Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեվերջին գնաճը կկազմի 5-5,5%՝ հաշվի առնելով նաեւ էլեկտրաէներգիայի եւ ջրի թանկացումը

Փետրվար 01,2022 17:41

Հայաստանում համավարակի ալիքը տարածվում է արագ տեմպերով, սակայն դրա ազդեցությունը տնտեսության վրա գնահատվում է ավելի մեղմ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ անցյալ տարեվերջին շինարարության եւ արդյունաբերության ճյուղերում արձանագրվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն։

Ըստ Մարտին Գալստյանի, 12 ամսյա գնաճը կնվազի եւ կմոտենա թիրախային 4% տոկոսին։

Անցյալ տարի սննդամթերքի գնաճը կազմել է 11,5% , իսկ օրինակ պետական հատվածի աշխատավարձը 5.2% է աճել, որքանո՞վ է արդյունավետ ԿԲ գործունեությունը հատկապես սննդամթերքի գները զսպելու ուղղությամբ, լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Մարտին Գալստյանն ասաց․ «Գնաճի երկու աղբյուր կա՝ արտաքին շուկաներից եկող գնաճն, որը համաշխարհային ֆենոմեն է։ Օրինակ՝ այս պահին գնաճը 7,7% է, ԱՄՆ-ում տարին ավարտել են 7% գնաճով, Ռուսաստանում էլ գնաճը բարձր է, Վրաստանում գնաճի երկնիշ թվեր են։ Գնաճի երկրորդ աղբյուրը մեր սեզոնային որոշ ապրանքների թանկացումն է, որոնց որոշակի վերադարձը բնականոնին մոտ մակարդակին նպաստեց, որ տարեվերջին գնաճը 9,6%-ից իջավ ոչ թե մեր կանխատեսած 8,4%-ի, այլ՝ ավելի ներքեւ։ Ակնկալել, որ այս տարվա ընթացքում սննդամթերքի գնաճը կկրկնի անցյալ տարվա վարքագիծը, կարծում եմ մեր բազային սցենարով այդպես չէ։ Մենք ակնկալում ենք, որ սննդամթերքի գները ավելի նվազ տեմպերով են աճելու»։

Էլեկտրաէներգիայի, ջրի սակագների բարձրացումն ու շուտով գազի թանկացումն ի՞նչ ազդեցություն կունենան հատկապես սննդամթերքի սակագների վրա, այս հարցին ի պատասխան էլ Մարտին Գալստյանն ասաց, որ արդեն հաշվարկել են ջրի եւ էլեկտրաէներգիայի գների փոփոխության արդյունքում ակնկալվող գնաճը․ «Այն տարեկան կտրվածքով կկազմի 0.6%։ Կա նաեւ երկրորդային էֆեկտների ազդեցություն՝ էլեկտրաէներգիայի հետ կապված։ Իսկ ընդհանուր քանի որ գազի սակագնի փոփոխությունը մի քիչ անորոշ է, թե ինչ տեղի կունենա, ենթադրությունների սցենարային վերլուծության արդյունքում ընդհանուր գնաճը, որը վերաբերում է կարգավորվող գներին, մենք գնահատում ենք տարեկան կավելանա 1-1.5%»։ Այսինքն, տարեվերջին ընդհանուր գնաճն, այս պահի կանխատեսումներով, ըստ Գալստյանի, կկազմի 5-5,5%:

Ու չնայած բարձր գնաճին, Մարտին Գալստյանը ԿԲ աշխատանքը՝ գների զսպման, դրական է գնահատում։ «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե մենք անցած տարվա ընթացքում գործողություններ չիրականացնեինք, եւ դրանք ավելի շուտ չսկսեինք, քան մնացած բոլոր երկրներում, մեր գնաճը կլիներ սննդամթերքի համար ոչ թե 11%, այլ ընդհանուր գնաճը կլիներ 15%, որը ենթադրում է, որ սննդամթերքի գնաճը կլիներ 20%-ից ավելի»։

Նշենք, որ այսօր ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%, իսկ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:

 Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28