Արդեն տևական ժամանակ է ինչ օրվա քաղաքական իշխանությունը հանցավոր հետևողականությամբ զավթում է դատական իշխանությունը՝ ձգտելով երկրում վերջնականապես հաստատել մեկ անձի իշխանություն:
Առերևույթ բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարմանը զուգընթաց, վերջինս նաև անողոք է իրավունքի գերակայությամբ առաջնորդվող և արդար դատաքննություն իրականացնող դատավորների նկատմամբ:
Իրավական պետությունը ոչնչացնող պետական ահաբեկման այս մթնոլորտում լռություն է տիրում մարդու իրավունքների պաշտպանության տեղական և միջազգային կազմակերպություններում: Սա այն դեպքում, նման դեպքերը պետք է դառնան տեղական և միջազգային լայն քննարկումների առարկա:
Այս վիճակը սպառնում է Հայոց պետականությանը: Այն անթույլատրելի է:
Կարդացեք նաև
Ելնելով նշվածից ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը՝
- Դատապարտում է օրվա իշխանությունների պետականաքանդ այս վարքագիծը:
- Պահանջում է Հայաստանի իրավապահ մարմիններից զերծ մնալ հակաօրինական, իշխանության ապօրինի պատվերներով գործողություններ կատարելուց:
- Կոչ է անում հայաստանյան քաղաքացիական հասարակությանը և երկրի ապագայով մտահոգված մեր հայրենակիցներին՝ համախմբվել և ընդդիմանալ Սահմանադրությունը ոտնահարող գործողություններին:
- Ժողովրդավարությամբ և իրավունքի գերակայությամբ մտահոգ միջազգային հանրության ուշադրություն է հրավիրում օրվա քաղաքական իշխանությունների հակաիրավական այս վարքագծի վրա:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին