«Նիկոլապաշտությունն ինչո՞ւ եք շփոթում հայրենասիրության եւ հայրենապաշտության հետ։ Ինչի՞ տակ ստորագրեր Հայկը, որ մենք գերիներ չունե՞նք, որ մեր մոտ ժողովրդավարությո՞ւն է»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր դիմելով ԵԽԽՎ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի՝ ՀՀ-ին վերաբերող փաստաթղթին դեմ քվեարկելը քննադատողներին՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ» Մարգարիտ Եսայանը։ «Հայկը պրոֆեսիոնալ է աշխատում ԵԽԽՎ-ի հետ։ Ուսապարկային հարձակումներին պետք չի ուշադրություն դարձնել։ Հայկը շատ ճիշտ է արել։ Նրան որոշները փորձեցին խելք սովորեցնել։ Լուրջ եք ասո՞ւմ»,-հարցադրում արեց Մարգարիտ Եսայանը։
Խնդրեցինք մեկնաբանել այն փաստը, որ նշյալ փաստաթղթում որպես ՀՀ-ում քաղաքական ճգնաժամի հաղթահարման փաստ է ներկայացվում այն, որ ընտրություններից հետո ընդդիմությունը վերցրել է մանդատները, ընդունել ընտրությունների արդյունքները։ «Այո, ընդդիմությունը վերցրել է մանդատները, ընդունել արդյունքները եւ գնացել խորհրդարան։ Որ գնացել է, ուրեմն պետք է սուս ու փուս նստի՞։ Երբ ասում են, թե քաղաքական ճգնաժամը լուծված է, կներեք, պատասխան չեմ գտնի։ Այո, ընդդիմությունը գնացել է ԱԺ, բայց չի գնացել ասելու՝ պապայի արեւ, ինչ որ ասի Նիկոլը՝ կողքն ենք։ Հակառակը։ Ընդդիմությունը խորհրդարան է գնացել ասելու, որ ՀՀ-ում իշխանությունը զավթված է թրքահպատակների կողմից։ Եթե մեր եվրոպացի գործընկերներին թվում է, թե ընդդիմությունը մանդատները վերցրել է հորթի պես նստելու համար, ապա սխալվում են։ ՀԱԿ-ն էլ է ժամանակին մանդատ վերցրել եւ ԵԽԽՎ-ում ելույթներ ունեցել»,-պատասխանեց Մարգարիտ Եսայանը։
Հիշեցրինք ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պնդումը, որ մանդատների բաշխմանը պետք էր մասնակցել, սակայն խորհրդարանի աշխատանքը՝ բոյկոտել, որովհետեւ Վրաստանի օրինակով ԵԽԽՎ-ն փաստել է, որ վերջինիս պատգամավորներն ընտրություններից հետո բոյկոտել են ԱԺ-ի աշխատանքը, եւ քաղաքական ճգնաժամը պահպանվում է։ Մարգարիտ Եսայանն այսպես արձագանքեց․ «Նախ, Վրաստանն այլ շահերի դաշտում է ԵԽԽՎ-ի համար։ Երկրորդ, տիկին Զոհրաբյանին անձամբ չեմ պատասխանի, նա իմ գործընկերուհին է, ճիշտ չի լինի անձին պատասխանելը։ Բայց կպատասխանեմ նախկին ընդդիմությանը՝ ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին։ Բա այն ժամանակ, երբ մենք նոյեմբերի իննից հետո դրսում սառում էինք, պահանջում էինք հրաժարական, ինչո՞ւ մանդատները չէիք դնում ու գալիս մեզ միանայիք։ Լա՞վ էր, տա՞ք էր․․․Ես իրավունք ունեմ դա ասելու, որովհետեւ երբ ժողովուրդն ուզեց՝ ես իշխանությունը թողեցի ու գնացի։ Բա նախկին խորհրդարանական ընդդիմությունն ինչո՞ւ մանդատները չէր թողնում եւ գալիս մեզ միանում։ Ուստի խորհուրդ տալուց առաջ մարդն ինքը պետք է նայի, թե ինչ է արել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ