ չեն անում պսակվեն». Սահմանամերձ Արավուսի բնակիչ

Փետրվար 01,2022 23:44

«Իրիկունը քնում ենք վախով, առավոտը զարթնում՝ վախով, մենք վախով ենք ապրում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է սահմանամերձ Արավուս գյուղի բնակիչ Արգինա Բադասյանը: Նրա կյանքն էլ շատ մարդկանց պես 44-օրյա պատերազմից հետո փոխվել է: Բայց խոսքը շարունակելով ասում է՝ միտք չունեմ իմ գյուղից գնալու. «Հողը քաղցր բան ա, հողն ա մեզ պահողը»:

Արավուսը սահմանամերձ է դարձել արցախյան վերջին պատերազմից հետո: Ադրբեջանական դիրքերն ուղիղ գյուղի գլխին են հայտնվել, տներն էլ՝ նշանառության տակ:

 

Տիկին Արգինան 58 տարեկան է, ամուսնուն կորցրել է երկու տարի առաջ: Համարում է, որ լավ-վատ իր կյանքն ապրել է, հիմա երիտասարդների համար է նեղսրտում: Ասում է՝ Արավուսում ապրելու պայմաններ չկան, պետությունը գյուղն աչքաթող է անում, սոցիալական խնդիրներ կան, որոնք տարիներով չեն լուծվում, որպեսզի երիտասարդ ընտանիքներն էլ ամուր կպնեն այդ հողին եւ արտագաղթելու մտադրություն չունենան: Նա գտնում է, որ հատկապես պատերազմից հետո սահմանամերձ գյուղերը պետք է «աչքի լույսի» պես պահել:

«Առաջին գծում գյուղի բնակիչն է: Բայց նայեք մեր ապրուստին, գյուղի քանդուքարափ փողոցներին: Մարդիկ անգամ տուն չունեն ապրելու: Էս պահին գյուղում տասը չամուսնացած տղա կա, ռիսկ չեն անում պսակվեն: Ով ուզում ա ընտանիք կազմի, առանձնանա, ասում են՝ հող չունենք, որ տանք, տուն սարքեք, մարդիկ էլ կամ հեռանում են գյուղից, ով էլ գնալու տեղ չունի՝ գյուղի հին դպրոցի շենքում է տեղավորվել, կամ՝ հին-մին, Սովետից մնացած շենքերում»,-ասում է տիկին Արգինան:

Նրա ընտանիքը նույնպես սեփական տուն չունի: Արավուսում Խորհրդային տարիներից գյուղապետարանի կիսակաույց շենք է եղել, մտել են, դուռ, լուսամուտ տեղադրել, տանիք կապել ու արդեն 30 տարի այդ շենքում ապրում են: Ասում է՝ արցախյան առաջին պատերազմին գրադը խփել է շենքի տանիքը վնասել: Սեփական ուժերով վերականգնել են, եւ քանի անգամ դիմել են գյուղապետարան, որ տունը սեփականացնի, բայց գործը տեղից չի շարժվում:

Նրա խոսքով, սեփականություն չունենալու պատճառով գազ էլ չեն կարողանում քաշել, կենցաղային պայմանները բարելավել. «Ջահել հարս ունեմ, մի բաղնիք չենք կարողանում սարքել, վաղը մյուս օրն էլ երեխա ենք ունենալու, բա սենց պայմաններում ո՞նց ենք անելու: Կրթված աղջիկ է, Գորիսը թողել՝ Արավուս հարս է եկել: Ես իրա տեղը լինեի սենց պայմաններով գյուղ սկի չէի էլ գա»,-մատնացույց անելով հարսին՝ Լաուրային, ասում է տիկին Արգինան: Լաուրան դասավանդում է Արավուսի 4-ամյա դպրոցում:

Հայաստան համահայկական հիմնադրամը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերին, որպես սոցիալական աջակցություն, բոլոր բնակիչներին արեւային ջրատաքացուցիչներ է տրամադրել, բայց արավուսցիներն այն չեն կարողանում օգտագործել՝ ջրի բացակայության պատճառով:

«Մեկ էլ տեսնում ենք ջրատաքացուցիչից ծուխ է դուրս գալիս, դու մի ասա ջուրը եռում է: Վախենում ենք թե օգտագործենք, որ չփչանա»,-ասում է տիկին Արգինան ու նշում՝ նախ՝ ջրի խնդիրը պիտի լուծեն: Ասում է՝ սահմանամերձ համայնքներին տրամադրվող արտոնություններից էլ չեն կարողանում ինչպես հարկն է օգտվել. Գազ չունեն, որ գոնե զեղչով վճարեն ու այլ վառելիքի անտեղի փող չտան, ջուր ու հող էլ չունեն, որոնց համար նույնպես արտոնություններ են սահմանված:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28