ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի պարտականությունները ստանձնած Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դիտարկմանը՝ ընդդիմությունն ասում է, որ Վահագն Խաչատրյանը գործադիր մարմնի անդամ է ու ապաքաղաքական լինել չի կարող, ըստ էության, լինելու է ՔՊ-ի շահերը պաշտպանողը՝ պատասխանեց. «Ընդդիմությունը, մենք ում էլ ներկայացնեինք, մի բան ասելու էր: Մենք տեսել ենք ընդդիմության թեկնածուներին: Վազգեն Մանուկյանի թեկնածությունը չենք քննարկել, կարող եմ իրենց հանգստացնել, նաեւ չենք ունեցել թեկնածուներ, որոնք խմում են եւ գալիս են քննարկումների, այդպիսի թեկնածուներ նույնպես չենք ունեցել, ուստի ընդդիմությունն ունի իր թեկնածուներ ընտրելու ձեւը, մենք՝ մեր: Բնական է, մենք ում էլ ընտրեինք, ընդդիմությունն իր պատկերացրած թեկնածուին էր պատկերացնելու եւ չէր համընկնելու, զարմանալու ոչ մի բան չկա»:
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ իրենց ընտրությունը ճիշտ է ու լավ ընտրություն է: Մեր դիտարկմանը՝ Սահմանադրությունն ասում է, որ ՀՀ նախագահը պետք է համազգային, համապետական շահերով առաջնորդվի, բայց քանի որ Վահագն Խաչատրյանը ձեր քաղաքական թիմի անդամ է, ընդդիմությունը կասկածներ ունի՝ կա՛մ նա պիտի ձեր թիմին հավատարիմ չլինի, կա՛մ համազգային շահերով չառաջնորդվի՝ Սիմոնյանը պատասխանեց. «Նաեւ կարծիք կա, որ երկար ժամանակ պարոն Խաչատրյանը հարել է ՀԱԿ-ին, ուստի կարծիքների տարբեր բախումը կարող է տասնյակ լինել ու չեմ կարծում, որ այդ բոլոր կարծիքներին կարող ենք պատասխանել: Թեկնածուի ելույթը կլինի ԱԺ-ում, դուք հնարավորություն կունենաք իրեն հարցեր ուղղել: Ում էլ առաջադրեինք՝ ձեզանից մեկին, մեզանից մեկին, կարեւոր չէ, մեկ է, լինելու են ինչ-որ մարդիկ, որ ասելիք էին ունենալու ու դա նորմալ է»:
Հարցին՝ ձեզ համար ընդունելի՞ է, որ նախագահը ¾-ով չընտրվի՝ նա պատասխանեց, որ իր համար ընդունելի լինելը կարեւոր չի, կարեւորը՝ ՀՀ օրենքով ընդունելի լինի:
Թե ընդդիմության հետ պատրաստվո՞ւմ են բանակցություններ վարել, որ նախագահը առաջին փուլով ընտրվի ու լինի բոլորի նախագահը, ոչ թե միայն մեկ քաղաքական թիմի՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես խնդիր եմ տեսնում այդտեղ: Ընդդիմություն ասելով՝ ես չեմ պատկերացնում, թե մենք օրինակ ում հետ ենք բանակցելու: Խորհրդարանական ընդդիմությունը միատարր չէ, երկրորդ խմբակցության մեջ կան 3-4 ուղղություններ ու չէ, չենք պատրաստվում: Կարծում եմ, որ դրա կարիքը չկա»:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչու իրականում Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ Ալեն Սիմոնյանը կոռեկտ չհամարեց մեկնաբանել՝ ասելով, որ նախագահի պարտականություններն է կատարում ու ի գիտություն է ընտրել Արմեն Սարգսյանի հայտարարությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ