Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանով ենք տարբերվում, որ մեր պատգամավորները չեն սպառնում որեւիցե մեկին գլխատել կամ բռնաբարել». Ալեն Սիմոնյան

Փետրվար 01,2022 18:01

Այսօր ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի պարտականությունները ստանձնած Ալեն Սիմոնյանին լրագրողները հարցրեցին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ձեր հետ պատվիրակությամբ ԱՄՆ մեկնելու հետ կապված ասում էր, որ վերջին պահին եք իրեն տեղեկացրել, որ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը չի մասնակցելու, այդպե՞ս է եղել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մենք 7-8 շատ կարեւոր հանդիպումներ ենք ունեցել։ Եթե Վանեցյանը անձամբ ուզում էր Նենսի Փելոսիին տեսնել, դա ուրիշ խոսակցություն է, բայց եթե դա քաղաքական գործչի գործունեություն է՝ այլ հարց է: Իրականությունն այն է, որ COVID-ի պատճառով պատվիրակության կազմը կրճատվել է: Որեւէ դիտավորություն չի եղել»:

Դիտարկմանը, որ կարեւոր գործընթացներից ընդդիմությանն ուզում եք մեկուսացնել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ընդդիմությունն է իրեն մեկուսացրել: Ես բոլոր հրավերների ժամանակ, նույնիսկ այն հրավերների ժամանակ, երբ պարտավոր չեմ անել դա՝ ես անում եմ: Հաճախ լինում է, որ ես ինքս զանգահարում եմ ընդդիմադիր պատգամավորներին, որը չպետք է անեմ, առաջարկում եմ, իրենք ոգեւորվում են, հետո զանգում են, ասում են՝ մեզ խմբակցությունից թույլ չտվեցին»:

Նա անդրադարձավ նաեւ ԵԽԽՎ-ում Հայկ Մամիջանյանի քվեարկությանը: «Ինչ է, այնտեղ բանաձեւի մեջ գրված էր, թե Փաշինյանը առաջընթաց է գրանցել, ինչ անում է՝ ճի՞շտ է անում»: Նա ասաց, որ երբ դրսում են լինում, պետք է միասնական դիրքորոշում ձեւավորեն, ԵԽԽՎ այդ բանաձեւը կարեւոր է մեր անվտանգության համար. «Երբ ֆիքսում են, որ Հայաստանը ժողովրդավարության առումով առաջընթաց է գրանցել, դա ֆիքսում է մեր պետականությունը, մեր անվտանգությունը, հետագա մեր բանակցային արժեքը բարձրացնում է, ո՞նց կարելի է դրան դեմ քվեարկել: Ես դա չեմ ընդունում ու չեմ հասկանում ու նախկինում նման դեպք չի եղել»:

Aravot.am-ի հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ Շավարշ Քոչարյանը, Արտաշես Գեղամյանը ԵԽԽՎ-ում դեմ էին քվեարկել, այստեղ նրանց Ադրբեջանի գործակալ էին ասում, դավաճան, Սերժ Սարգսյանի օրոք Զարուհի Փոստանջյանին էին դավաճան ասում, որը Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ-ում հարց էր տվել, հիմա էլ Մամիջանյանի դեպքն է, բա ինչո՞վ են այսօրվա ժողովրդավարական իշխանությունները տարբերվում նախկին հակաժողովրդավարական իշխանություններից՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նրանով է տարբերվում, որ մեր պատգամավորները չեն սպառնում որեւիցե մեկին գլխատել կամ բռնաբարել: Նրանով է տարբերվում, որ մենք չենք պատրաստվում որեւէ ձեւով փոփոխություն կատարել այդ պատվիրակության մեջ: Բացասական գնահատականները հնչում են հանրության կողմից եւ քաղաքական մակարդակով: Դրա կարիքը չկար, չէ՞, որ գնային Հայկ Մամիջանյանին դիմավորեն օդանավակայանում, որ հանկարծ որեւիցե մեկը նրա վրա չհարձակվի: Չկա, չէ՞, դրա կարիքը, այ շատ մեծ տարբերություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28