Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարված հարաբերություններն ու հնարավոր ռազմական գործողությունները, Արեւմուտքի՝ ՌԴ-ի նկատմամբ հնարավոր նոր պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա բացասական ազդեցություն կունենան։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Ամենաանցանկալի բանը, որ այս տարի կարող է տեղի ունենալ, աշխարհաքաղաքական դեպքերի ոչ բարենպաստ զարգացումն է։ Այսինքն՝ պատերազմական սցենար, Արեւմուտքի՝ որոշակի սանկցիաների կիրառումը, բնականաբար, ազդեցության չափն ու մակարդակը մեր տնտեսության վրա կախված կլինի նրանից, թե ինչ տիպի սանկցիաներ են կիրառվելու Ռուսաստանի նկատմամբ։ Եթե դա սահմանափակվի միայն անհատների մակարդակով, դա մի պատմություն է, եթե պատժամիջոցներ սահմանվեն ֆինանսական հատվածի նկատմամբ, ապա, բնականաբար, ՌԴ-ում ազգային արժույթի արժեզրկում տեղի կունենա, որի արդյունքում մեր մրցունակությունը կկորցնենք ՌԴ տնտեսության հանդեպ։ Սա դեռ ամենաթեթեւն է։ Ֆինանսական հատվածից եկող ռիսկերն շատ ավելի մեծ են, որովհետեւ մեր հարաբերությունները սպասարկվում են ռուսական բանկերի միջոցով»,-ասաց Մարտին Գալստյանը։
Հնարավոր պատժամիջոցներից մեկի՝ «SWIFT» համակարգից Ռուսաստանին հեռացնելը, Հայաստանի բանկային համակարգի եւ ընդհանուր տնտեսության վրա, ըստ ԿԲ նախագահի, ծանր կանդրադառնա։
Մարտին Գալստյանն անդրադառնալով ՀՀ բանկային համակարգի խնդիրներին, ասաց, որ այն հաճախորդները, որոնք 2020-ին չէին կարողանում կատարել իրենց վարկային պարտավորությունները, հետաձգում էին վճարումները, 2021-ին այդ հաճախորդների մի մասը վերադարձել է բնականոն հուն ու սկսել է վճարումներ կատարել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ