ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի պարտականությունները ստանձնած Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց այն լուրը, որ Վահագն Խաչատրյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջարկել է Խաչատուր Սուքիասյանը. «Նա որեւէ կապ չի ունեցել: Ճիշտ չէ: Պարոն Սուքիասյանը վարչության քննարկումներին չի մասնակցել ու չի կարող մասնակցել, որովհետեւ չի հանդիսանում ՔՊ վարչության անդամ: Առաջին քննարկումը եղել է վարչության ձեւաչափով»:
Նա նշեց, որ 5-6 թեկնածու է եղել, այդ թվում՝ կին, բայց անուններ չհրապարակեց:
Թե ինչու ընտրությունը կանգ առավ Խաչատրյանի վրա՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ երկար քննարկումներից հետո են այդ որոշմանը եկել. «Շատ լավ թեկնածու ենք ընտրել, որն իր անցած ճանապարհով, պարկեշտությամբ շատ համապատասխանում է ու բավականին լավ կիրականացնի այն պարտականությունները, որոնք նախատեսված են»:
Նա մի քիչ փակագծեր բացեց՝ ասելով, որ Վահագն Խաչատրյանի թեկնածությունն առաջարկել են մի քանի հոգի: Իսկ թե ինչու հենց իրեն՝ Ալեն Սիմոնյանին վարչությունը չառաջադրեց՝ նա պատասխանեց. «Իմ թեկնածությունը եղել է, ես ինքս ինքնաբացարկ եմ հայտնել»:
Կարդացեք նաև
Հարցին՝ մամուլում տեղեկություն կա, որ վարչությունում շատերը Արայիկ Հարությունյանի թեկնածությանը դեմ են արտահայտվել՝ Ալեն Սիմոնյանն ի պատասխան ասաց, որ մանրուքների մեջ չի մտնի, եւ Վահագն Խաչատրյանի թեկնածության հետ կապված էլ դեմ եւ կողմ կարծիքներ են հնչել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ