«Առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններին ՔՊ խմբակցության պատգամավորները կառաջադրեն Վահագն Խաչատրյանի թեկնածությունը»,- լրագրողների հետ զրույցում արդեն պաշտոնապես հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նա ասաց, որ «դեմ» արտահայտվողներ չեն եղել, խմբակցությունը միաձայն է նրա թեկնածության հարցում, որովհետեւ Խաչատրյանը Հայաստանի մասին ունեցած իր տեսլականով, իր քաղաքական խոհեմությամբ համապատասխանում է այդ պաշտոնին, հետեւաբար միասնական դիրքորոշում ունեն:
«Ես վստահ եմ, որ պարոն Խաչատրյանը նախագահի կարգավիճակում կկարողանա ունենալ համախմբող եւ հաշտեցնող դերակատարում տարբեր իրավիճակներում ու կկատարի Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Շատ գովելի կլինի, որ ընդդիմությունը եւս պաշտպանի իշխանության կողմից առաջադրված թեկնածուին: Դա նաեւ շատ լավ հնարավորություն է տեսնելու, որ այն հայտարարությունները, որ հնչում են տարբեր ընդդիմադիրների կողմից, որ իրենք նպատակ ունեն գործեն հանուն Հայաստանի զարգացման, կայունության, սա շատ լավ սիմվոլիկ նշանակություն կունենա: Հույս եմ հայտնում, որ ընդդիմությունը եւս կպաշտպանի ՔՊ պատգամավորների կողմից պարոն Խաչատրյանի առաջադրումն ու կմիանա այդ առաջադրմանն ու ընտրությանը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դա բարի ցանկություն է եւ կո՞չ, բանակցություններ չե՞ն լինելու՝ նա պատասխանեց, որ որպես մեկնարկ` ամեն ինչում ամենակարեւորը բարի ցանկությունն է: Եթե այդ բարի ցանկությունը ստանա պատասխան, ապա իրենք պատրաստակամություն են հայտնում կառուցողական աշխատել ընդդիմության հետ ԱԺ-ում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ